Խորհրդատվական զեկույց
Հեղինակներ՝
Արեգ Թադևոսյան, Արման Ղարագուլյան
Սույն խորհրդատվական զեկույցի նպատակն է աջակցել Հայաստանի բուհերին՝ իրենց կրթական ծրագրերում շրջանաձև տնտեսության (ՇՏ) հիմնարար սկզբունքներն ինտեգրելու գործում: ՇՏ-ն առաջարկում է այլընտրանք ավանդական գծային տնտեսությանը, որտեղ ռեսուրսները սպառվում են «վերցնել-ստեղծել-թափել» մոդելով՝ փոխարենը խթանելով վերաօգտագործումը, ռեսուրսների շրջանառությունը և բնական համակարգերի վերականգնումը։
Զեկույցը վերլուծում է ՀՀ բուհական համակարգում ՇՏ-ի ներդրման ընթացիկ իրավիճակը և առաջարկում ռազմավարական ուղղություններ ու գործողությունների ճանապարհային քարտեզ։ Թեև այն հիմնականում կենտրոնանում է տնտեսագիտության և բիզնես կառավարման ֆակուլտետների վրա, սակայն առաջարկում է տարբերակներ նաև հարակից գիտակարգերի համար՝ ինչպիսիք են ինժիներիան, բնապահպանությունը և դիզայնը։
Շրջանաձև տնտեսությանն անցումը Հայաստանի համար ռազմավարական հրամայական է՝ պայմանավորված տնտեսական մրցունակության, ռեսուրսային անվտանգության և միջազգային պարտավորությունների կատարման անհրաժեշտությամբ։ Այս անցման հաջողությունը հիմնովին կախված է անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով զինված մասնագետների նոր սերնդի ձևավորումից, որտեղ բարձրագույն կրթության համակարգն ունի կենտրոնական դերակատարում։
Զեկույցը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ CirculUP! Ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Իմփաքթ Հաբ Ցանցի կողմից` Իմփաքթ Հաբ Երևանի և Շրջակա Միջավայր և Առողջություն ՀԿ-ի հետ համատեղ:
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։