ԲԿԳ-ն (Բաց կառավարման գործընկերություն) կամավոր, բազմաշահառու միջազգային նախաձեռնություն է, որի նպատակն է կառավարությունների կողմից ապահովել որոշակի պարտավորություններ իրենց քաղաքացիների նկատմամբ՝ խթանելով թափանցիկությունը, բարելավել քաղաքացիական հասարակությունը, պայքարելով կոռուպցիայի դեմ և օգտագործելով նոր տեխնոլոգիաներ կառավարումն ամրապնդելու համար: ԲԿԳ-ի կենտրոնական առաքելությունն է խթանել բաց կառավարության բարեփոխումներն ու նորարարությունները պետական մակարդակով, ինչպես նաև թափանցիկության, հաշվետվողականության և քաղաքացիների ներգրավվածության ոլորտներում երկրներին առաջ մղել իրենց ներկայիս ելակետից: Բաց կառավարման գործընկերությունը պաշտոնապես մեկնարկել է 2011թ. սեպտեմբերի 20-ին, երբ 8 հիմնադիր կառավարությունները (Բրազիլիա, Ինդոնեզիա, Մեքսիկա, Նորվեգիա, Ֆիլիպիններ, Հարավային Աֆրիկա, Միացյալ Թագավորություն, Միացյալ Նահանգներ) հաստատել են Բաց կառավարման հռչակագիրը և հայտարարել իրենց երկրների գործողությունների ծրագրերը:
2011թ. սեպտեմբերին ՀՀ-ն միացել է “Բաց կառավարման գործընկերություն” նախաձեռնությանը, որի նպատակն է քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ նպաստել կառավարման համակարգի բարելավմանը, բարձրացնել պետություն-քաղաքացի հարաբերությունների թափանցիկության, վստահելիության և հաշվետվողականության մակարդակը:
Բաց կառավարման նախաձեռնության շրջանակներում ՀՀ կառավարությունը, համագործակցելով քաղհասարակության հետ, հաստատել է 5 Գործողությունների ծրագիր, որից 4-n արդեն իրականացված են:
ԲԿԳ հայաստանյան պաշտոնական կայքն է՝ https://ogp.gov.am/
ԲԿԳ նախաձեռնությանը ՀՀ անդամակցության առաջին իսկ օրից Ինֆորմացիայի ազատության կենտրոնն իր հետաքրքրությունը և անմիջական մասնակցությունն է ցուցաբերել գործընթացներին, քանի որ ԲԿԳ հիմքում կարևորագույն և առանցքային տեղ ունի տեղեկատվության ազատությունը (ՏԱ):
ԻԱԿ-ն ակտիվորեն ներգրավված է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության մեջ։ Կենտրոնի ծրագրերի ղեկավար, փորձագետ Լիանա Դոյդոյանն ընդգրկված է ԲԿԳ-ում ՀՀ մասնակցության գործողությունների ծրագրից բխող աշխատանքները համակարգող աշխատանքային խմբում:
ԻԱԿ-ը ոչ միայն մասնակցում է ԲԿԳ շրջանակում Հայաստանի ստանձնած գործողությունների իրականացմանը, այլև գործընկեր ՀԿ-ների աջակցությամբ հետևողականորեն դիտարկում է ՀՀ ստանձնած հանձնառությունների իրականացման գործընթացը: