Հետազոտության հիմնական նպատակն է ուսումնասիրել և ներկայացնել Հայաստանում լրագրողների տեղեկություն ստանալու իրավունքի իրացման պրակտիկան՝ բացահայտելով առկա հիմնախնդիրները, խոչընդոտները և առաջարկելով գործնական լուծումներ՝ ուղղված դրանց հաղթահարմանը։
Հետազոտության խնդիրներն են.
- իրականացնել տեղեկատվության ազատության առկա իրավիճակի գնահատում՝ ներկայացնելով լրագրողների տեղեկություն ստանալու պրակտիկայի առանձնահատկությունները,
- բացահայտել լրագրողների մասնագիտական առանձնահատկություններով պայմանավորված հիմնախնդիրները և խոչընդոտները,
- ընդգծել «ՏԱ մասին» ՀՀ օրենքի բացերը, որոնք անմիջական ազդեցություն են ունենում լրագրողների տեղեկություն ստանալու իրավունքի իրացման գործընթացում,
- ներկայացնել լրագրողների տեղեկություն ստանալու իրավունքի լիարժեք ապահովմանն ուղղված առաջարկներ և խորհրդատվականներ՝ ուղղված տարբեր շահառուների և դերակատարների։
Հետազոտության մեթոդոլոգիան ներառում է հետազոտական տարբեր մեթոդների համադրում։ Հետազոտության համար առաջնային տվյալները հավաքագրվել են նախապես մշակված հարցաշարին լրագրողական համայնքի ներկայացուցիչների տված պատասխանների հիման վրա։ Առցանց հարցաշարին պատասխանել է 77 լրագրող, որոնք ներկայացնում են Երևանում և մարզերում գործող տարբեր լրատվամիջոցներ՝ հեռուստատեսություն, ռադիո, տպագիր մամուլ և առցանց լրատվամիջոցներ։ Հարցաշարում ներառված հարցերը վերաբերում են տեղեկատվության ազատության պրակտիկայի ամենատարբեր ասպեկտների՝ տեղեկություն ստանալու հարցումների կազմման փուլից մինչ տեղեկություն ստանալու խախտված իրավունքի վերականգնման մեխանիզմների կիրառում։
Հարցաշարի հիման վրա տվյալների հավաքագրմանը հաջորդել են ոլորտի փորձագետների, պետական կառավարման մարմինների տեղեկատվության ազատության պատասխանատուների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ խորացված հարցազրույցները՝ բացահայտելու խորքային հիմնախնդիրները և մշակելու դրանց լուծմանն ուղղված համալիր առաջարկներ։ Իրականացվել է 11 խորքային հարցազրույց 2024թ.-ի ապրիլի ընթացքում։ Այս հարցազրույցները բացահայտում են տարբեր դերակատարների պատկերացումները արձանագրված խնդիրների խորքային պատճառների և անհրաժեշտ համալիր փոփոխությունների հիմնական ուղղությունների մասին։
Հետազոտողների թիմը նաև տվյալներ է հավաքել հեղինակավոր աղբյուրներից, այդ թվում՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցներից, Եվրոպայի խորհրդի փորձագետների իրականացրած ուսումնասիրություններից, հրապարակված պաշտոնական վիճակագրությունից, տեղեկատվության ազատության ոլորտում մասնագիտացած կառույցի՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի (այսուհետ նաև՝ ԻԱԿ) վերջին տարիներին իրականացրած հետազոտություններից, ինչպես նաև միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությունից։
Հետազոտության մեթոդաբանությունը ներառում է նաև պրակտիկայի անմիջական դիտարկումները։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ամենօրյա ռեժիմով խորհրդատվություն է տալիս գործող լրագրողներին տեղեկություն ստանալու իրավունքի իրացման մեխանիզմների վերաբերյալ։ Այս պրակտիկ դեպքերն օգնել են հետազոտողներին արձանագրել լրագրողների համար ամենախոցելի խնդիրները։
Հետազոտական թիմը նաև իրականացրել է ոլորտի իրավական դաշտի ուսումնասիրություն՝ գույքագրելով առկա բացերը և դրանց պրակտիկ դրսևորումները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև՝ ՏԱ օրենք) բարելավման կարիքին և անհրաժեշտությանը։ Հետազոտության բոլոր ենթաբաժիններում ներկայացված են խնդրո առարկա հիմնախնդրի օրենսդրական կարգավորումները՝ ներառյալ ազգային օրենքների և միջազգային փաստաթղթերի դրույթները։
Հետազոտությունն իրականացվել է Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի շրջանակում Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ինտերնյուս Նեթվորքի ենթադրամաշնորհառու Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները:
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. 2024