Հրապարակումներ

Հրապարակումներ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ԻԱԿ կարծիքը նոր ընդունված «Հանրային տեղեկությունների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ

Ընդհանուր առմամբ, «Հանրային տեղեկություննեի մասին» ՀՀ օրենքի ընդունումը դրական քայլ է, որի կիրարկմամբ երկրում կապահովվեն թվային հանրային տեղեկությունների անվտանգությունը և հասանելիությունը, ինչպես նաև պետական տեղեկատվական համակարգի ձևավորումը և արդիականացումը։ Օրենքի 23-րդ հոդածով նախատեսվում է ստեղծել ինքնավար մարմին՝ հանձնաժողով «Հանրային տեղեկությունների մասին» օրենքով սահմանված պահանջների նկատմամբ հսկողություն եւ վերահսկողություն իրականացնելու նպատակով։ Հանձնաժողովն ապահովում է տեղեկատվական համակարգերի եւ կիբեռանվտանգության բնագավառում օրենսդրությամբ իր իրավասության ներքո գտնվող խնդիրների իրականացումը, կազմակերպում է տեղեկատվական համակարգերի անվտանգության միջոցառումների համակարգի մշակման աշխատանքները եւ համակարգում է տեղեկատվական համակարգերի անվտանգության միջոցառումների իրականացումը՝ ապահովելով նաև պետական թվային ծառայությունների անխափան եւ անվտանգ աշխատանքը։ Նշենք, որ այս հանձնաժողովի կարգավիճակի և լիազորությունների շրջանակի հետ կապված՝ քաղաքացիական հասարակության բազմաթիվ մտահոգությունները լուծված են օրենքի ընդունված տարբերակում։

Օրենքը մի շարք նոր կարգավորումներ է սահմանում, որոնք լրացնում են տեղեկատվության ազատության օրենսդրության գործիքակազմը։ Մասնավորապես, օրենքի 6-րդ հոդվածով սահմանվում է տեղեկատվության մատչելիության ապահովումը թվային անվտանգ միջավայրում՝ նախատեսելով, որ տեղեկություն տնօրինողների պարտականությունն է ապահովել տեղեկությունների հասանելիությունը թվային մեքենայաընթեռնելի ձեւաչափով: Միաժամանակ սահմանվում է, որ եթե տեղեկության բացահայտման համար տեղեկության փոխակերպումը թվային ձեւաչափի անհնար է կամ այդպիսի փոխակերպումն անհամաչափ մեծ ջանք կամ ռեսուրս է պահանջում տեղեկատվության տնօրինողից, ապա տրամադրվում է մուտք բաց տեղեկություններին՝ իրենց սկզբնական ձևաչափով կամ ցանկացած այլ ձևաչափով:

Տեղեկատվության ազատության իրավահարաբերություններին է առնչվում նաեւ օրենքի 7-րդ հոդվածը՝ Տեղեկությունների բացահայտումը, որը տեղեկատվություն տնօրինողի կողմից օրենքով սահմանված կարգով հասանելիության տրամադրումն է տեղեկություններին՝ առանց տեղեկություն պահանջող անձի կողմից հարցում կատարելու: Օրենքը սահմանում է, որ Տեղեկությունների բացահայտումը (միջազգային տերմինը՝ proactive disclosure) ներառում է նաեւ այդ տեղեկությունների օրենքով սահմանված կարգով բազմակի օգտագործման իրավունքը, որը սահմանվում է օրենքի 5-րդ հոդվածով։ Տեղեկությունների բազմակի օգտագործում է իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից տեղեկությունների ստացումը և օգտագործումը օրենքով չարգելված ցանկացած նպատակի համար։

Օրենքի 8-րդ հոդվածը նախատեսում է պաշտոնական կայքերի պարտադիր լինելը, մասնավորապես՝ Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի եւ վարչապետի աշխատակազմերը, պետական կառավարման համակարգի մարմինները, անկախ եւ ինքնավար պետական մարմինները, տարածքային կառավարման մարմինները, օրենքով սահմանված կարգով խոշորացված համայնքները պարտավոր են ունենալ եւ սպասարկել պաշտոնական կայքէջեր, ապահովել դրանց անվտանգությունը: Նշվում է նաև, որ պաշտոնական կայքերին ներկայացվող պահանջները մշակելիս հաշվի է առնվում նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները:

Թեև «Հանրային տեղեկությունների մասին» օրենքն ընդհանուր առմամբ առաջադեմ է, սակայն առկա են մի շարք խնդիրներ, որոնք իրավակիրառ պրակտիկայում կարող են խոչընդոտել տեղեկատվություն ստանալու իրավունքի արդյունավետ իրականացմանը։ Մասնավորապես.

  1. Օրենքի 7-րդ հոդված 3-րդ կետով սահմանվում է տեղեկատվության պրոակտիվ հրապարակման կանոնը, ինչը սահմանվում է նաև Տեղեկատվության ազատության մասին օրենքի 7-րդ հոդվածով։ Նոր կարգավորման համաձայն՝ տեղեկատվություն տնօրինողները պարտավոր են անհապաղ, բայց ոչ ուշ քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում բացահայտել իրենց գործունեությանն առնչվող այն տեղեկությունները եւ դրանցում կատարված փոփոխությունները, որոնք օրենքով սահմանված կարգով չեն դասակարգվել պետական գաղտնիքի կամ սահմանափակ տարածման այլ տեղեկությունների շարքին: Սա, փաստացի, առաջացնում է մի իրավիճակ, երբ տեղեկություն տնօրինողը պարտավոր է առանց որևէ բացառության հրապարակել այն բոլոր տեղեկությունները, որոնք գաղտնիք չեն համարվում։ Առաջին հայացքից՝ տրամաբանական ու գովելի պահանջ է, բայց պրակտիկայում այն կարող է ստեղծել մի շարք խնդիրներ։ Պետական մարմինները ստիպված են լինելու բառացիորեն հրապարակել ցանկացած բաց տեղեկություն, ինչն ակնհայտորեն անհամատեղելի է իրենց իրական գործառույթների և ռեսուրսների հետ։ Միևնույն ժամանակ, այս մոտեցումը իմաստազուրկ է դարձնում հարցման հիման վրա տեղեկություն ստանալու մեխանիզմը, որի նպատակը հենց այն է, որ մարդը կարողանա դիմել և ստանալ այն բաց տվյալները, որոնք հրապարակված չեն, բայց հարցման դեպքում պետք է տրամադրվեն դիմողին։
    Ավելին, նման պահանջը կարող է պետական մարմիններին դրդել ավելի մեծ ծավալով տվյալներ գաղտնագրել՝ դրանց հրապարակման պարտավորությունից խուսափելու նպատակով։ Սա անմիջականորեն վնասում է տեղեկատվության ազատությանը։
  2. «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրեքի հետ որոշակի հակասություն է ստեղծում օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ կետը՝ սահմանելով, որ տեղեկությանը թվային ձեւաչափով հասանելիություն ապահովելու համար կատարվող ողջամիտ ծախսերը ենթակա են հատուցման: Սա որոշակիորեն հակասում է ՏԱ մասին ՀՀ օրենքի 10-րդ հդովածի 2-րդ կետին, որով սահմանվում է, որ վճար չի կարող գանձվել տեղեկությունը էլեկտրոնային փոստով (ինտերնետային ցանցով) տրամադրելիս։ Այսպիսով, ՏԱ մասին օրենքն ասում է՝ էլեկտրոնային եղանակով տեղեկության տրամադրումն անվճար է, իսկ նոր կարգավորումը նախատեսում է փոխհատուցում թվային ձևաչափով տեղեկությունների տրամադրման համար կատարված ծախսերի համար։ Այս առումով հատկապես պրակտիկ կիրառման ընթացքում կարևոր է այն սկզբունքի ապահովումը, որ գանձվող գումարը չի կարող գերազանցել տեղեկության տրամադրման համար կատարված փաստացի և ողջամիտ ծախսերը:
  3. Օրենքի 6-դ հոդվածը սահմանում է նաեւ տեղեկությունների բացահայտման ժամկետները՝ տեղեկատվություն տնօրինողները պարտավոր են անհապաղ, բայց ոչ ուշ քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում բացահայտել իրենց գործունեությանն առնչվող այն տեղեկությունները եւ դրանցում կատարված փոփոխությունները, որոնք օրենքով սահմանված կարգով չեն դասակարգվել պետական գաղտնիքի կամ սահմանափակ տարածման այլ տեղեկությունների շարքին: Սա որոշակիորեն ավելի սեղմ ժամկետ է սահմանում տեղեկությունների հրապարակման համար, քան սահմանված է ՏԱ մասին օրենքի 7-րդ հոդվածով (այստեղ 10-օրյա ժամկետ է սահմանված)։ Բայց քանի որ նոր կարգավորումն ավելի բարենպաստ պայման է նախատեսում տեղեկություն փնտրողների համար, սա կարելի է գնահատել որպես առաջընթաց՝ հակասություն լինելով հանդերձ։
  4. Ռիսկային ենք համարում նույն հոդվածի վերջին դրույթը, ըստ որի՝ տեղեկատվության բացահայտման կարգը և շրջանակը սահմանում է կառավարությունը։ Այս մոտեցումը լուրջ խնդիր կարող է առաջացնել, քանի որ տեղեկությունների բացահայտման շրջանակը պետք է ամրագրվի հենց օրենքով՝ ոչ թե ենթաօրենդրական ակտով։ Օրենսդրական մակարդակի կարգավորումն ապահովում է ավելի մեծ կայունություն, կանխում է քաղաքական փոփոխություններից բխող անհարկի սահմանափակումները և երաշխավորում է, որ տեղեկատվության բացահայտման չափորոշիչները կամայական չեն փոփոխվի։ Սա կարող է լրջորեն վտանգել տեղեկատվության ազատության կայունությունը և իրավական կանխատեսելիությունը։ Այսպիսով, տեղեկատվության բացահայտման բովանդակային շրջանակը պետք է ամրագրվի օրենքով՝ որպես անփոփոխ և երաշխավորված նվազագույն շեմ, իսկ Կառավարությանը վերապահվի միայն տեխնիկական ընթացակարգը սահմանելու հարցը։

Այսպիսով, «Հանրային տեղեկությունների մասին» 2025թ.-ի դեկտեմբերին ընդունված օրենքն ընդհանուր առմամբ դրական առաջընթաց կարող է ապահովել տեղեկատվության ազատության ոլորտում, սակայն օրենքում առկա որոշ վիճահարույց դույթներ իրավակիրառ պրակտիայում կարող են ստեղծել խնդիրներ, ուստի դրանք անհրաժեշտ է շտկել սեղմ ժամկետներում։

Skip to content