«Յուրաքանչյուր ոք կարող է իմանալ, թե մեր համայնքի ավագանու ամեն մի անդամն այս կամ այն հարցը քվեարկելիս ինչ շահով է առաջնորդվել` անձնակա՞ն, թե՞ հասարակական», – ասաց Չարենցավանի քաղաքապետարանի աշխատակից Գրիշա խաչատրյանը սեպտեմբերի 4-ին Հրազդանում ԱռԹիԱյ կազմակերպության հետ համատեղ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կազմակերպած աշխատանքային քննարկման ժամանակ: Կոտայքի մարզպետարանի, մարզի քաղաքային եւ գյուղական համայնքների 45 պաշտոնյաների մասնակցությամբ «Ինչպե՞ս կիրառել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը» թեմայով քննարկման ընթացքում Գ. Խաչատրյանը տեղեկացրեց, որ դա հնարավոր է դարձել քաղաքապետարանի ինտերնետային կայքի շնորհիվ, որը նախապես տեղեկացնում է ոչ միայն ավագանու նիստերի անցկացման վայրի եւ ժամկետների, այլեւ նիստերից անմիջապես հետո քվեարկության մանրամասն արդյունքների (այսինքն, թե որ պաշտոնյան ինչպես է քվեարկել) մասին: Հանդիպման ընթացքում մարզպետարանի աշխատակիցներից մեկը, իմանալով, որ ԻԱ կենտրոնը նմանատիպ աշխատանքային քննարկումներ անցկացնում է Հայաստանի բոլոր մարզերում, առաջարկեց կազմել քաղաքային եւ գյուղական համայնքների համար առանձին-առանձին վերլուծություններ, թե ինֆորմացիայի մատչելիությունն ինչքանով է ազդել տնտեսության զարգացման վրա: ԻԱ կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը սիրով ընդունեց առաջարկությունը եւ խոստացավ մոտ ապագայում այն կյանքի կոչել: Մարզպետի խորհրդական Կարեն Մարգարյանն էլ քննարկման ընթացքում պաշտոնյաների ցուցաբերած պասիվությունը բացատրեց հետեւյալ կերպ. «Խնդիրն ավելի շատ ոչ այնքան օրենքների չիմացության, այլ նման հանդիպումների սակավության մեջ է, ինչը մեկ անգամ եւս հավաստում է նման քննարկումների անհրաժեշտությունը եւ կարեւորությունը», – ընդգծեց նա: