Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Տեղեկատվության ազատ, հասանելի լինելը  կարևոր է ցանկացած ոլորտում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Տեղեկատվության ազատ, հասանելի լինելը կարևոր է ցանկացած ոլորտում

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հաճախ է զրուցում Տեղեկատվության ազատության պատասխանատու պաշտոնատար անձանց հետ, սակայն նրանց հետ շփման ընթացքում արձանագրված տեղեկությունները հիմնականում ամփոփվում են հետազոտությունների տեսքով։

Այս անգամ առաջարկում ենք ՏԱ պատասխանատուների կարծիքներին ծանոթանալու նոր ֆորմատ։ ԻԱԿ-ում պրակտիկա անցնող Սաթենիկ Խալաթյանը տեղեկատվության ազատության մասին իրեն հուզող հարցերն է ուղղել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվության ազատության պատասխանատու պաշտոնատար անձ Զարուհի Մանուչարյանին։

Ի՞նչ դեր ունի տեղեկատվության ազատությունը սոցիալական և աշխատանքային զբաղվածության ոլորտի արդյունավետության տեսանկյունից: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործունեության համատեքստում ինչքանո՞վ է կարևոր, որ տեղեկատվությունը լինի ազատ:

-Կարծում եմ՝ տեղեկատվության ազատությունը չարժե սահմանափակել որևէ ոլորտային շրջանակով․ դրա ազատ, հասանելի լինելը կարևոր է ցանկացած ոլորտում, իսկ երբ խոսքը վերաբերում է մի գերատեսչության, որի կողմից մշակվող քաղաքականությունը, դրանից բխող ծրագրերի ու միջոցառումների արդյունքն անմիջականորեն իր վրա է կրում քաղաքացին, այդ դեպքում տեղեկատվության ազաատության, հասանելիության կարևորությունը կրկնապատկվում է։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ի՞նչ թիմ է աշխատում հասարակայնության կապերի և լրատվության ապահովման համար, արդյոք բավարա՞ր են մարդկային ռեսուրսներն ու նրանց կարողությունը, տեխնիկական հագեցվածությունը՝ բավարարելու այն կարիքները, որոնք ունի այս հսկա նախարարությունը:

-Ճիշտ նկատառում է․ նախարարությունը շատ լայն ու ընդգրկուն ոլորտներ է համակարգում։ Եթե հաշվի առնենք, որ ունենք նաև երեխաների և տարեցների խնամքով զբաղվող, նախարարության ենթակայությամբ գործող պետական ոչ առևտրային 16 կազմակերպություն, ՀՀ բոլոր մարզերում ունենք Միասնական սոցիալական ծառայության ընդհանուր առմամբ 49 տարածքային կենտրոն, «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ», «Նորք» տեխնոլոգիաների կենտրոն և այլն, ստացվում է անսպառ իրազեկման բովանդակություն, գերընդգրկուն սոցիալական մեդիա ներկայացվածություն, բազմաթիվ էջերի համակարգում և այլն։ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի մեր բաժնի ընդհանուր թիմը 5 անձից է բաղկացած։ Կարծում եմ՝ ճկուն թիմ ունեմ, աշխատում ենք հասցնել բոլոր անելիքները։

Լրատվամիջոցների հետ աշխատանքն ինչպե՞ս եք կարողանում կարգավորել, օրինակ՝ լինում են չէ՞ դեպքեր, երբ լրատվամիջոցին ինֆորմացիան շտապ է պետք, իսկ օրենքը, ամեն դեպքում, թույլ է տալիս այն տրամադրել 5 օրվա ընթացքում:

– Փորձում եմ հնարավորինս օպերատիվ աշխատել․ շատ հազվադեպ է պատահում, երբ լրագրողին խնդրեմ, որ զանգից հետո գրությամբ տեղեկանա իրեն հետաքրքրող հարցի մասին։

Որոշակի խնդիրներ արդյոք արձանագրվե՞լ են տեղեկատվության հասանելիության ու թափանցիկության մասով, և արդյոք որոշակի գործողություններ արվո՞ւմ են առկա տեղեկություններն ավելի հասանելի ու թափանցիկ դարձնելու համար:

-Եթե խոսքը նախարարության կողմից տրամադրվող տեղեկատվության թափանցիկության մասին է, ապա աշխատում եմ լրագրող գործընկերներիցս ստացված բոլոր հարցադրումներին ամբողջական արձագանքել․ ամեն դեպքում չեմ տա տեղեկատվություն, որը լրագրողի մոտ ավելի շատ հարցեր կառաջացնի, քան կպարզաբանի խնդիրը։ Երբեմն գուցե լինեն հարցեր մասնավոր դեպքերի առնչությամբ, օրինակ՝ որևէ քաղաքացու առողջական վիճակի, հաշմանդամության խումբ ունենալ-չունենալու, մանկատան սան լինելու և այլնի վերաբերյալ, որոնք, բնականաբար, լրագրողին փոխանցել չենք կարող՝ բժշկական գաղտնիք լինելու, անձնական տվյալներ պարունակելու և այլ հիմքերով։

Հիմնականում ինչպիսի՞ հարցումներ է ստանում նախարարությունը, ի՞նչն է ամենից շատ հետաքրքրում մարդկանց:

-Քաղաքացիների դիմում-հարցումները մեր բաժնի կողմից չեն համակարգվում, իսկ լրագրողների հարցումները բազմաբնույթ են՝ կախված այդ պահի առաջնահերւթյուններից։ Օրինակ՝ պատերազմից հետո հարցումների գերակշիռ մեծամասնությունն արցախցի մեր հայրենակիցներին տրվող աջակցության ծրագրերի, պատերազմի սոցիալական հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումների մասին էր։ Հիմա հարցումները հիմնականում ոլորտային նոր ծրագրերի վերաբերյալ են։

Իսկ տեսողության, լսողության խնդիրներ ունեցող մարդիկ ինչպե՞ս կարող են տեղեկություն ստանալ, հատուկ ձևաչափ գործու՞մ է, թե՞ սովորաբար նրանց հարազատներն են դիմում այդ հարցով:

-Մենք ունենք Քաղաքացիների ընդունելության բաժին, որըը կազմակերպում է քաղաքացիների ընդունելությունը, դիմումների ընդունումը, տեղում քաղաքացու հարցերին արձագանքը և այլն։ Ինչ վերաբերում է Տեղեկատվության և հասարակայանության հետ կապերի բաժնի կողմից ինֆորմացիայի փոխանցմանը՝ մեր պաշտոնական կայքը հարմարեցված է տեսողական խնդիրներ ունեցող քաղաքացիների համար։ Բայց, որ ավելի կարևոր ու համակարգային լուծում է՝ այս տարի նախարարության նախաձեռնությամբ մշակվել է «Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնական կայքերին ներկայացվող մատչելիության պահանջները հաստատելու մասին» նախագիծը։ Դրանով սահմանվում են մի շարք չափորոշիչներ, որոնց ներդնումը կօգնի ապահովել տեղեկատվության հասանելիություն և մատչելիություն՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար, հնարավորություն կստեղծի վեբ բովանդակությունը դարձնել առավել կիրառելի տարեց անձանց համար, կապահովի համընդհանուր հասանելիություն: Նախատեսվող գործիքների ներդնումն ապահովելու համար սահմանված ժամկետը մինչև 2024 թվականի հունվարի 1-ն է։ Այս նախագծի անհրաժեշտությունը բխում է գործող օրենսդրության և ՀՀ-ի կողմից վավերացրած միջազգային կոնվենցիաներով ստանձնած հանձնառություններից։

Արդյոք կա՞ իրազեկման մակարդակի բարձրացման խնդիր սոցիալական և աշխատանքային ոլորտներում, և նախարարությունն այս հարցը ի՞նչ միջոցներով է լուծում, կա՞ն անհրաժեշտ գործիքներ ու մեխանիզմներ:

-Իրազեկման անհրաժեշտություն միշտ և բոլոր ուղղություններով կա․ մեր ոլորտի մասնագետները հաճախ են ասում, որ մենք քաղաքացուն ծառայություն մատուցում ենք ծննդյան պահից մինչև մահ։ Երբ ծրագիրն իրականացվում է մի քանի տասնյակ հազար քաղաքացու համար, միշտ կգտնվի շահառու, ում դժվար կլինի «հասնել» ու տեղեկատվությունն իրեն փոխանցել։ Փորձում ենք բոլոր հնարավոր գործիքներն օգտագործել, բոլոր հարթակները, որտեղ կարծում ենք, որ հետաքրքիր ու արդյունավետ կլինի մեր ներկայությունը, բոլոր ձևաչափերը, որ արդյունավետ կարող են լինել մեր ոլորտի համար փորձում ենք օգտագործել։

Դուք ունեք հնարավորություն գնահատելու ձեր նախարարության ՏԱ մեխանիզմների արդյունավետության մակարդակը, ինչպիսի՞ն կլինի ձեր գնահատականը և ի՞նչ պայմաններով:

-Դժվար է գնահատական տալ․ պիտի կրկնվեմ ու ասեմ, որ փորձում ենք անել ամենը, որ մաքսիմալ ծառայեցնենք մեր հնարավորությունները՝ հօգուտ արդյունավետ իրազեկման։ Մեր աշխատանքի արդյունքն իր իրավունքներից, արտոնություններից տեղյակ, ոլորտային միջոցառումներին ծանոթ, իրազեկված քաղաքացիներն են, իսկ թե որքանով ենք հաջողում, կարող եմ ասել, որ ձգտում ենք առավելագույնին։

Շատերը ֆիքսում են, որ այս դարը ինֆորմացիայի դար է, ու տեղեկություն ստանալու անհրաժեշտությունը զգալի աճել է: Համամի՞տ եք, որ տեղեկատվություն ստանալն այսօր օդի պես անհրաժեշտ մի բան է:

-Այո՛, լիարժեք կիսում եմ կարծիքը ու կարծում եմ նաև, որ այսօր նաև բավական հեշտացել է տեղեկատվությանը հասնելը․ այսինքն, քաղաքացուց շատ ջանք ներդնել պետք չէ իրեն հետաքրքրող բովանդակությանը հասնելու համար: Հանրային կապերի մասնագետները փորձում են տեղեկատվությունն այնպես շրջանառել, որ այն գտնի ընթերցողին։

Skip to content