Հրապարակումներ

Հրապարակումներ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Տեղեկատվության ազատությունը ՀՀ-ում

Տեղեկատվության ազատության (այսուհետ նաև՝ ՏԱ) իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից է, որի պատշաճ օրենսդրական կարգավորման և կիրառման մեխանիզմների բացակայության պայմաններում մարդու համար էապես դժվարանում է մյուս հիմնարար իրավունքների իրականացումը.տեղեկատվության ազատության իրավունքը, տեղեկություններ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը մարդու այլ իրավունքների իրականացման նախապայման է: Տեղեկատվության ազատությունը նաև չափազանց կարևոր է հանրության համար կարևոր դերակատարների և պետական մարմինների գործունեության օրինականության և որոշումների կայացման նկատմամբ հանրային հսկողության առումով։ Տեղեկություններ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը նաև կոռուպցիայի կանխարգելման և բացահայտման, որոշումների կայացման գործընթացում հանրային մասնակցության կարևոր նախապայման է:

2003թ. սեպտեմբերի 23-ին ընդունված և նույն թվականի նոյեմբերի 15-ին ուժի մեջ մտած «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը (այսուհետ նաև՝ ՏԱ մասին օրենք) գործուն մեխանիզմներ է սահմանում տեղեկատվության ազատության պատշաճ կիրառման համար, մյուս կողմից, Հայաստանում քաղաքացիական հասարակության շնորհիվ ձևավորվել է ՏԱ իրավունքի պաշտպանության դրական պրակտիկա: Արդյունքում, ՏԱ մասին օրենքի կարգավորումները մինչ օրս կենսունակ և արդիական են, իսկ ՏԱ մասին օրենքի որևէ փոփոխություն հնարավոր է բացառապես քաղաքացիական հասարակության անմիջական մասնակցությամբ և անվերապահ հավանությամբ:

Այնուամենայնիվ, ՏԱ օրենքի կիրառման պրակտիկայում բազմաթիվ են հիմնախնդիրները։ Օրինակ, օրենքի ընդունումից ի վեր ՀՀ-ում չի վարվում տեղեկատվության ազատության ոլորտի ամբողջական, համապարփակ և միասնական պաշտոնական վիճակագրություն։ Բացի այդ, որոշ պետական կառույցներ չեն վարում տեղեկություն ստանալու հարցումների առանձնացված վիճակագրություն, կամ վարում են առանձին աշխատակիցներ՝ ըստ տեխնիկական հնարավորությունների։ Օրենքով պահանջված վիճակագրություն ներկայացնելու համար անհրաժեշտ գործիքակազմ գերատեսչությունները չեն մշակել։ Պետական մարմիններում չկա նաև տեղեկություն ստանալու հարցումների վիճակագրության հանրայնացման մեկ ընդհանուր ձևաչափ։ Ոլորտում միասնական վիճակագրության բացակայությունն անհնար է դարձնում առկա տվյալների համադրումը, ընդհանուր խնդիրների վերհանումը, համալիր լուծումներ գտնելը և ոլորտում առկա ռեսուրսների արդյունավետ կիրառումը։

ՏԱ ոլորտում առկա իրավիճակի դիտարկումն ըստ էության իրականացվում է հիմնականում մասնագիտացած ՔՀԿ-ների կողմից, որոնց հավաքագրած տվյալները մի կողմից օբյեկտիվ պատճառներով չեն կարող լինել լիարժեք և ամբողջական, մյուս կողմից չեն կարող ամբողջությամբ լրացնել այս ոլորտում առկա կարիքներն ու պետության՝ օրենքով ամրագրված պարտավորությունները։

Մեկ այլ հիմնախնդիր է այն, որ պետական մարմիններում տեղեկություն ստանալու հարցումների մասին տվյալների գրանցման, դասակարգման և պահպանման մեկ ընդհանուր ձևաչափ գոյություն չունի. գերատեսչություններից յուրաքանչյուրն իրականացնում է այն ըստ իր հայեցողության կամ պատկերացման՝ այս կամ այն պատճառով անտեսելով օրենքով ամրագրված պարտադիր պահանջների մի մասը:

Որպես փաստահեն համալիր փաստաթուղթ՝ հետազոտությունը կարող է հիմք դառնալ ՀՀ կառավարության Հանրային կառավարման բարեփոխումների մինչև 2030 թվականի ռազմավարության փաթեթով նախատեսված «Տեղեկատվության ազատության իրավունքի մասին վիճակագրության վարման, մշտադիտարկման և հաշվետվությունների համակարգի մշակում և ներդրում» գործողությունը լիարժեք և ժամանակին իրականացնելու համար։

Այն հնարավորություն կտա պետության նախանշած բարեփոխումներին ընդառաջ ձևավորել տեղեկատվական և մեթոդաբանական ամբողջական բազա, որը կամփոփի ոլորտին առնչվող միջազգային լավագույն փորձը, դրա տեղայնացման հնարավորություններն ու կիրառության համար անհրաժեշտ միջավայրն ու գործիքակազմը՝ համադրելով միջազգային փորձը, հայաստանյան պրակտիկան և հիմնական դերակատարների փորձառությունը։

Սույն ուսումնասիրությունն իրականացրել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Մասնակցային ժողովրդավարությունը գործողության մեջ» ծրագրի շրջանակում, որի հիմնական նպատակն է ապահովել հանրային կառավարման և ժողովրդավարական գործընթացների ոլորտներում որոշումների կայացման փաստահենք և մասնակցային գործընթացը։ Ծրագիրն իրականացնում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպությունը՝ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» և «Քաղաքական երկխոսություն» հասարակական կազմակերպությունների (ՀԿ) գործընկերությամբ։

Տեղեկատվության ազատությունը ՀՀ-ում» ուսումնասիրություն

 Հավելվածներ 1-7

Skip to content