ԱԺ-ն օրերս 57 կողմ, 31 դեմ ձայնով ընդունեց «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որով ոստիկանությանը թույլատրվում է հանրային վայրերում տեսանկարահանում և լուսանկարահանում իրականացնել: Որոշման մասին տարատեսակ կարծիքներ են հնչում, ընդդիմադիր գործիչներից շատերը դեմ են այս նախագծին, մինչդեռ ոստիկանությունից նշում են, որ նախագիծն իրենց որևէ նոր լծակ չի տալու:
Ի տարբերություն ընդդիմադիր գործիչների, «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» ղեկավար Շուշան Դոյդոյանը ողջունում է այս նախագիծը՝ նշելով, որ մինչ այժմ ոստիկանությունը տեսանկարահանում և լուսանկարահանում իրականացնում էր առանց օրենսդրական կարգավորումների, իսկ այս նախագծով վերջ կդրվի բարձիթողի վիճակին: Հարցին, թե արդյոք սա միջամտություն չէ մարդու անձնական կյանքին, Դոյդոյանը դրական պատասխան տվեց, սակայն հիշեցրեց, որ այն ունի հատուկ նպատակ՝ հանցագործությունների կանխումը, իսկ եթե միջամտությունը այլ նպատակ հետապնդի, ապա այդ պարագայում արդեն կլինի հակաօրինական: Նշենք, որ նախագիծը ներկայացնելիս ոստիկանությունից պնդում էին, որ պարտավորվելու են ապահովել տեղեկությունների հավաքման և օգտագործման նպատակի լեգիտիմությունը, կհստակեցվեն մասնավոր կյանքի ոլորտ ոստիկանական միջամտության սահմանները: Ըստ նախագծի՝ տեսանյութերը կամ լուսանկարներն այլ նպատակներով օգտագործելը, այդ թվում` հրապարակելը, արգելվում է: Թե որքանով այս խոստումները կիրականանան՝ կապրենք, կտեսնենք: Մանրամասները՝ տեսանյութում:
Լիլիթ Շաբոյան
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/33271.html
© factor.am