Հայաստանի համայնքներում տեղեկատվության ազատության ապահովմանն առնչվող հարցերը քննարկելու նպատակով Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի շրջանակում նախաձեռնել էր աշխատանքային քննարկումների շարք մարզային լրագրողների և ՏԻՄ ներկայացուցչների հետ: Հոկտեմբերի 23-ին ԻԱԿ-ի թիմը Վանաձորում էր, իսկ 25-ին՝ Գորիսում։
ԻԱԿ-ի կազմակերպած շատ հանդիպումների ժամանակ ինչպես պետական կառավաման, տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ լրագրողական համայնքի ներկայացուցիչները բարձրաձայնում էին համատեղ հանդիպումների կարևորության մասին։ Հաշվի առնելով ոլորտի դերակատարների կարիքները՝ ԻԱԿ-ը մարզային հանդիպումների շրջանակում մի հարկի տակ էր հավաքել թե մարզային լրագրողերին, և թե համայնքապետարանների այն աշխատակիցներին, որոնք համայնքի տնօրինության տակ եղած տեղեկությունները դասակարգելու, հրապարակելու և լրագրողների հետ աշխատելու անմիջակա լիազորություն ունեն։
Նախաձեռնության նպատակն էր զարգացնել ՏԻՄ ներկայացուցիչների և լրագրողների ոլորտային կարողությունները, ներկայացնել ՏԱ հիմնական խնդիրներն ու միասին քննարկել դրանց լուծման իրավական և պրակտիկ հնարավորությունները։ Մասնակիցների շրջանակն ու ընտրված օրակարգը հնարավորութուն էին տալիս անդրադառնալ համայնքապետարանների կողմից ՏԱ ոլորտոմ կիրառվող պրակտիկայի հիմնական առանձահատկություններին, դիտարկել դրանք ինչպես լրագրողական առաքելության, այնպես էլ համայնքային ծառայողների պարտավոությունների համատեքստում։
«Հանդիպման այս ձևաչափը թույլ է տալիս և՛ սովորել, և՛ քննարկել։ Մենք անդրադառնում ենք ընդհանուր երկրում առկա հիմնական խնդիրներին և պրակտիկային, միաժամանակ սակայն հենց մասնակիցների փորձառության միջոցով հստակեցում ենք, թե դրանք ինչ կոնկրետ դրսևորում ունեն համայնքներում, դուրս ենք բերում ընդհանրություններն ու առանձնահատկությունները։ Կոնկրետ դեպքերի միջոցով հասկանում ենք` առկա խնդիրները որքանով են իրավական նորմերի խախտման, և որքանով՝ իրավական կարգավորման բացակայության հետևանք»,- բացատրում է ԻԱԿ փորձագետ Գևորգ Հայրապետյանը։
Հանդիպումների առաջին հատվածում մասնակիցներին ներկայացվեց այս տարվա ապրիլին իրականացրած «Լրագրողների տեղեկություն ստանալու իրավունքը-2024» հետազոտության արդյունքները։ Լրագրողներն ու ՏԻՄ ներկայացուցիչները քննարկեցին, թե արձանագրված խնդիրները որքանով են տիպիկ մարզային մակարդակում առկա պրակտիկային։ Մասնակիցները նաև ներկայացնում էին խնդիրների լուծման իրենց տարբերակները՝ հաշվի առնելով լրագրողների և ՏԻՄ ներկայացուցիչների կարիքներն ու մասնագիտական գործառույթները։
Մասնակիցները հատկապես կարևորեցին այն հանգամանքը, որ կոնկրետ հարցերի վերաբերյալ տեղում փորձագիտական պատասխան ստանալու և ստացված արձագանքը երկու կողմից դիտարկելու և քննարկելու հնարավորություն կա։
Մարզային լրագրողները ներկայացրին տեղեկություն ստանալու իրենց փորձառությունը՝ նշելով, որ հիմնականում բանավոր զանգերով են տեղեկությունները ճշտում, քանի որ մարզերում գրեթե բոլորն իրար անձնապես ծանոթ են:
«Շատ կարևոր է նման հանդիպումներ հաճախ ունենալ՝ երկկողմ խնդիրները ներկայացնելու և փորձագետների հետ համատեղ լուծումներ գտնելու տեսանկյունից: Մարզում լրագրողներն ու ՏԻՄ ներկայացուցիչերն իրար, որպես կանոն, լավ գիտեն, մենք պարբերաբար իրար հետ ուղիղ երկխոսելու առիթ ենք ունենում, ու շատ կարևոր է, որ այդ երկխոսությանը ներկա է նաև փորձագիտական համայնքը, որը ներկայացնում է հարցի իրավական մասը, տալիս կոնկրետ պրակտիկ խորհուրդներ՝ հաշվի առնելով առկա իրավիճակն ու ռեսուրսները»,- նշում է «ՄԻԳ» հեռուստառադիոընկերության ներկայացուցիչ Ռոբերտ Բալայանը և հավելում,- ցանկալի կլիներ, որ այսպիսի առերես քննարկման հնարավորություն լինի նաև համայնքի ղեկավարների հետ, քանի որ շատ հարցերում ի վերջո որոշում կայացնում են հենց նրանք և ոչ թե ՏԱ պատասխանատուները»։
Համայնքի ղեկավարությանը ներգրավվելու անհրաժեշտության մասին նշեցին նաև ՏԻՄ ներկայացուցիները։ «Յուրաքանչյուր նման հանդիպումից հետո ես հավաստիանում եմ, որ նման աշխատանքային քննարկումներ պետք է պարբերաբար կազմակերպել: Շատ օգտակար է այս քննարկումը, երբ լսում ենք լրագրողներին, փորձագետներն իրենց մեկնաբանություններն են տալիս և լուծումներ առաջարկում: Նաև կարևոր է, որ համայնքի ղեկավարները նույնպես իրենց աշխատանքում առաջնորդվեն նույն այն սկզբունքներուվ, ինչ գիտեն և կիրառում են ՏԱ պատասխանատուները։ Ես վստահ եմ, որ այդ հանդիպումներից հետո իրենց ևս ավելի հեշտ կլինի կողմնորոշվել ոլորտային որոշումներ կայացնելիս, իսկ համապատասխան մասնագետների հետ աշխատանքը կդառնա ավելի արդյունավետ»,- նշում է Լոռու մարզպետի աշխատակազմի Անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ, ՏԱ պատասխանատու Աննա Գասպարյանը։
Սյունիքի մարզպետի օգնական Արմինե Ավագյանը, կարևորելով նման հանդիպում-քննարկումները, առաջարկեց պարբերական դարձնել դրանք՝ մասնակից դարձնելով մարզի բոլոր համայնքների ղեկավարներին և ՏԱ պատասխանատուներին: Տեղեկությունների տրամադրման և ստացման գործընթացը ճիշտ և արդյունավետ կազմակերպելու համար շատ կարևորվեց հատկապես սահմանամերձ համայնքների ղեկավարների դերը: Իր հերթին Տեղ համայնքի ղեկավարի օգնականը լրագրողներին հորդորեց հատկապես սահմանամերձ լարված իրավիճակների ժամանակ տեղեկությունները ճշտել մի քանի հավաստի աղբյուրներից, նոր միայն հրապարակել դրանք: ԻԱԿ փորձագետի առաջադրած լուծումներից էր, մասնավորապես սահմանամերձ համայնքների առանձնահատկությունները հաշվի առնելով, օր առաջ մշակել տեղեկությունների տրամադրման կարգը, դասակարգել համայնքի տնօրինության տակ եղած տեղեկությունները, որով նաև հնարավոր կլինի զգայուն, երկրի անվտանգությանը վերաբերող տեղեկությունները որպես գաղնիք դասակարգել: Այս դեպքում ցանկացած իրադրությունում հնարավոր կլինի ժամանակին, սպառիչ տեղեկություններ տրամադրելը, մերժումները հիմնավորված կլինեն:
Մարզային լրագրողներն այնուհանդերձ նշեցին, որ նախընտրում են հեռախոսազանգերով ստանալ տեղեկությունները: Նրանց գերակշիռ մասը խոստովանում է` էլեկտրոնային հարցումների e-request միասնական հարթակից չի օգտվում ոչ բավարար իրազեկության, ինչպես նաև պաշտոնյաների, ՏԱ պատասխանատուների հետ ուղիղ աշխատելու արմատացած սովորության պատճառով։
Մարզային լրագրողներից ոմանք տեղեկացրին, որ հարթակից խուսափում են նաև տեխնիկական պատճառներով․ տպավորություն է ստեղծվել, որ գրանցելու համար երկար ժամանակ և ջանքեր, ինչպես նաև էլեկտրոնային ստորագրության սարքավորումներ են պահանջվում։ «Հատկապես օգտակար էր էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի կիրառման ներկայացումը, քանի որ մինչև այդ էլեկտրոնային ստորագրության պահանջի պատճառով չէի օգտագործում e-request համակարգը: Դասընթացի ընթացքում ԻԱԿ փորձագետի պարզաբանումներից հետո պարզ դարձավ, որ առավել արագ կարող եմ իմ հարցումներն ուղղել պետական մարմիններին, և որ շատ կարևեր է, անմիջապես հարթակից հետևել հարցմանս ընթացքին»,- նշեց Ազատություն ռադիոկայանի Լոռու թղթակից Կարինե Սիմոնյանը:
Հանդիպմանը ԻԱԿ ներկայացուիչները քայլ առ քայլ ներկայացրին հարթակում գրանցվելու և դրանով տեղեկություն ստանալու հարցումներ ուղարկելու ընթացքը՝ նշելով այս գործընթացի առավելությունները և հույս հայտնելով, որ այսուհետ լրագրողները կսկեն այն կիրառել իրենց ամենօրյա աշխատանքում:
Քննարկումները գնահատելիս մասնակիցների գերակշիռ մասը խիստ օգտակար և արդյունավետ է համարել նման հանդիպումները՝ առաջարկելով դրանք դարձնել պարբերական:
Միջոցառման իրականացումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ինտերնյուսի ենթադրամաշնորհառու Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: