Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2009 թ.-ի սեպտեմբերի 9-ին դիմել էր ՀՀ սահմանադրական դատարան` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 151 եւ 152 հոդվածները հակասահմանադրական ճանաչելու պահանջով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 151 հոդվածը, այնքանով, որքանով առանց բացառության սահմանում է, որ «Վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերը հարուցվում են օրենքով վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ կազմելու լիազորություն ունեցող մարմինների եւ պաշտոնատար անձանց հայցադիմումների հիման վրա» եւ հնարավորություն չի տալիս ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 223 հոդվածում թվարկված իրավախախտումներ կատարած պաշտոնատար անձանց, այդ թվում 189.7 հոդվածով նախատեսված իրավախախտում կատարած պաշտոնատար անձին վարչական պատասխանատվության ենթարկելու գործ հարուցել տուժողի հայցադիմումի հիման վրա, ճանաչել ՀՀ Սահմանադրության 18 եւ 19 հոդվածներին հակասող եւ այդ մասով անվավեր:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152 հոդվածը, այնքանով, որքանով վարչական պատասխանատվության ենթարկելու մասին հայցադիմումին ներկայացվող պահանջների ցանկում առանց բացառության բոլոր իրավախախտումների, այդ թվում ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 223 հոդվածում թվարկված իրավախախտումների, մասնավորապես` 189.7 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման համար սահմանված է արձանագրության կազմման վերաբերյալ տեղեկություններ նշելու եւ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կցելու պայման, ճանաչել ՀՀ Սահմանադրության 18 եւ 19 հոդվածներին հակասող եւ այդ մասերով անվավեր:
Նշենք նաեւ, որ դատական պրակտիկայում նշված հարցի վերաբերյալ առկա է իրարամերժ մոտեցում, մասնավորապես, վարչական դատարանի մի կազմը «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի հայցերը` վարչական պատասխանատվության ենթարկելու մասով վարույթ չէր ընդունում, մյուս կազմը` վարույթ էր ընդունում, արձանագրելով, որ նման գործով արձանագրություն կազմող մարմին առկա չէ:
2010 թ.-ի փետրվարի 5-ին ՀՀ Սահմանադրական դատարանում քննվեց ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 151 եւ 152 հոդվածները ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչելու վերաբերյալ ԻԱԿ-ի դիմումը: Հենց նույն օրն էլ Սահմանադրական դատարանը հրապարակեց իր որոշումը:
Սահամանադրական դատարանը որոշեց, որ ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 151 եւ 152 հոդվածները Սահմանադրությանը չեն հակասում: Սահմանադրական դատարանը արձանագրեց, որ խնդիրը կայանում է այս ոլորտում օրենսդրական բացի առկայության մեջ: Անհրաժեշտ է, որպեսզի իրավասու մարմինը, այսինքն` ՀՀ Ազգային ժողովը, համապատասխան նախաձեռնություն իրականացնի` ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում բարեփոխումներ կատարելու եւ վարչական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտի օրենսդրական բացը լրացնելու համար:
Վերջում ՀՀ Սահմանադրակյան դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց ԻԱԿ-ին նման կարեւոր խնդրին անդրադառնալու համար: