Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ներկայացնում է իր դիրքորուշումը ԲՏԱ նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ: Ըստ այդմ.
- Նախագծից և Նախագծի հիմնավորումից պարզ չէ, թե ինչու է նախատեսվում ՏԱ մասին օրենքը լրացնել «Բաց տվյալներ» հասկացությամբ: Բաց տվյալների չափանիշը տվյալի հրապարակման որակական չափանիշ է և չի վերաբերում տեղեկատվության ազատության իրավունքի սահմաններին: Ուստի, առաջարկում ենք այս հասկացությունը Նախագծից հանել և ներառել «Հանրային տեղեկատվության մասին» օրենքի նախագծում:
- Նախագծից և Նախագծի հիմնավորումից պարզ չէ, թե ինչու է նախատեսվում ՏԱ մասին օրենքը լրացնել «Տեղեկությունների մատչելիություն» հասկացությամբ, այնինչ տեղեկությունների մատչելիության նկարագրությունն արդեն իսկ բացահայտվում է ՏԱ օրենքի 7-րդ հոդվածի տեքստով: Փոխարենը, «Տեղեկությունների մատչելիություն»-ը ներկայացնելու համար և հաջորդիվ Նախագծում կիրառվում է «տեղեկությունների բացահայտում» արտահայտությունը, որը պարզ չէ, թե ինչ է նշանակում, խորթ է տեղեկատվության ազատության տերմինաբանությանը, չկա դրա հասկացությունը, նաև՝ Նախագծից և Նախագծի հիմնավորումից պարզ չէ դրա անհրաժեշտությունը:
Բացի այդ, գործնականում տեղեկությունների մատչելիությունն ավելի լայն իմաստ ունի, քան միայն հարցմանը պատշաճ պատասխանելը կամ տեղեկությունը սեփական նախաձեռնությամբ հրապարակելը և վերաբերում է նաեւ տեղեկությունը դրա շահառուներին հասանելի դարձնելու ձևին՝ մեթոդներին, գործիքներին և այլն: - Տեղեկություն տնօրինողի հասկացության առաջարկվող տարբերակը խնդրահարույց է, Նախագծից և Նախագծի հիմնավորումից պարզ չէ տեղեկություն տնօրինողների շրջանակի փոփոխության անհրաժեշտությունը և չափավորությունը: Գտնում ենք, որ ՏԱ օրենքում տեղեկություն տնօրինողի գործող շրջանակը առավել հիմնավոր է, իսկ տեղեկություն տնօրինողների շրջանակի յուրաքանչյուր ավելացում պետք է առանձին հիմնավորվի այդ անձանց նման կարգավիճակով և, ըստ այդմ, պարտականություններով ծանրաբեռնելու անհրաժեշտությունը՝ հատկապես հաշվի առնելով, որ գործող կարգավորմամբ տեղեկություն տնօրինողներն արդեն իսկ ներառում են ինչպես հանրային նշանակության, այնպես էլ ցանկացած այլ մասնավոր կազմակերպություններին, որոնք ֆինանսավորվում են բյուջեներից:
Տես նաև՝
Անհապաղ հեռացնել օրենքի նախագիծը. Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայտարարությունը
Քաղհասարակությունը դժգոհ է օրենքի փոփոխությունների նախագծից. Ազատություն TV