Սեպտեմբերի 11-ին մեկնարկել էապատեղեկատվության դեմ պայքարի և փաստերի ստուգման թեմայով ցանցային եռօրյա միջոցառում, որին մասնակցում են 4 տասնյակ ՔՀԿ և ՏԻՄ ներկայացուցիչներ ՀՀ տարբեր մարզերից։
Միջոցառման նպատակն է հզորացնել ՔՀԿ-ներին և ՏԻՄ-երին մեդիագրագիտության և փաստերի ստուգման գիտելիքներով և զարգացնել նրանց՝ ապատեղեկատվությանը դիմակայելու կարողությունները։ Միջոցառումն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից, «ՔՀԿ-ների և ՏԻՄ-երի ապատեղեկատվության դիմադրողականության ձևավորում» ծրագրի շրջանակում՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ։
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ծրագրերի համակարգող Մանե Մադոյանը իր ողջույնի խոսքում կարևորեց այն հանգամանքը, որ այս միջոցառումը ՔՀԿ և ՏԻՄ ներկայացուցիչներին ոչ միայն թեմայի մասին գիտելիք ստանալու այլև իրար հետ համագործակցության, երկխոսության գործիքներ գտնելու և հարթակներ ձևավորելու հնարավորություն է տալիս։
«Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Կառավարության հետ համագործակցությամբ մշակել է ապատեղեկատվության դեմ պայքարի ազգային ռազմավորություն, որի ադյունավետ իրականացման գործում խիստ կարևոր է ՔՀԿ-ՏԻՄ փոխգործակծությունն ու ջանքերի մեկտեղումը։ Լիահույս եմ՝ այս միջոցառումը կնպաստի այդ անհրաժեշտ ու կարևոր կապերի ձևավորմանը»,- նշեց Մ․ Մադոյանը։
Միջոցառման երկրորդ օրը ապատեղեկատվությունը դիտարկվում էր ճգնաժամային իրավիճակների համատեքստում։ Օրվա առաջին հատվածում մասնակիցները հուրընկալել էին Ատլանտյան խորհրդի թվային դատաբժշկական հետազոտությունների լաբորատորիայի հետազոտող, փաստերի ստուգման մասնագետ Գիվի Գիգիթաշվիլիին։ Վրացի փորձագետը մասնակիցների համար փաստերի ստուգման բազմապիսի գործնական առաջադրանքներ էր պատրաստել։
Իսկ ավելի ուշ փաստեր ստուգող, լրագրող Տիրայր Մուրադյանը ներկայացրեց, թե ինչպես են փոխակերպվում փաստերի ստուգման գործընթացը և մեդիագրագիտության մոտեցումները ճգնաժամային իրավիճակներում: Նա անդրադարձավ նաև փաստերի ստուգման մեթոդներին:
Մասնակիցների աշխատանքային ևս մեկ օր է սպասվում, այս անգամ քննարկման թիրախում ռազմավարական հաղորդակցությունն է։