Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 29.05.2012 թ.-ին տեղեկատվություն ստանալու հարցումներ էր ուղարկել ՀՀ ֆինանսների նախարարության Լիցենզավորման գործակալության պետ Կարեն Թամազյանին եւ Ֆինանսական վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանին՝ խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկությունները.
- Ստացե՞լ են արդյոք պարգեւատրումներ (պարգեւավճարներ, նվերներ) Լիցենզավորման գործակալության (Ֆինանսական վերահսկողության տեսչության) աշխատակիցները 2011 թ.-ին:
- Եթե այո, ապա ովքե՞ր են պարգեւատրվել (ըստ հաստիքների) եւ ինչքա՞ն գումարով (ի՞նչ նվերով):
- Որքա՞ն է կազմել Լիցենզավորման գործակալության (Ֆինանսական վերահսկողության տեսչության) աշխատակիցների ստացած դրամական պարգեւատրումների ընդհանուր գումարը:
- Որքա՞ն է կազմել Լիցենզավորման գործակալության (Ֆինանսական վերահսկողության տեսչության) աշխատակիցների ստացած նվերներից յուրաքանչյուրի արժեքը եւ նվերների արժեքների ընդհանուր գումարը:
Ի պատասխան ԻԱԿ-ի հարցմանը՝ ՀՀ Ֆինանսների նախարարությունից ստացվել էր թերի պատասխան: Պատասխանը համարվել էր թերի, քանի որ չէին տրամադրվել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի խնդրած՝ Լիցենզավորման գործակալության եւ Ֆինանսական վերահսկողության տեսչության՝ պարգեւատրում ստացած աշխատակիցների եւ յուրաքանչյուրի ստացած դրամական պարգեւատրումների չափի մասին տեղեկությունները (2-րդ հարցի պատասխանը): Ուստի 23.06.2012 թ.-ին ԻԱԿ-ը կրկին հարցումներ է ուղարկել՝ խնդրելով տրամադրել ամբողջական եւ սպառիչ տեղեկատվություն:
Ի պատասխան կրկնակի հարցումներին՝ ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացվել է գրություն, որով, հղում կատարելով ՀՀ աշխատանքային օրենսգրքին, «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքին եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքին, մերժվել է հարցումների 2-րդ կետով խնդրված տեղեկատվության տրամադրումը, այն պատճառաբանությամբ, որ դա աշխատողի անձնական տվյալի վերաբերյալ տեղեկատվություն է:
Նշենք, որ ԻԱԿ-ը խնդրել է պարգեւատրում ստացած աշխատակիցների մասին տեղեկություն ըստ հաստիքների, այսինքն` ոչ անվանական: Բացի այդ, ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի գրության համաձայն՝ քաղաքացիական ծառայողների ստացած պարգեւատրումների արժեքի մասին տեղեկատվության տրամադրման սահմանափակումներ քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ չկան: Վերոնշյալ 2 պայմանների համակցությունը ցույց է տալիս, որ խնդրվող տեղեկությունը չի վերաբերում անհատական քաղաքացիական ծառայողի անձնական կյանքի անձեռնմխելիությանը:
Արդյունքում, 2012 թ.-ի հուլիսի 24-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հայցով դիմել է ՀՀ վարչական դատարան՝ խնդրելով.
- Ճանաչել «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտման փաստը եւ ՀՀ ֆինանսների նախարարությանը պարտավորեցնել տրամադրել պահանջվող տեղեկատվությունն այն մասին, թե 2011 թ․-ին Լիցենզավորման գործակալության եւ Ֆինանսական վերահսկողության տեսչության աշխատակիցներն ըստ հաստիքների ինչքա՞ն գումարով են պարգեւատրվել (հարցումների 2-րդ հարցեր):
- Պահանջվող տեղեկությունների տրամադրումը ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Շահնազարյանի կողմից երկու անգամ մերժելու, ինչպես նաեւ ՀՀ ֆինանսների նախարարության Լիցենզավորման գործակալության պետ Կարեն Թամազյանի եւ ՀՀ ֆինանսների նախարարության Ֆինանսական վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանի կողմից տեղեկատվություն տրամադրելու հարցումներին չպատասխանելու եւ այդ ձեւով պահանջվող տեղեկատվությունը չտրամադրելու համար, նրանցից յուրաքանչյուրին տուգանել 30.000 (երեսուն հազար) դրամի չափով:
Դատական առաջին նիստը տեղի ունեցավ 2012 թ.-ի նոյեմբերի 14-ին: Այս գործով նախնական դատական նիստն ավարտվեց, և գործն անցավ դատաքննության փուլ: Հաջորդ դատական նիստը տեղի ունեցավ 2013 թ.-ի մարտի 5-ին, որով դատաքննության փուլն ավարտվեց: 2013 թ.-ի մարտի 20-ին ՀՀ վարչական դատարանը հրապարակեց իր վճռը, որով ամբողջությամբ մերժեց ԻԱԿ-ի հայցը:
2013 թ.-ի հունիսի 1-ին ԻԱԿ-ը բողոքարկել է ՀՀ վարչական դատարանի վճիռը ՀՀ վերաքննիչ վարչական դատարան: Դատական նիստը տեղի ունեցավ 2013 թ.-ի հոկտեմբերի 10-ին: Նշենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը դատաքննության ընթացքում տրամադրել է դատական գործի առարկա դարձած տեղեկությունները, ուստի նիստի ժամանակ ԻԱԿ-ը հաշտություն կնքեց պատասխանողների հետ: Դատարանն իր վճիռը հրապարակեց 2013 թ.-ի հոկտեմբերի 17-ին, որով, հաշվի առնելով կողմերի հաշտությունը, կարճեց դատական գործը:
ՀՀ ֆինանսների նախարարության տրամադրած տեղեկություններին կարող եք ծանոթանալ այստեղ:
ԻԱԿ-ի՝ 2012 թ.-ի հուլիսի 24-ի հայցադիմումին ՀՀ վարչական դատարան կարող եք ծանոթանալ այստեղ:
ՀՀ վարչական դատարանի` 2013 թ.-ի մարտի 20-ի վճռին կարող եք ծանոթանալ այստեղ:
ԻԱԿ-ի` 2013 թ.-ի հունիսի 1-ի վերաքննիչ բողոքին կարող եք ծանոթանալ այստեղ:
ԻԱԿ-ի եւ ՀՀ ֆինանսների նախարարության կնքած հաշտությանը կարող եք ծանոթանալ այստեղ: