Հրապարակումներ

Հրապարակումներ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Լրագրողները խորհրդարանում․ միջազգային փորձի հետքերով

Տարբեր երկրներում խորհրդարանական մարմինները լրագրողների հետ շփման տարբեր ավանդույթներ ու մեխանիզմներ ունեն։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ամփոփել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Շվեդիայի և ԱՄՆ-ի փորձն այս ոլորտում։

Մեծ Բրիտանիա

Միացյալ Թագավորության խորհրդարանը տեղակայված է Վեստմինստերյան պալատում: Այն կազմված է 2 պալատից՝ Համայնքների պալատից (Ստորին պալատ, ընտրովի) և Լորդերի պալատից (Վերին պալատ, նշանակովի)։ Խորհրդարանը Միացյալ Թագավորության գլխավոր օրենսդիր մարմինն է: Բայց ցանկացած ընդունված փաստաթուղթ պետք է թագուհու հավանությանն արժանանա, որպեսզի ընդունվի որպես օրենք։
ԶԼՄ ներկայացուցիչների մուտքը խորհրդարան տեղի է ունենում անցաթղթերի տրամադրման միջոցով: Այս գործընթացը խիստ վերահսկվում է: Անցաթուղթ ստանալու համար կարող են անհրաժեշտ լինել այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են հրապարակումների, լսարանի թվի, ինչպես նաև ենթադրյալ անցաթուղթն օգտագործելու նպատակի ու հաճախականության մասին տեղեկությունները:

Եթե դուք լրատվամիջոցի ղեկավար չեք, կարող եք հավակնել տեսնելու միայն հանրային հասանելիություն ունեցող ինֆորմացիան:

Մեծ պահանջարկի ու հետաքրքրության պարագայում Համայնքների պալատը (the House of Commons) կարող է ստեղծել ժամանակավոր մեդիա կենտրոններ, որոնք չհաշվառված, միջազգային կամ տարածաշրջանային լրատվամիջոցներին թույլ կտան մուտք գործել հաստատություն և ժամանակավորապես օգտվել որոշակի տեղեկատվությունից:

Շվեդիայի թագավորություն

Շվեդիան սահմանադրական միապետություն է՝ խորհրդարանական համակարգով: Շվեդիայի խորհրդարանում՝ Ռիքսդագում, ինքնուրույն աշխատելու համար ԶԼՄ ներկայացուցիչները պետք է ունենան հավատարմագրում: Հավատարմագրվել կարող են նաև արտահաստիքային (ֆրիլանս) լրագրողները՝ պայմանով, որ աշխատանքը կրի լրագրողական բնույթ: Հավատարմագրման առավելագույն ժամկետը 2 տարի է: Մեդիա ընկերությունները կարող են հավատարմագրվել նաև ավելի կարճ՝ սահմանափակ ժամանակով: Այս դեպքում հավատարմագրումն ուժի մեջ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ չի ավարտվել տվյալ աշխատանքը: Հավատարմագրումը կարող է լինել նաև մեկ օրով:

Հավատարմագրման հայտ ներկայացնելու համար հարկավոր է լրացնել համապատասխան դիմումը, որից հետո հայտատուի հետ նշանակվում է հանդիպում՝ լուսանկարվելու և համապատասխան անցաթուղթ ստանալու համար: Հավատարմագրման դիմումի մերժվելու կամ հավատարմագրումը հետ վերցվելու դեպքում հայտատուն կարող է որոշումը բողոքարկել Բողոքարկման խորհրդում: Այս պարագայում նրան որոշման հետ կապված ավելի շատ տեղեկատվություն է տրվում:

Հավատարմագրումն ապահովում է աշխատանքային ժամերին կանոնավոր մուտքի իրավունք, ինչպես նաև այլ ժամերին մասնակցություն մամուլի ասուլիսներին, կուսակցական հավաքներին, կոմիտեների հանդիպումներին: Այն ենթադրում է մուտք դեպի ԶԼՄ-ի ու խորհրդարանի անդամների համար նախատեսված որոշակի ընդհանուր տարածքներ: Բայց այն չի նախատեսում մուտք դեպի գրասենյակները, Խորհրդարանի խոսնակի նախասրահը, Սահմանադրության հանձնաժողովի քարտուղարությունը, Արևելյան թևի պալատները, կոմիտեների ժողովների սենյակները, անդամների սենյակները և այլն:

Կուսակցության քարտուղարություններն իրենք են որոշում ինչ կանոններ կիրառել կուսակցության քարտուղարության տարածք հավատարմագրված լրատվամիջոցների մուտքի իրավունքի վերաբերյալ:

Ֆրանսիա

Ֆրանսիան կիսանախագահական հանրապետություն է: Ֆրանսիայի խորհրդարանը նույնպես երկպալատանի է՝ կազմված Ազգային ժողովից (Assemblée Nationale) և Սենատից։ Ազգային ժողովի պատգամավորներն ընտրվում են տարածաշրջանային ընտրատարածքներից, իսկ սենատորներն ընտրվում են ընտրական հանձնաժողովի կողմից:

Ազգային ժողովի ու մամուլի կապն ապահովում է Հանրային կապերի ու Մուլտիմեդիայի դեպարտամենտը: Մոտ 20 աշխատակից ունեցող այս բաժինը զբաղվում է ԶԼՄ ներկայացուցիչների ընդունման, հավատարմագրման ու տեղեկատվության տրամադրման հարցերով:

Մամուլի ու մուլտիմեդիայի (աուդիովիզուալ ինֆորմացիայի) բաժինն ընդունում է ԶԼՄ ներկայացուցիչներին, որոշակի քարտուղարական ծառայություններ է մատուցում մշտական հավատարմագրման տրամադրման համար պատասխանատու հանձնաժողովին, տալիս է ժամանակավոր հավատարմագրումներ և քննում է նկարահանման կամ հաղորդման թույլտվության հարցումները: Լրատվամիջոցների աշխատանքը հեշտացնելու համար Ազգային ժողովը նրանց տրամադրում է իրենց համար նախատեսված աշխատանքային տարածքներ, ինչպես նաև վավերագրման համար անհրաժեշտ ռեսուրսներ:

Այս բաժինը մի կողմից զբաղվում է Աժ-ի աշխատանքների մասին ամենշաբաթյա ծանուցումներ տրամադրելով ու մամուլի հաղորդագրություններ ուղարկելով, մյուս կողմից Աժ-ին առնչվող ցանկացած հարցի պարագայում մամուլի հետ շփման միակ օղակն է: Լրագրողները կարող են այցելել այս կենտրոն, զանգահարել կամ էլ. փոստի միջոցով ստանալ որոշակի ինֆորմացիա Աժ-ի օրակարգի, կոմիտեների աշխատանքների, մամուլի ասուլիսների կամ լրագրողների հետ հանդիպումների մասին և այլն: Իսկ քննարկվող հարցերի բովանդակության և այլնի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն հնարավոր է ստանալ բաժնի աշխատակիցների միջոցով:

Խորհրդարանի անդամներին, նախարարներին հանդիպելու, նրանց հետ հարզացրույց անցկացնելու համար լրագրողները պետք է հավատարմագրվեն մամուլի բաժնի միջոցով: Այդ պարագայում նրանք մուտք կունենան լրագրողների համար նախատեսված տարածքներ, որտեղ կարող են իրականացնել իրենց աշխատանքը, ինչպես նաև այնպիսի տարածքներ, որտեղից միայն կարող են հետևել խորհրդարանի անդամների աշխատանքներին՝ առանց միջամտելու իրավունքի:

Այստեղ էլ հնարավոր է հավատարմագրվել մեկանգամյա այցի համար կամ ստանալ երկարաժամկետ հավատարմագրում: Այդ պարագայում հավատարմագրվում են ոչ թե առանձին լրագրողները, այլ՝ ԶԼՄ-ն: Մշտական հավատարմագրման դեպքում ժամանակը սահմանափակված չէ: Պարզապես ամեն տարի մամուլի բաժինը համապատասխան անցաթուղթ տրամադրելու նպատակով հավաքագրում է այն անձանց տվյալները, որոնք ներկայացված են լինելու ԱԺ-ում: ֆոտոլրագրողին ու օպերատորներին արգելվում է լուսանկարահանել միջանցքներում, բացառությամբ առանձին դեպքերի, երբ նրանք դրա համար հատուկ թույլտվություն ունեն:

Բուրբոնյան պալատում լրագրողներին հատկացված են ոչ միայն որոշակի սրահներ ու սենյակներ, այլ նաև մի քանի հարկանի առաձին շինություն, որտեղ խորհրդարանական լրագրողները կարող են հանդիպումներ ու հարցազրույցներ անել, տվյալների ստացման ու տարածման համար օգտվել համապատասխան տեխնիկայից:

ԱՄՆ

ԱՄՆ խորհրդարանը նույնպես երկպալատ է։ Վերին պալատը Կոնգրեսն է, իսկ Ստորին պալատը՝ Ներկայացուցիչների պալատը։ Կոնգրեսն (Սենատ) ու Ներկայացուցիչների պալատը բաղկացած են համապատասխանաբար 435 և 100 անդամներից։

ԱՄՆ-ի Կոնգրեսում հավատարմագրումը տեղի է ունենում Պարբերական մամուլի կենտրոնի միջոցով: Պարբերական թղթակիցների գործադիր կոմիտեն (Executive Committee of Periodical Correspondents), հիմնվելով համապատասխան կանոների ու կարգավորումների վրա, կայացնում է որոշում՝ հաստատել կամ մերժել հավատարմագրումը:

Ներկացացուցիչների պալատի 6-րդ և Սենատի 33-րդ կանոնների համաձայն՝ մամուլի կենտրոնները գտնվում են Գործադիր կոմիտեի վերահսկողության տակ և ենթակա են Ներկայացուցիչների պալատի խոսնակին ու Սենատի Կանոների ու աշխատակազմի կոմիտեին (the Senate Committee on Rules and Administration): Կոմիտեն ընտրվում է յուրաքանչյուր համագումարի սկզբում՝ Պարբերական թղթակիցների ասոցիացիայի անդամների կողմից (the Periodical Correspondents’ Association): Այն ունի յոթ անդամ, որոնցից առավելագույնը մեկը որևէ հրատարակչության անդամ պետք է լինի: Մերժում ստացած կամ հավատարմագրումն անժամանակ դադարեցված յուրաքանչյուր թեկնածու հանձնաժողովի շրջանակում հանրային լսումների իրավունք ունի:

ԱՄՆ Մամուլի կենտրոնը եզակի է նրանով, որ պարբերաբար փոխվում է հավատարմագրման պատասխանատուն: 4 տարին մեկ Ներկայացուցիչների պալատի ու Սենատի գրասենյակները հերթափոխում են՝ ստանձնելով թղթակիցներին հավատարմագրողի դերը: Ներկայումս այս գործընթացը Ներկայացուցիչների պալատի ենթակայության տակ է:

Հավատարմագրման գործընթացը կարող է բավականին երկար տևել: Որոշ դիմումների դիտարկման ընթացքը կարող է ձգվել մինչև անգամ 6 ամիս՝ չենթադրելով պարտադիր հաստատում:

Լրագրողին տրամադրվում է աշխատանքային տարածք: Դրանք բաժանված են մի քանի մասերի ու գտնվում են մի քանի հասցեներում: Կապիտոլիումի տարածքում առանձնացված են Ներկայացուցիչների պալատի ու Սենատի պարբերական մամուլի սրահները: Գոյություն ունեն նաև ընդհանուր մեդիայի համար նախատեսված մի քանի աշխատանքային տարածքներ: Թղթակիցները պետք է հիշեն, որ ոչ մի աշխատանքային տարածք կամ հեռախոս վերապահված չէ որևէ կազմակերպության կամ անհատի: Իսկ սրահի յուրաքանչյուր գրասենյակում մեկից ավելի տարածք չի կարող օգտագործվել որևէ հրատարակչական կազմակերպության կողմից, եթե մյուսները սպասում են աշխատանքային տարածքի: Այդ տարածքները չեն կարող օգտագործվել այնպիսի աշխատանքների համար, որոնք կապված չեն Կոնգրեսի հետ: Հաշվի առնելով աշխատանքային տարածքների հանդեպ պահանջարկի շարունակական աճը՝ լրագրողներից ակնկալվում է նաև հոգ տանել համակարգիչների պարունակության պահեստավորման մասին, հատկապես՝ եթե երկար ժամանակով հեռու են լինելու դրանցից:

Հավատարմագրված թղթակիցները կարող են նաև հանդիպումներ խնդրել Պալատի անդամների հետ: Հարցազրուցի հայտերը պետք է ներկայացնել գրավոր: Դրանք տեղադրվում են Ներկայացուցիչների պալատի աշխատակազմի սեղանի մոտ՝ Խոսնակի նախասրահում: Դրանից հետո պալատի աշխատակիցները տեղեկացնում են անդամներին հարցազրույցի հարցումների մասին: Խոսնակի նախասրահում թույլատրվում է օգտագործել գրիչ, նոթատետր ու պորտատիվային ձայնագրման սարքեր: Սնունդը, խմիչքը, բջջային հեռախոսներն ու մեծ պայուսակները պետք է թողել մեծ սրահում:

Ներկայացուցիչների պալատում թույլատրվում են նոութբուք համակարգիչներ և բջջային հեռախոսներ: Այնուամենայնիվ, լրագրողները պետք է հիշեն, որ էլեկտրոնային սարքերը պետք է դրվեն անձայն ռեժիմում, իսկ աուդիո կամ վիդեո ձայնագրություն չի կարող արվել:

Skip to content