Հրապարակումներ

Հրապարակումներ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ԻԱԿ-ի դիրքորոշումը «Հանրային տեղեկատվության մասին» օրենքի նախագծով նախատեսվող լիազոր մարմնի վերաբերյալ

«Հանրային տեղեկատվության մասին» օրենքի (այսուհետ նաեւ՝ ՀՏ օրենք) նախագծի 19-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքով նախատեսվող լիազոր մարմինը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն է, միաժամանակ, ըստ նույն հոդվածի՝ նախարարությունը լիազոր մարմնի իր գործառույթներն իրականացնելու է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության միջոցով:

Lիազոր մարմնի խնդիրները ՀՏ օրենքի նախագծի 20-րդ հոդվածում ունեն ընդհանուր ձեւակերպում եւ ուղղակիորեն չեն առնչվում տեղեկատվության ազատության իրավունքին, սակայն նույն օրենքի 21-րդ հոդվածում նկարագրված լիազոր մարմնի հսկողական լիազորություններն այնպիսին են, որ տեղեկատվության ազատության իրավունքին ոչ իրավաչափ միջամտության ռիսկեր են պարունակում:

Այսպես.

  1. ՀՏ օրենքի նախագծի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ լիազոր մարմինը հսկողություն է իրականացնում տեղեկությունների՝ օրենքով սահմանված կարգով օգտագործման և պահպանության նկատմամբ:

Նման ձեւակերպումը անորոշ է եւ տարակարծությունների տեղիք տվող: Մասնավորապես, պարզ չէ, թե տեղեկություններն ում կողմից օգտագործելու նկատմամբ է հսկողություն իրականացնելու, ինչպես է արտահայտվելու այդ հսկողության իրականացումը, գործնականում կարո՞ղ է արդյոք լիազոր մարմինը որոշել տեղեկությունը օրենքով սահմանված կարգով տեղեկություն հայցողին պահանջված տեղեկությունը տալ-չտալու վերաբերյալ եւ այլն: Տեղեկության օգտագործելու նկատմամբ հսկողությունը չափազանց անորոշ եւ ըստ այդմ՝ տեղեկատվության ազատության իրավունքին միջամտող ձեւակերպում է:

Առաջարկում ենք, որ լիազոր մարմնի գործառույթները պետք է հիմնականում մնան տեղեկությունների կառավարման նկատմամբ հսկողության սահմաններում՝ առանց վերաբերելու զուտ տեղեկատվության ազատության իրավունքին:

  1. ՀՏ օրենքի նախագծի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերի համաձայն՝ լիազոր մարմինը կարող է պահանջել վերացնել օրենքի և դրա հիման վրա ընդունված օրենսդրության պահանջների խախտումները, եթե գտնում է, որ ի թիվս այլնի առանց օրենքով նախատեսված հիմքի սահմանափակվել է տեղեկության հասանելիությունը կամ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հասանելիություն է տրվել կամ բացահայտվել է տեղեկություն:

Ըստ ՀՏ օրենքի նախագծի տերմինաբանության՝ եթե տեղեկության բացահայտումը վերաբերում է տեղեկությունը այն տնօրինողի կողմից սեփական նախաձեռնությամբ հրապարակելուն, ապա տեղեկության հասանելիությունը շատ ավելի լայն եւ անորոշ է եւ առերեւույթ կարող է վերաբերել նաեւ տեղեկությունը այն հայցողին տրամադրելուն: Այս համատեքստում տեղեկության հասանելիության ապահովման կամ հասանելիությունը վերացնելու վերաբերյալ վերոնշյալ դրույթները խնդրահարույց են, քանի որ.

  • ՏԱ իրավունքի խախտման արտադատական կարգով քննությունը ՏԱ հանձնակատարի լիազորություն է, այլ ոչ թե ՀՏ օրենքով նախատեսված կարգավիճակ ունեցող լիազոր մարմնի,
  • պարզ չէ, թե ինչ վարույթով ու իրավական կատով է հաստատվելու տեղեկության հասանելիությունը բովանդակային իմաստով օրենքի խախտմամբ իրականացված լինելը, ըստ այդմ պարզ չեն նաեւ տեղեկությանը հասանելիություն ստացած անձի կողմից տեղեկության հասանելիության սահմանափակումը բողոքարկելու իրավունքի իրացման պայմանները,
  • խնդրահարույց է նաեւ, որ տեղեկության հասանելիության սահմանափակումը ըստ ՀՏ օրենքի տերմինաբանույթան հիմնվում է լիազոր մարմնի կարծիքի վրա (լիազոր մարմինը (…) գտնում է):

Առաջարկում ենք ձեռնպահ մնալ տեղեկությունների հասանելիության եւ հատկապես հասանելիության սահմանափակման վերաբերյալ որոշումներ կայացնելու՝ լիազոր մարմնի գործառույթ սահմանելուց:

  1. ՀՏ օրենքի նախագծի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքով սահմանված իրավունքների խախտման դեպքերը կարող են բողոքարկվել լիազոր մարմին կամ դատարան:

ՀՏ օրենքի նախագծով սահմանվող լիազոր մարմինը միջազգային լավագույն փորձին համապատասխան տեղեկատվության ազատության իրավունքի պատշաճ լիազոր մարմին չէ: Այն ո՛չ իր կարգավիճակով, ո՛չ գործունեության անկախության երաշխիքներով եւ ոչ էլ գործիքակազմով չի կարող համարվել միջազգային լավագույն փորձին համապատասխան Տեղեկատվության ազատության լիազոր մարմին:

Ըստ այդմ, նշված դրույթը որեւէ կերպ չի կարող դիտարկվել որպես տեղեկատվության ազատության իրավունքի խախտումներն արտադատական կարգով լիազոր մարմնին բողոքարկելու իրավունք եւ, ըստ այդմ, լիազոր մարմնի կողմից տեղեկատվության ազատության իրավունքի խախտումների արտադատական քննության իրավունք:

Առաջարկում ենք հիմնովին վերանայել ՀՏ օրենքի նախագծով սահմանվող լիազոր մարմնի լիազորութունների շրջանակը՝ հաշվի առնելով սույն կարծիքը։

Skip to content