Ռազմավարական Ուղղություններ

Ռազմավարական Ուղղություններ

ԻԱ կենտրոնը պատրաստ է օգնել պաշտոնյաներին

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ԻԱ կենտրոնը պատրաստ է օգնել պաշտոնյաներին

Օգոստոսի 21-ին Տավուշի մարզում ԻԱ կենտրոնի կազմակերպած «Ինչպե՞ս կիրառել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը» թեմայով աշխատանքային քննարկման ժամանակ մարզի պաշտոնյաների մեծամասնությունը խոստովանեց, որ «ՏԱ մասին» օրենքով նախատեսված պարտադիր հրապարակման ենթակա տեղեկություններն իրենց կառույցները չեն հրապարակում: ԱԺ փորձագետ Մարինե Հակոբյանը պաշտոնյաներին բացատրեց, թե ինչպես կարող են կատարել օրենքի պահանջը առկա սահմանափակ ֆինանսական եւ տեխնիկական ռեսուրսներն օգտագործելով։ «Ինչպես տեսնում եմ` պատճառն ավելի շատ ոչ թե օրենքների թույլ իմացությունն է, այլ պարզապես դրանց նկատմամբ ձեր ունեցած անվստահությունը»,- ասաց նա: Բանախոսը Տավուշի մարզպետարանի, մարզի քաղաքապետարանների եւ գյուղական համայնքների ներկայացուցիչներին մանրամասն ներկայացրեց պարտադիր հրապարակման ենթակա 13 խումբ տեղեկությունների ցանկը եւ նշեց, որ դրանք կարող են հրապարակվել թերթերի, տեղեկագրերի եւ ցուցատախտակների միջոցով: ԻԱ կենտրոնի նախագահն էլ պատրաստակամություն հայտնեց ՏԻՄ-երին օգնել ոչ միայն նմանատիպ քննարկումներով, այլեւ համայնքներին տեղեկատվական ցուցատախտակներ տրամադրելով: Քննարկման ընթացքում ԻԱ կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը ներկայացրեց ԻԱԿ-ի դատական նախադեպերը: «Մեր կենտրոնն արդեն 7 դատական գործ է շահել` դատարանի միջոցով պարտավորեցնելով տարբեր պաշտոններ զբաղեցնող անձանց տրամադրել տեղեկատվություն, քանի որ տեղեկատվությունը ոչ թե իրենց, այլ հանրության սեփականությունն է»,- նշեց Շ. Դոյդոյանը եւ ընդգծեց, որ  թեեւ այս բոլոր դեպքերում ԻԱ կենտրոնը շեշտը դրել է փնտրած տեղեկությունները ձեռք բերելու, այլ ոչ թե պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու վրա, սակայն օրենքը թույլ է տալիս նման պաշտոնյաներին ենթարկել վարչական, ընդհուպ մինչեւ քրեական պատասխանատվության:

Skip to content