Հրապարակումներ

Հրապարակումներ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Արցախցիների կուտակային կենսաթոշակների վերադարձի սպասումով

Նանիկ Աղասյան

Կենսաթոշակային կուտակային ֆոնդի նախապատմությունն ու արցախցիների բողոք-պահանջը

2020 թվականի 44-օրյա պատերազմից և 2023թ.-ի Արցախի հայաթափումից հետո՝ Արցախի ժողովուրդը կանգնեց մի շարք խնդիրների առջև, որոնցից էր նաև կենսաթոշակային կունտակային ֆոնդի գումարների անհայտ ճակատագիրը: Արցախցիները պահանջում են կենսաթոշակային կուտակային ֆոնդում պահված գումարները ետ վերադարձնել կամ հայտնել, թե ինչ նպատակով է այն հետագայում ծառայելու կամ արդեն իսկ ծառայել:

Արցախից բռնի տեղահանված Սուսաննա Աղասյանը, որ երկար տարիներ աշխարհագրության ուսուցչուհի է աշխատել, մեզ հետ զրույցում նշեց.

«Մարդիկ տարիներ շարունակ իրենց աշխատավարձից գումար են հատկացրել կենսաթոշակային ֆոնդին, որը նրանց պետք է ետ վերադարձվեր թոշակառության շրջանում: Կարծում եմ Կառավարությունը պետք է պատասխանատվություն կրի՝ կա՛մ գումարները ետ վերադարձնելով, կա՛մ էլ գոնե ժողովրդին տեղյակ պահի, թե հավաքված ֆոնդն ինչ նպատակով է ապագայում կիրառվելու»,- ասում է տիկին Սուսաննան:

Ե՛վ Հայաստանի, և՛ Արցախի Հանրապետություններում արդեն  մի քանի տարի է, ինչ գործում է կենսաթոշակային կուտակային ֆոնդը, որի նպատակն էր կենսաթոշակային տարիքում քաղաքացիներին ավելի բարեկեցիկ կյանքով ապահովելը: Համակարգն Արցախում ներդրվել է 2019 թվականի հունիսից: Արցախում աշխատող անձանցից գանձված կենսաթոշակային գումարներն ուղղվել են General Asset Management ֆոնդին: 

Այս հարցի վերաբերյալ քննարկումներ սկսվեցին ՀՀ Կառավարության և ԱԺ նիստերում դեռ 2023-ի նոյեմբերին: ՀՀ աշխատանքի, սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Աժ-ում պարզաբանեց, որ հարցը քննարկման փուլում է, դեռ մեխանիզմներ են մշակում:

«Արցախցիներն իրենց առանձին կենսաթոշակային ֆոնդերն ունեն և դեռ քննարկումների կարիք կա՝ մեխանիզմների մշակման անհրաժեշտության, և երբ դրանք ստեղծվեն և շարունակականությունն ապահովվի, մեր հայրենակիցներն էլ արդեն տեղեկացված կլինեն»,- հայտարարել էր նախարարը:

«ԳԵՆ» նախաձեռնության կենտրոնի գործադիր տնօրեն Արմինե Ավագիմյանը փորձել է մանրամասներ իմանալ արցախցիների կենսաթոշակային գումարների ետ վերադարձման վերաբերյալ՝ դիմելով Կենտրոնական բանկին, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիային: Ի պատասխան Արմինե Ավագիմյանի հարցերին և՛ ԿԲ-ն, և՛ ՀԿԴ-ն հայտնել էին, որ հարցն իրենց իրավասությանը չի պատկանում:  

Ըստ Ավագիմյանի՝ ՀՀ-ում գրանցված ֆինանսական գործառույթներ իրականացնող բոլոր`արտարժույթի փոխանակման կետերից սկսած մինչեւ խոշոր բանկեր, կազմակերպությունների նկատմամբ վերահսկողական գործառույթ իրականացնող բացառիկ եւ լիազոր մարմինը դա ՀՀ կենտրոնական բանկն է (ՀՀ ԿԲ-ի մասին, ՀՀ ներդրումային ֆոնդերի մասին օրենքները)։

«Եվ ինչպե՞ս կարող է ՀՀ-ում իրավաբանորեն գրանցված եւ գործունեություն իրականացնող կուտակային կենսաթոշակային ֆոնդ Ջեներալ Ասսեթ Մենեջմենթ ընկերության գործունեությունը, որը մի քանի տասնյակ միլիարդներ է տնօրինում, ՀՀ ԿԲ-ի իրավասության տիրույթում չլինել»,- նշում է «ԳԵՆ» նախաձեռնության կենտրոնի գործադիր տնօրենը։

Համաձայն ՀՀ Կառավարության և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միջև կնքված պայմանագրի՝ դեպոզիտարիան օրենքով սահմանված կարգով իրականացնում է պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների ռեեստրի վարումը և կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների պահառությունը:
Արմինե Ավագիմյանը ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայի պատասխանը համարում է անտրամաբանական, ոչ կոմպետենտ, եւ ակնհայտ քաղաքականացված, քանի, որ ռեեստրավարման և արժեղթերի պահառության ծառայությունները հաճախորդների համար միջնորդավորում են հաշվի օպերատորները՝ ներդրումային ընկերությունները և բանկերը, որոնք ՀԿԴ-ի հետ կնքել են համապատասխան պայմանագիր։ ՀԿԴ-ն կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներին ծառայությունները մատուցում է հաշվի օպերատորների միջոցով։
«Վերոգրյալից նույնպես պարզ է դառնում, որ ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայի պատասխանը եւս չի համապատասխանում իրականությանը, եւ մեր արած հարցադրումները նաեւ իրենց տիրույթում են: Ներկայումս մշակում ենք հարցի առնչությամբ մեր հաջորդ քայլերը, որոնց մասին կիրազեկենք հանրությանը առաջիկայում»,- ամփոփում է Արմինե Ավագիմյանը։

Կենսաթոշակային կուտակային ֆոնդի վերաբերյալ առավել մանրամասնություններ իմանալու համար մենք ևս գրավոր հարցում ենք ուղարկել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն իմանալու.

  • ինչքան էր կազմում ԱՀ քաղաքացիներից պահված ամբողջ գումարը՝ նախատեսված կուտակային կենսաթոշակային ֆոնդի համար, 
  • արդյոք ԱՀ քաղաքացիներից պահված կուտակային կենսաթոշակային ֆոնդի գումարները վերադարձվելո՞ւ են,
  • եթե չի վերադարձվելու, ապա ի՞նչ է լինելու այդ գումարների հետ:

 

Նախարարությունից գրավոր-պատասխանով տեղեկացրին, որ առաջին հարցի առնչությամբ նախարարությունը տեղեկատվության չի տիրապետում:

«Երկրորդ և երրորդ հարցերի վերաբերյալ հայտնում ենք, որ ներկայումս նախարարությունը Կենտրոնական բանկի հետ քննարկում է Արցախի Հանրապետությունում կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների կողմից կուտակված գումարների կառավարման խնդրի հնարավոր լուծման տարբերակները»,- նշել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ի վերջո ի՞նչ որոշում ընդունվեց և ինչպե՞ս ետ ստանալ կուտակված գումարները

Հարցն իրականում երկու կողմ ունի՝ կուտակային կենսաթոշակների վերադարձ և կուտակված գումարների ճակատագիրը: 

Կենտրոնական բանկն անդրադառնալով խնդրին՝ տեղեկացրել էր, որ Արցախի կուտակային համակարգի հետ կապված հարցերն, այդ թվում՝ կատարված կուտակային հատկացումների կամ դրանց հետագա ճակատագրի վերաբերյալ, չեն վերաբերում ԿԲ իրավասություններին՝ առաջարկելով կենսաթոշակային կուտակային ֆոնդի հետ կապված հարցերն ուղղել Արցախի պատկան մարմիններին:

Այնուհետև, ԿԲ-ն հայտնեց.

«Արցախի կուտակային կենսաթոշակային համակարգի գումարները ներդրված են հայկական և օտարերկրյա ապահով ակտիվներում (պետական պարտատոմսեր և այլն), և ներկայումս դրանք շարունակվում են կառավարել բնականոն եղանակով»:

Խնդրի վերաբերյալ քննարկումներ սկսվեցին ՀՀ Կառավարության նիստերում և Արցախի Հանրապետության Կառավարության կողմից իրականացված մի քանի փակ նիստերում: Կենսաթոշակային կուտակային ֆոնդի շուրջ ստեղծված խնդիրներին անդրադառնալով՝ Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Mediahub.am-ի հետ զրույցում նշել էր.

«Կար հաստատված բյուջե, որին խորհրդարանը քվեարկել էր, հաստատել էր և ցանկացած փոփոխություն բյուջեում պիտի արվեր խորհրդարանի միջոցով, մեզ տեղյակ պահվեր, և հանրությունը պետք է իմանար, քանի որ ի վերջո դա մարդկանց անձնական կուտակային կենսաթոշակային ֆոնդն էր, որը որևէ մեկը, անկախ իր զբաղեցրած պաշտոնից, չէր կարող ինքնակամ տնօրինել»:

Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում 2024թ.-ի հունվարի 16-ին Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանով կատարված փոփոխությունների համաձայն՝ մասնակցի համար /օգտին/ կատարված կուտակային վճարների հաշվին ձեռք բերված կենսաթոշակային ֆոնդի փայերը մարվում են, դրա արդյունքում ձևավորված միջոցները /անկախ դրանց չափից/ մասնակցի ցանկությամբ փոխանցվում է նրա այլ կուտակային կենսաթոշակային համակարգում բացված հաշվին, կամ փոխանցվում է նրա բանկային հաշվի՝ ԱՀ Կառավարության սահմանված կարգով: Ըստ կատարված լրացման, նախատեսվում է.

«Հոդված 38.1. Անհաղթահարելի ուժով՝ արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներով պայմանավորված մասնակցի կենսաթոշակային ֆոնդի փայերի մարումը 1. Անհաղթահարելի ուժով՝ արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներով պայմանավորված մասնակցի համար (օգտին) կատարված կուտակային վճարների հաշվին ձեռք բերված կենսաթոշակային ֆոնդի փայերը մարվում են և դրա արդյունքում ձևավորված միջոցները (անկախ դրանց չափից) մասնակցի ցանկությամբ փոխանցվում նրա այլ կուտակային կենսաթոշակային համակարգում բացված հաշվին կամ փոխանցվում նրա բանկային հաշվին՝ Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում համապատասխան միջոցները փոխանցվում են անձի այլ կուտակային կենսաթոշակային համակարգում բացված հաշվին կամ նրա բանկային հաշվին սույն մասով սահմանված հանգամանքն առաջանալու ամսվան հաջորդող ինն ամսվա ընթացքում»:

Հասարակության մի շրջանում կարծիք էր տարածված, որ կուտակված գումարներն անհայտ ճանապարհով կորչելու են: Նման կարծիք է հայտնել նաև Արցախից բռնի տեղահանված Գոհար Հ-ն.

«Մենք, տարիներով աշխատելով Արցախի Հանրապետությունում, հսկայական գումարներ ենք մուծել կենսաթոշակային կուտակային ֆոնդ, այդ գումարների ճակատագիրն այսօր անհասկանալի է, ինչպես մեր՝ արցախցիներիս, ճակատագիրը: Եվ եթե մենք, այդ գումարների իրական տերերը լռենք, ապա, ինչպես միլիարդավոր այլ գումարներ, կյուրացվեն համապատասխան շրջանակների կողմից»:

Ազատ հայրենիք-ՔՄԴ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը Civilnet-ի հետ զրույցում, անդրադառնալով արցախցիների կենսաթոշակային կուտակային ֆոնդի գումարների ետ վերադարձման գործընթացին, նշել էր.

«Այդ գումարները կուտակվում են անգլիական ֆոնդերում: Արդյո՞ք պատրաստ են գումարները հետ վճարել: Այդ ֆոնդերի հիմնական հարցը դա էր, որովհետև այդ գումարները նրանք ներդրել են՝ արժեթղթերում կամ ինչ-որ այլ տեղերում: Պետք է այդ գումարներն իրացվեն, որպեսզի կարողանան կանխիկացնել ու գումար տալ: Այդ ֆոնդերի իրացման համար մեկ տարի ժամկետ էին ուզում: Բանակցությունների արդյունքում համաձայնության ենք եկել ինը ամսվա շուրջ: Այդ ընթացքում նրանք պարտավորվել են այդ գումարները վերադարձնել»:

Արցախի պետնախարար Արամ Սարգսյանը, սակայն, հավաստիացնում է, որ գումարները կան և կփոխանցվեն քաղաքացիներին՝ անկախ այն հանգամանքից արցախցիները կընդունեն ՀՀ քաղաքացիություն, թե կգտնվեն ՀՀ պաշտպանության ներքո: Նա նաև նշել է, որ

«Արցախի քաղաքացիները կարող են դիմում ներկայացնել մինչև մինչև հուլիսի 1-ը, եթե ցանկանում են այդ գումարները տեղափոխել և շարունակել իրենց կուտակայինները, իսկ եթե՝ ոչ, ապա գումարը կվերադարձվի քաղաքացիներին»,- հայտարարել է Արցախի Հանրապետության պետնախարարը:

Այսպիսով՝

փոփոխված դրույթի համաձայն՝ գումարները կվերադարձվեն քաղաքացիներին 9 ամսվա ընթացքում: Ընդ որում՝ այն անձինք, որոնք կցանկանան շարունակել կենսաթոշակային համակարգում մնալ, պիտի դիմում ներկայացնեն մինչև հուլիսի 1-ը՝ հայտնելու իրենց համաձայնությունն, իսկ նրանք, ովքերն չեն ցանկանա, առանց որևէ դիմում գրելու, գումարը կփոխանցվի իրենց այն բանկային հաշիվներին, որոնց փոխանցվել է սոցիալական աջակցության ծրագրով հատկացված գումարները:

Չնայած պետնախարարի այն հավաստմանը, որ գումարների վերադարձման համար դիմում պետք է չէ գրել, շատ արցախցիներ արդեն իսկ շտապել են բանկեր և դիմում են գրել իրենց կուտակային կենսաթոշակի գումարների վերադարձման խնդրանքով: Դեռ գումարի վերադարձ չի եղել, սպասում են:


Նյութը պատրաստվել է 2024թ.-ի փետրվարին: Նյութը պատրաստվել և հրապարակվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից իրականացվող Աջակցություն Արցախի մեդիա մասնագետներին ծրագրի շրջանակներում: Ծրագրին աջակցում է Լրագրողներ առանց սահմանների միջազգային կազմակերպությունը (RSF) : Նյութում տեղ գտած կարծիքները և մեկնաբանությունները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ԼԱՍ (RSF) կարծիքի հետ:
© Նյութն  արտատպելու կամ օգտագործելու դեպքում ակտիվ հղումը Ինֆորմացիայի ազատության կենտրոնին պարտադիր է:
Skip to content