Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Դիլիջանի երիտասարդները սովորում են՝ ինչպես թվային գործիքներով հաղորդակցվել պետության հետ

Ապրիլի 2-ին «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի «ԴՈւԿՈ» երիտասարդական կենտրոնը հյուրընկալել էր ավելի քան 35 երիտասարդների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ մասնակցելու ԻԱԿ-ի կազմակերպած թվային կառավարման, տեղեկատվության ազատության և քաղաքացիական մասնակցության առցանց գործիքների արդյունավետ կիրառմանը նվիրված աշխատարանին։

Նախաձեռնության նպատակն էր զարգացնել մասնակիցների կարողությունները թվային մասնակցային գործիքների կիրառման, հանրային տեղեկատվության հասանելիության և առցանց քաղաքացիական ներգրավվածության ուղղությամբ, ինչպես նաև բարձրացնել իրազեկվածությունը անձնական տվյալների պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջ՝ խրախուսելով այս գործիքների կիրառումը։

Նախաձեռնության գործընկեր «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արթուր Ղազարյանը, ողջունելով նախաձեռնությունը, ընդգծեց, որ թվային տեխնոլոգիաների զարգացման պայմաններում հանրային գործընթացներին երիտասարդների ակտիվ և գիտակից մասնակցության համար առցանց հարթակներն դարձել են կարևոր գործիքներ, իսկ դրանց անվտանգ և արդյունավետ կիրառման հմտությունները՝ պարզապես անհրաժեշտություն։

Աշխատարանի ընթացքում մասնակիցները ծանոթացան տեղեկատվության ազատության հիմնական սկզբունքներին և դրա գործնական կիրառությանը։ Քննարկվեց, թե ինչ հնարավորություններ են տալիս Հայաստանում գործող թվային հարթակները՝ e-request.am, hartak.am և e-draft.am, և ինչպես կարող են դրանք օգտագործվել պետական մարմինների հետ հաղորդակցվելու և որոշումների կայացման գործընթացներին մասնակցելու համար։

Թեև որոշ մասնակիցներ արդեն ունեին դիմում և հարցում ուղարկելու փորձ, շատերի համար առցանց հարթակները անծանոթ գործիքներ էին։ Աշխատարանը հնարավորություն տվեց ոչ միայն ծանոթանալու դրանց կառուցվածքին և տրամաբանությանը, այլ նաև միասին քննարկելու կիրառման ընթացքում առաջացող հարցերը՝ թե՛ տեխնիկական, թե՛ բովանդակային։

Գործնական հատվածում մասնակիցները փորձարկեցին հարցումների մշակման գործընթացը։ Խմբային աշխատանքի ընթացքում նրանք վերլուծեցին ներկայացված հարցման օրինակը, առանձնացրին դրա թույլ և ուժեղ կողմերը և առաջարկեցին փոփոխություններ, որոնք կարող են օգնել տեղեկատվությունն ավելի արագ և արդյունավետ ստանալ։

Աշխատարանի առանձին հատվածը նվիրված էր անձնական տվյալների պաշտպանությանը։ ԻԱԿ-ի փորձագետ Գևորգ Հայրապետյանը ներկայացրեց ոլորտի հիմնական սկզբունքները, որից հետո մասնակիցների հետ քննարկվեցին կոնկրետ իրավիճակներ, որոնք ցույց էին տալիս, թե որտեղ և ինչպես կարող են անձնական տվյալները դառնալ խոցելի։ Քննարկումները ներառում էին նաև առօրյա օրինակներ՝ կապված պաշտոնական հարթակներում տվյալների տրամադրման, կրթական միջավայրում տեսանկարահանման, սոցիալական ցանցերում բովանդակության տարածման և առցանց խարդախությունների ռիսկերի հետ։

«Աշխատարանը շատ հետաքրքիր էր, ինձ համար հատկապես նորություն էր e-request հարթակը, քանի որ մինչ այդ չէի էլ պատկերացնում, որ նման գործիք գոյություն ունի։  Բոլոր հարթակներն էլ կարծում եմ ինձ շատ կօգնեն հատկապես հետազոտական աշխատանք կատարելիս, որովհետև պետական կայքերում հաճախ տեղեկություն գտնելը բարդ է»,- նշում է աշխատարանի մասնակից Անետ Բաբայանը։

Աշխատարանի մասնակիցներին տրամադրվեցին նաև ԻԱԿ-ի կողմից մշակված ուղեցույցներ, որոնք պարզ և հասանելի ներկայացնում են թվային հարթակների կիրառման հնարավորությունները և դրանց անվտանգ օգտագործման հիմնական սկզբունքները։

Ծրագրի շրջանակում մարտ ամսին նմանօրինակ աշխատարան էր կազմակերպվել նաև Սևան համայնքում։ Թե՛ Սևանի, թե՛ Դիլիջանի երիտասարդները հանդիպումներից առաջ և հետո լրացրել են գիտելիքի գնահատման հարցաշարեր, որոնց արդյունքների ամփոփումը ցույց է տալիս քննարկված թեմաների վերաբերյալ գիտելիքի և կարողությունների զգալի աճ։

Միաժամանակ մասնակիցներն իրենք ևս գնահատել են իրենց առաջընթացը․ բոլոր մասնակիցները նշել են, որ դասընթացի ընթացքում բարելավել են իրենց գիտելիքն ու հմտությունները, իսկ շուրջ 60%-ը այդ բարելավումը գնահատել է որպես զգալի։

Միջոցառումն իրականացվել է «Թվային ժողովրդավարությունը գործողության մեջ» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը «Ինտերնետ Հանրություն» ՀԿ-ի հետ համատեղ՝ Գերմանական միջազգային համագործակցության (GIZ) ֆինանսավորմամբ՝ «Թվային ժողովրդավարություն բոլորի համար» նախաձեռնության ներքո։

Skip to content