Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2023 թ․ դեկտեմբերի 4-ին տեղեկություն տրամադրելու պարտավորեցման պահանջով դիմել է դատարան՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության։
ԻԱԿ-ը 2023 թվականի օգոստոսի 23-ին տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ խնդրելով տեղեկություններ Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ տեղի ունեցած՝ կուսակցության դրամահավաք-երեկոյի ընթացքում գումար հանգանակած նվիրատուների ցանկը, ինչպես նաև նույն դրամահավաք-երեկոյի ընթացքում կուսակցությանը հանգանակած և «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանաչափը գերազանցող նվիրատվությունների գումարի վերադարձման մասին տեղեկություններ:
Կուսակցությունը չի պատասխանել ԻԱԿ-ի կողմից ներկայացված առաջին հարցմանը, անպատասխան է թողել նաև 2023 թ․-ի սեպտեմբերի 11-ին ուղղարկված տեղեկություն ստանալու կրկնակի հարցումը՝ արդյունքում խախտվել է ԻԱԿ-ի՝ տեղեկություն ստանալու իրավունքը։
Հիշեցնենք. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի ուժով ֆինանսավորում է ստանում պետական բյուջեից։ Կուսակցությունը «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածի ուժով պարտավոր է ապահովել իր գործունեության թափանցիկության, հրապարակայնության և հաշվետվողականության սկզբունքները։
Տեղեկացնենք, որ ԻԱԿ-ի հարցման առիթ դարձել է «Ինֆորմացիոն կոմիտե» տեղեկատվական հասարակական կազմակերպության «infocom.am» լրատվական կայքի դիմումը։ Ինֆոքոմի լրագրողը 2023 թ․-ի օգոստոսի 9-ին տեղեկություն ստանալու հարցմամբ դիմել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ խնդրելով տեղեկություններ Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ տեղի ունեցած՝ կուսակցության դրամահավաք-երեկոյի ընթացքում գումար հանգանակած նվիրատուների ցանկը, ինչպես նաև նույն դրամահավաք-երեկոյի ընթացքում կուսակցությանը հանգանակած և «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի» 24-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանաչափը գերազանցող նվիրատվությունների գումարի վերադարձման մասին տեղեկություններ:
2023 թ․-ի օգոստոսի 15-ին Ինֆոքոմի լրագրողը ստացել է միջանկյալ պատասխան հարցմանը պատասխանելու ժամկետի երկարաձգման մասին. կուսակցությունը նշել է, որ իրենց աշխատակազմը ծանրաբեռնված է Երևանի ավագանու՝ սպասվող ընտրությունների կազմակերպչական խնդիրներով և որ լրագրողի հարցմանը կփորձեն պատասխանել հնարավորինս սեղմ ժամկետում։
Ինֆոքոմի լրագրողը լրացուցիչ գրությամբ, վկայակոչելով ՏԱ մասին օրենքի դրույթները, նշել է, որ Երևանի ավագանու սպասվող ընտրությունների կազմակերպչական խնդիրներով ծանրաբեռնված լինելը օբյեկտիվ հիմք չէ հարցման պատասխանը անորոշ ժամկետով հետաձգելու համար և խնդրել է հարցման պատասխանի հետաձգման պատճառների և տեղեկության տրամադրման վերջնաժամկետի մասին տեղեկացնել՝ ըստ օրենքի պահանջի:
Լրագրողը, կուսակցությունից որևէ այլ պաշտոնական պատասխան, այդ թվում՝ պահանջվող տեղեկությունները չստանալով՝ դիմել էր Ինֆորմացիայի ազատության կենտրոն՝ խնդրելով աջակցել տեղեկություն ստանալու հարցում։
Դատական գործը մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Կիմա Արզումանյանին։
2023 թ․-ի դեկտեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը որոշել է հայցը ընդունել վարույթ. դատական գործ N: ԵԴ2/41477/02/23։ Գործի հղումը ԴատաԼեքս դատական տեղեկատվական համակարգում։
2023 թվականի հունվարի 8-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջարկով կողմերի միջև կնքվել է հաշտության համաձայնագիր, որի համաձայն կուսակցությունը պարտավորվել է տրամադրել հայցադիմումով պահանջվող տեղեկությունը և փոխհատուցել ԻԱԿ-ի կողմից «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված չափով վճարված պետական տուրքը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2023 թվականի հունվարի 12-ին ԻԱԿ-ին է փոխանցել պահանջվող տեղեկությունը։ Հարցման պատասխանին կարելի է ծանոթանալ այստեղ։
Դատարանը, քննարկելով կողմերի միջև կնքված հաշտության համաձայանությունը և գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները՝ վճռել է հաստատել կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը, դատական ծախսերի հարցը համարել լուծված, իսկ գործի վարույթը կարճել՝ կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը հաստատելու հիմքով։
Դատարանի վճիռը հրապարակվել է 2024 թվականի hունվարի 16-ին։
ՔՊ-ի տրամադրած նվիրատուների ցանկը
«Ազատություն» ռադիոկայանի անդրադարձը թեմային․ Ազատություն․ ՔՊ դրամահավաքին առնչվող բացահայտումից մոտ 10 օր անց քրեական գործ չի հարուցվել