Լրատվամիջոցների էթիկայի Դիտորդ մարմնի և Տեղեկատվական վեճերի խորհրդի համատեղ հայտարարությունը խտրական վերաբերմունքի և ատելության խոսքի տարածման անթույլատրելիության մասին
Դիտորդ մարմինը (ԴՄ) և Տեղեկատվական վեճերի խորհուրդը (ՏՎԽ) ս․թ․հոկտեմբերի 2-ին հրապարակել էին «Խտրական վերաբերմունքի և ատելության խոսքի տարածման անթույլատրելիության մասին» համատեղ հայտարարություն, որում խորին մտահոգությամբ արձանագրել էին, որ Արցախում ադրբեջանական ռեժիմի էթնիկ զտումների օրերին (2023 թվականի սեպտեմբերի 19-ին և 20-ին) հաստատված տեղեկատվական պակասը, ներքաղաքական ճգնաժամն ու հանրային բուռն հուզումները երկրի ներսում հանգեցրել են լրագրողների, լրատվամիջոցների, սոցցանցերի օգտատերերի բաժանմանը հակադիր ճամբարների՝ նույնացվելով հակընդդեմ քաղաքական ուժերի հետ և երկրորդ պլան մղելով մասնագիտական սկզբունքները։
Մասնավորապես՝ civic.am կայքը նշել էր, թե Երևանի կենտրոնում մեքենաներ ջարդող, մարդկանց հայհոյող, վարորդներին ահաբեկող «երիտասարդները ղարաբաղցի են»։ Այս հրապարակման դեմ սոցիալական ցանցերում տարածված արդարացի վրդովմունքին ի պատասխան՝ նույն կայքը փորձել էր երգիծանքի վերածել իր «զղջման խոսքը» և գրել էր. «Հաշվի առնելով մեր ընթերցողների հանրային պահանջը, այլևս չենք նշի նրանց ծագման մասին, երբ լուսաբանենք նրանց կողմից հասարակ քաղաքացիների ահաբեկումը, ծեծը, ունեցվածքի ջարդը» (մեջբերումները՝ առանց խմբագրման)։ Սա մեդիայի համար անթույլատրելի ծաղր է՝ իր ընթերցողների հասցեին։ Նույն բովանդակությամբ հեգնախառը «զղջում» էր տարածել նաև araratnews.am կայքը։
Լրատվամիջոցների էթիկայի Դիտորդ մարմինը և Տեղեկատվական վեճերի խորհուրդն անընդունելի են համարում արցախցիների դեմ ատելություն սերմանող և նրանց հանդեպ խտրական վերաբերմունքի դրդող տեքստերի տարածումը։ Նույնքան անընդունելի է, երբ լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերով իրար նկատմամբ այդպիսի բովանդակություն են տարածում տարբեր գաղափարական, քաղաքական կողմնորոշումներ ունեցող անձինք, այդ թվում ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։
Խնդիրը դիտարկելով իրավական տեսանկյունից՝ հայտարարում ենք, որ անհանդուրժողականություն, խտրականություն ու թշնամանք տարածող արտահայտությունները (հավաքական կերպով՝ ատելության խոսքը) չեն կարող օգտվել ազատ խոսքի որևէ պաշտպանությունից՝ ՀՀ իրավական համակարգում կամ միջազգային իրավունքում։
Ցավոք, Լրատվամիջոցների էթիկայի Դիտորդ մարմնի և Տեղեկատվական վեճերի խորհրդի համատեղ հայտարարության տեքստում տեղ էր գտել թյուրիմացություն։ Տեքստում մեջբերված՝ ենթադրաբար 24news.am կայքից օրինակները, մասնավորապես տեսանյութի վերնագրերը, հանիրավի հիմք էին դարձել ԴՄ և ՏՎԽ հայտարարության համար, սակայն իրականում դրանք եղել էին օգտատերերի անբարեխղճության, հնարավոր է նաև՝ լրատվամիջոցին միտումնավոր վնաս հասցնելու արդյունք։
Այդ կապակցությամբ ԴՄ-ն և ՏՎԽ-ն նույն օրը հրապարակեցին հերքում՝ հայցելով 24news.am-ի գործընկերների ներողամտությունը։
Լրատվամիջոցների էթիկայի դիտորդ մարմինը և Տեղեկատվական վեճերի խորհուրդը, ի լրումն խտրական վերաբերմունքի և ատելության խոսքի տարածման անթույլատրելիության վերաբերյալ ս․թ․ հոկտեմբերի 2-ին տարածված համատեղ հայտարարության, հայտնում են, որ անբարեխիղճ վերատարածողները, օգտագործելով 24news.am կայքի տեսանյութերը և պահպանելով այդ կայքի լոգոտիպը, համացանցում տարածվող տեսանյութերի վրա դրել են իրե՛նց ձեռնտու վերնագրեր՝ տարածելով խտրականություն և ատելության խոսք։ Այս մանիպուլյատիվ «հնարքը» հակասում է որակյալ լրատվությանը և թյուրիմացության մեջ է գցում համացանցային տիրույթի սպառողներին։ Կոպտորեն խախտվել են նաև հեղինակային իրավունքը պաշտապանող իրավական և էթիկական հիմքերը։
ԴՄ-ն և ՏՎԽ-ն հիշեցնում են, որ ամենակարևորը այս պարագայում ոչ այնքան «անսխալական» լինել-չլինելն է, որքան սեփական սխալները ժամանակին ընդունելը, ուղղելը, ներողություն խնդրելը, դրանց առաջացման հանգամանքներն ուսումնասիրելը և հետագայում դրանք չկրկնելու մեխանիզմներ ստեղծելը, ինչն արել են Լրատվամիջոցների էթիկայի Դիտորդ մարմինը և Տեղեկատվական վեճերի խորհուրդը։
Լրագրողական և լրատվական կառույցներին հորդորում ենք աչալուրջ լինել որևէ
լրատվամիջոցի լոգոտիպը հարվածի տակ դնելու՝ մանիպուլյատիվ հնարքներին չտրվելու հարցում։
Լրատվամիջոցներին կոչ ենք անում իրենց լոգոտիպերի մանիպուլյատիվ օգտագործման փաստերի դեպքում չբավարարվել միայն սոցցանցային ստատուսներով, այլ այդ մասին լայնորեն տեղյակ պահել լրագրողական համայնքին, հանդես գալ պաշտոնական հայտարարություններով և հրապարակավ դիմել իրավապահ մարմիններին։
Կոչ ենք անում նմանատիպ թյուրընկալումներին առնչվող գնահատականներում խուսափել քաղաքական ենթատեքստեր փնտրելուց, ինչը, ցավոք, նկատվել է մեր կողմից չեղարկված հայտարարության հետ կապված առանձին արձագանքներում։ Կրկին հիշեցնում ենք, որ լարված ներքաղաքական մթնոլորտում պետք է ստուգել և վերստուգել լրատվության աղբյուրները և րոպե առաջ ընդունել սեփական սխալները։
Լրատվամիջոցների էթիկայի Դիտորդ մարմին
Տեղեկատվական վեճերի խորհուրդ