Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Հայաստանը 16 միավորով հետընթաց է ապրել, սա պետք է սառը ցնցուղ լինի իշխանությունների համար. Շուշան Դոյդոյան

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր-նախագահ Շուշան Դոյդոյանը ֆեյսբուքի իր էջում, անդրադառնալով Լրագրողներ առանց սահմանների միջազգային կազմակերպության հրապարակած Մամուլի ազատության 2026թ. ինդեքսին, որտեղ այս տարի Հայաստանը հետընթաց է գրանցել՝ 34-րդ տեղից հայտնվելով 50-րդում, գրել է, որ դա կանխատեսելի էր։

Aravot.am-ի հետ զրույցում Շուշան Դոյդոյանը նշեց, որ նախորդող ժամանակահատվածում տված իր բոլոր հարցազրույցներում կանխատեսել էր, որ հետընթացն անխուսափելի է լինելու. «Դա հատկապես պայմանավորված էր անցյալ տարեվերջին լրատվական, լրագրողական գործունեություն իրականացնող անձանց ձերբակալման փաստով, հատկապես այն հանգամանքով, որ ձերբակալությունն ուղեկցվեց նաեւ խմբագրության գույքի առգրավմամբ։ Ընդ որում, ամբողջ գործընթացն իրականացվեց ոչ միայն լրագրողական ազատությունների, այլեւ մարդու հիմնարար ազատությունների կոպիտ ոտնահարմամբ»։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահի ձեւակերպմամբ. «Թեեւ այս մասին քաղաքացիական հասարակությունը բավականին ակտիվ քննադատությամբ հանդես եկավ, բայց միեւնույն է՝ իշխանությունները որեւէ տեսակի դրական արձագանք չտվեցին, եւ դա միանշանակ պետք է անդրադառնար մամուլի ազատության հայաստանյան ինդեքսի վրա։ Բացի դրանից, այդ ամենի վրա անդրադարձել են ապատեղեկատվության այն հոսքերը, ալիքները, որոնք տեսնում ենք Հայաստանում՝ ինչպես դրսից եկող, այնպես էլ ներսում շրջանառվող։ Ես մշտապես այդ հարցը բարձրացնում եմ, որ խնդիրը ոչ միայն դրսից եկող ապատեղեկատվության հոսքերն են, որոնք մեծ վտանգ են ներկայացնում հանրության համար, այլեւ հենց երկրի ներսում ամենատարբեր քաղաքական նպատակներով բավականին կազմակերպված շրջանառվող ապատեղեկատվության հոսքերը։ Դա եւ բացարձակ քաղաքականացված մամուլ ունենալու հանգամանքը նույնպես իրենց արտացոլումն են գտել մամուլի ազատության 2026թ. ինդեքսում։ Հայաստանը 16 միավոր հետընթաց է ապրել, ինչը թռիչքաձեւ հետընթաց է, ինչը խորհելու, հետեւություններ անելու մեծ տեղ է թողնում՝ առաջնահերթ իշխանությունների եւ քաղհասարակության համար։

Իշխանությունները պետք է սկսեն լսել քաղհասարակության արձագանքները, հաշվի նստեն դրանց հետ եւ կատարեն անհրաժեշտ բարեփոխումներ այս ոլորտում: Օրենսդրության առումով խնդիր չունենք, ինչ նախաձեռնվել է, կարծես թե ականջալուր են եղել, խոսքը գնում է հիմնականում կոպիտ ձերբակալությունների եւ բեւեռացված մամուլի մասին։ Ընդհանրապես, ազատ արտահայտվելու շրջանակի սեղմումը նոր երեւույթ չէ, անցյալ տարի էլ է եղել, սակայն ամենակոպիտը, որ ոչ մի արդարացում չուներ, լրագրողական գործունեություն իրականացնող անձանց ձերբակալության փաստն էր։ Դա աննախադեպ էր Հայաստանի վերջին տարիների համար, ինչը էական ազդեցություն ունեցավ Հայաստանում մամուլի ազատության ինդեքսի վրա»։

Ինչ վերաբերում է ընտրությունների շրջանում մամուլի հետ կապված իր կանխատեսումներին, այս մասին էլ Շուշան Դոյդոյանը նշեց. «Իմ կանխատեսումները բացասական են՝ տեսնելով այն միտումները, որ հիմա են ընթանում Հայաստանում ազատ արտահայտվելու իրավունքի տեսանկյունից, դրանք գնալով էլ ավելի են խորանալու։ Մյուս կողմից, այս ցուցանիշը պետք է սառը ցնցուղի դեր ունենա իրավիճակի վրա, որ գոնե քայլեր ձեռնարկվեն, ու նման բացասական նախադեպերը նախ բացառվեն նախընտրական, ընտրական փուլերում։ Ընդհանուր առմամբ, առաջին անելիքը հենց իշխանություններինն է, դա պետության պոզիտիվ պարտականությունն է՝ ապահովել ազատ արտահայտվելու իրավունքի լիարժեք իրացումը մեր երկրում։ Այսինքն, չպետք է հարց առաջանա, թե ինչու եք ամեն ինչ մեզանից պահանջում, դա հենց իշխանությունների պարտականությունն է, եւ երկրորդ՝ իրենք չդառնան խախտողը ու սկսեն իրավապահ կամ այլ մարմինների կոպիտ միջամտությունների միջոցով ստեղծել բացասական նախադեպեր»։

Հավելենք, որ Լրագրողներ առանց սահմանների միջազգային կազմակերպության գնահատմամբ. «Երկիրը բախվում է ապատեղեկատվության եւ ատելության խոսքի աննախադեպ մակարդակի, ինչը սնուցվում է ներքին քաղաքական լարվածությամբ, սահմանային անվտանգության խնդիրներով եւ Ռուսաստանի ու Եվրոպական միության միջեւ Հայաստանի բարդ դիրքով»։ Ըստ զեկույցի՝ լրագրությունը որպես մասնագիտություն Հայաստանում հաճախ արժեզրկվում է և ենթարկվում ատելության խոսքի. «Լրագրողները հաճախ ճնշումների, վիրավորանքների և բռնության են ենթարկվում ինչպես իշխանության ներկայացուցիչների, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական գործիչների և նրանց աջակիցների կողմից՝ խորհրդարանում, փողոցում և սոցիալական մեդիայում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Skip to content