Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետևողական ջանքերի շնորհիվ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական ինտերնետային կայքի Շուկայի վերահսկողության պետական տեսչության բաժնում (www.mineconomy.am) տեղադրվեցին տվյալ ծառայության կողմից իրականացված ստուգումների արդյունքները:
Նշենք, որ վերջին շրջանում շուկայի վերահսկողության պետական տեսչությունն իրականացրել էր աղմկահարույց ստուգումներ տնտեսվարող սուբյեկտների կողմից ոչ պարենային ապրանքների, ծառայությունների, տեխնիկական կանոնակարգերով և ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ, ինչի մասին սպառողը տեղեկատվություն էր ստանում միայն ԶԼՄ-ներից, այն էլ՝ ոչ ամբողջական:
Ուստի, ԻԱԿ-ը 05.10.2012թ. թիվ 183-ի 6 հարցմամբ դիմել է Շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ պարոն Լևոն Խալիկյանին՝ խնդրելով հայտնել, թե որտե՞ղ և ի՞նչ կարգով է Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը հրապարակում “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունները:
Հարցմանն ի պատասխան ստացվել է Շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լ. Խալիկյանի գրությունն այն մասին, որ անհրաժեշտ տեղեկատվությունը զետեղված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայք- էջում` www.mineconomy.am հասցեով:
Սակայն ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայք-էջում www.mineconomy.am հասցեով Շուկայի վերահսկողության պետական տեսչության մասով բացակայում է Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունները, մասնավորապես, այդպիսիք առկա չեն կայք-էջի` Շուկայի վերահսկողության պետական տեսչությանը վերաբերող հետևյալ հասցեում` www.mineconomy.am/arm/49/gortsaruyt.html:
ԻԱԿ-ը 20.11.2012թ.-ին դիմել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարին՝ խնդրելով ապահովել, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ավել, քան յոթ օրվա ընթացքում, ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայք-էջում տեղադրվի Շուկայի վերահսկողության պետական տեսչության վերաբերյալ` Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված տեղեկատվությունը:
Եվ 2012թ. դեկտեմբերի 3-ի դրությամբ, արդեն ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայք-էջի շուկայի վերահսկողության պետական տեսչության բաժնում, տեղադրված են տվյալ ծառայության կողմից իրականացված 2011 և 2012թթ.. ստուգումների ամփոփ հաշվետվությունները, ստուգումների ընթացքում պահանջվող փաստաթղթերը, ստուգաթղթերի լրացման վերաբերյալ ուղեցույց, տեսչության հասցեն, հեռախոսահամարները, նաև՝ օրենսդրության փաթեթը, որի շրջանակներում աշխատում է նշյալ կառույցը: