Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է 2015 թվականի երրորդ եռամսյակի (հուլիս-սեպտեմբեր) Սև ցուցակը:
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար պարոն Երվանդ Զախարյան – 2015թ.-ի հուլիսի 9-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը` խնդրելով տեղեկություններ 2012, 2013 և 2014թ.թ.-ին նախարարության ստացած դրամաշնորհների վերաբերյալ: Պատասխանը համարվել է անհիմն, քանի որ նախարարությունը հղում է արել ՀՀ պետական բյուջեի մասին համապատասխան տարվա օրենքի հավելվածներին, ինչը ոչ պատշաճ հղում է, քանի որ հավելվածները չեն պարունակում կոնկրետ այն տեղեկությունները, որոնք պահանջել է ԻԱԿ-ը: http://www.givemeinfo.am/hy/case/1687/
- ՃՈ պետ պարոն Արմեն Հակոբյան – 2015թ.-ի հուլիսի 10-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանությանը` խնդրելով տրամադրել տեղեկություններ 01.01.2015-01.07.2015թ.թ.-ին ՃՈ մասնակցությամբ դատական գործերի վերաբերյալ: Հարցումն ուղարկելուց 18 օր անց ՃՈ-ն տրամադրել է անհիմն պատասխան: Պատասխանը համարվել է անհիմն, քանի որ տեղեկության տրամադրման համար ՃՈ-ն պահանջել է 3000 ՀՀ դրամ, ինչը չի համապատասխանում “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի կանոնակարգումներին, որոնց շրջանակում ԻԱԿ-ը հարցում էր ներկայացրել ՃՈ-ին: http://www.givemeinfo.am/hy/case/1716/
- Երեւանի քաղաքապետ պարոն Տարոն Մարգարյան – 2015թ.-ի սեպտեմբերի 9-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Երևանի քաղաքապետարանին` խնդրելով տեղեկություններ “Համալսարանականներ” համատիրության վերաբերյալ: Քաղաքապետարանը հարցմանը չի պատասխանել: http://www.givemeinfo.am/hy/case/1756/
- Արթիկի քաղաքապետ պարոն Արսեն Աբրահամյան – 2015թ.-ի օգոստոսի 28-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Արթիկի քաղաքապետարանին` խնդրելով տեղեկություններ 01.01.2015թ.-01.07.2015թ. քաղաքապետարանի դեմ եղած դատական գործերի վերաբերյալ: Քաղաքապետարանը հարցմանը չի պատասխանել:
http://www.givemeinfo.am/hy/case/1736/ - “Ծարավ աղբյուր” համատիրության կառավարիչ պարոն Հովհաննես Ստեփանյան – 2015թ.-ի օգոստոսի 21-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր “Ծարավ աղբյուր” համատիրությանը՝ խնդրելով տեղեկություններ համատիրության կանոնադրության, կառավարման մարմինների կազմի և ծախսերի վերաբերյալ: Համատիրությունը հարցմանը չի պատասխանել: http://www.givemeinfo.am/hy/case/1751/
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը յուրաքանչյուր եռամսյակ հրապարակում է տվյալ ժամանակահատվածում մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը խախտած գերատեսչությունների ղեկավար պաշտոնատար անձանց Սեւ ցուցակ։ Օգտագործելով եռամսյակային տվյալները` ԻԱԿ-ը հրապարակում է տարեկան Սեւ ցուցակը: Սեւ ցուցակում հայտնվում են այն պետական կառավարման մարմիների, ՏԻՄ-երի կամ հանրային նշանակության կազմակերպությունների ղեկավարները, ովքեր.
- չեն պատասխանում տեղեկատվություն ստանալու հարցումներին,
- տեղեկատվություն ստանալու հարցումներին պատասխանում են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված ժամկետների խախտմամբ (չնայած «Տեղեկատվության ազատության մասին»ՀՀ օրենքը ՏԱ գրավոր հարցումներին պատասխանելու համար սահմանում է 5 աշխատանային օրյա ժամկետ, ԻԱԿ-ը հաշվարկում է լրացուցիչ 4 աշխատանքային օր` որպես փոստային առաքման ժամկետ: Ուստի, պատասխանը համարվում է ժամկետ խախտած, եթե այն չի ստացվել ՏԱ հարցումն ուղարկելուց 9 աշխատանքային օր հետո),
- անհիմն մերժում են տեղեկատվություն ստանալու հարցումները,
- թերի, ոչ լիարժեք, կամ կեղծ տեղեկատվություն են տրամադրում,
- տեղեկատվության տրամադրման համար անօրինական վճարներ են սահմանում եւ/կամ գանձում,
- տեղեկատվության տրամադրման ոչ պատշաճ աղբյուրների են հղում կատարում,
- պատշաճ կերպով չեն հրապարակում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունները օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում (Հոդվածներ 3 եւ 7)։
Առավել մանրամասն՝ https://www.foi.am/hy/years/