Հրապարակումներ

Հրապարակումներ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Անհապաղ հեռացնել օրենքի նախագիծը. Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայտարարությունը

2023 թվականի դեկտեմբերի 19-ին իրավական ակտերի նախագծերի միասնական e-draft.am կայքում հրապարակվել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ, որով նախատեսվում է ՏԱ գործող օրենքը վերանվանել «Տեղեկատվության ազատության եւ հանրային տեղեկատվության մասին» օրենք: Ըստ Նախագծի բնութագրի՝ այն նպատակ ունի
հնարավորություն ստեղծել առավել արդյունավետ կերպով իրականացնել Հայաստանի թվայնացման, կառավարության, տնտեսության և հասարակության թվային փոխակերպման նպատակները:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, որպես տեղեկատվության ազատության ոլորտի մասնագիտացած կառույց, հայտնում է իր խորը մտահոգությունը Նախագծի կապակցությամբ:

Նախագծով

  • փոփոխվել են ՏԱ օրենքի որոշ հասկացություններ, որոշ կարգավորումների ձեւակերպումներ այն պարագայում, որ փոփոխությունների արդյունքում կան թյուրըմբռնումների տեղիք տվող եզրույթներ, վիճելի ձեւակերպումներ եւ միմյանց հակասող դրույթներ,
  • կան տեղեկատվության ազատության իրավունքի տեսանկյունից խնդրահարույց ծավալուն լրացված դրույթներ եւ կարգավորումներ, որոնք ուղղակիորեն կապ չունեն տեղեկատվության ազատության իրավունքի հետ,
  • խեղաթյուրված է տեղեկատվության ազատության անկախ լիազոր մարմնի գաղափարը, եւ ներկայացվող մոդելը որեւէ առնչություն չունի ՏԱ լիազոր մարմնի միջազգային լավագույն փորձի հետ։

ԻԱԿ-ի առաջարկներն են.

ա) Տվյալների կառավարման վերաբերյալ առանձին օրենք մշակել՝ առանց դրա նպատակներն ու կարգավորման առարկան ՏԱ մասին գործող օրենքում ներառելու։ Տվյալների հետ վարվելու, դրանց դասակարգման, գրանցման, պահպանման, հրապարակման ձեւաչափեր եւ այլ վերաբերելի կանոններ ու կարգավորումներ սահմանող առանձին օրենք է պետք մշակել։

բ) Տեղեկատվության ազատության և անձնական տվյալների պաշտպանության հարցերը պետք է կարգավորվեն ՏԱ և ԱՏՊ ոլորտային օրենսդրությամբ։

գ) Անհապաղ հեռացնել այս նախագիծը e-draft համակարգից և նախաձեռնել հանրային խորհրդատվություններ՝ վերոնշյալ կարգավորումները մշակելու նպատակով։

դ) Պատրաստակամություն ենք հայտնում աջակցել Հայաստանի թվայնացման ռազմավարության միջոցառումների իրականացմանը, այդ թվում՝ ըստ մեր առաջարկի՝ նախագծի նպատակներից բխող տվյալների կառավարման վերաբերյալ առանձին օրենքի մշակման աշխատանքներին:

Տեղեկացնում ենք նաև, որ ԻԱԿ-ը Նախագծի վերաբերյալ իր մտահոգություններն աշխատանքային կարգով քննարկել է «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի եւ Նախագիծը մշակող փորձագետի հետ՝ արդյունքում պայմանավորվելով, որ այս տեսքով անընդունելի Նախագիծը պետք է վերանայվի:

 

Media.am-ի հրապարակումը նախագծի մասին․ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը կփոփոխվի

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Skip to content