Մայիսի 2-3-ին, Աղվերանում Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՀՀ Գլխավոր դատախազության հետ համատեղ կազմակերպել էր աշխատանքային քննարկում` 10 լրագրողների եւ 10 մարզային ու համայնքային դատախազների մասնակցությամբ: Թեման` “Տեղեկատվության եւ արտահայտվելու ազատությունները ՀՀ դատախազության համակարգում”:Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը: Պարոն Սարգսյանը կարեւորեց նման հանդիպումը, քանի որ “այսպիսի հանդիպումների ժամանակ ձեւավորվում է փոխադարձ վստահություն, եւ լրագրողներն էլ ավելի լավ են պատկերացնում դատախազական գործունեությունը: Կարեւորում եմ, որ լրագրողները մեզ նաեւ օժանդակեն, քանի որ ամեն հաղորդում, մամուլի արձագանք մեզ համար ահազանգ է”:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանն իր խոսքում ընդգծեց, որ “նմանօրինակ հանդիպումները հնարավորություն են ստեղծում դատախազների եւ լրագրողների միջեւ երկխոսություն ծավալելու, իսկ փոխադարձ վստահությունը ձեւավորվում է հենց երկխոսության արդյունքում”:
Աշխատանքային քննարկման օրակարգում ընդգրկված էին վիճահարույց մի քանի խնդիրներ` տեղեկատվության ազատության առանձնահատկությունները ՀՀ դատախազության համակարգում, տեղեկատվության եւ արտահայտվելու ազատությունները եւ անմեղության կանխավարկածը, ինչպես նաեւ` տեղեկատվության եւ արտահայտվելու ազատությունները եւ նախաքննական գաղտնիք հասկացությունները: Իրավիճակային քննարկումների եւ բանավեճերի արդյունքում մասնակիցներն առավել հանգամանալից եւ ամբողջական պատկերացումներ էին ստանում վերոնշյալ հարցերի վերաբերյալ:
ՀՀ Գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Աշրաֆյանը խոսեց անմեղության կանխավարկածի մասին: Լրագրողներին հետաքրքրում էին, թե որտե±ղ են հատվում տեղեկատվության եւ արտահայտվելու ազատությունները եւ անմեղության կանխավարկածը: “Անմեղության կանխավարկածը իրավունքի հետ ծնված գաղափար է: Քանի դեռ ուժի մեջ չի մտել դատավճիռը, գործում է անմեղության կանխավարկածը”: Բանախոսը նաեւ ավելացրեց, որ լրագրողները կարող են հանրությանը ներկայացնել փաստի արձանագրում, սակայն ձեռնպահ մնալ ասելուց, թե ով է մեղավոր, ով` անմեղ: “Սա այն բնագավառն է, երբ իրավապահները ցանկանում են որեւէ գործի վերաբերյալ տարածել սահմանափակ տեղեկատվություն, դատողություններ չանել` անմեղության կանխավարկածը չխախտելու համար, իսկ լրագրողներն էլ ձգտում են առավել շատ ինֆորմացիա տալ հանրությանը` ապահովելու համար թափանցիկությունն ու հրապարակայնությունը: Արդյունքում տեղի է ունենում իրականության եւ ինֆորմացիայի բախում”,- ավելացրեց պարոն Աշրաֆյանը:
Արմավիրի դատախազ Հակոբ Ղարախանյանը հստակեցրեց, որ միայն հայերենում է, որ մեղադրյալ բառը գոյական է, մյուս լեզուներում այդ բառն ածական է, այսինքն` որակում է մարդուն: Երբ քաղաքացին կամ լրագրողը որեւէ մեկին, օրինակ, անվանում է կաշառակեր, այդ ժամանակ անմեղության կանխավարկածը չի գործում, բայց երբ գործ է հարուցվում, արդեն նույն անձին այդ կերպ անվանելու ժամանակ գործում է անմեղության կանխավարկածը:
Լոռու դատախազ Կարեն Շահբազյանը խոսեց տեղեկատվության եւ արտահայտվելու ազատությունների եւ նախաքննական գաղտնիք հասկացությունների մասին: “Լինում են դեպքեր, երբ լրագրողները շուտափույթ տեղեկատվություն են ուզում որեւէ գործի վերաբերյալ, այնինչ գործի քննության համար մի քանի ժամն անգամ կարեւոր նշանակություն ունի”:
ԻԱԿ եւ ԱԺ փորձագետ Մարինե Հակոբյանն էլ խոսեց դատախազության համակարգում տեղեկատվության ազատության առանձնահատկությունների մասին: Նա մանրամասնեց ՏԱ օրենքը, պարտադիր հրապարակման ցանկը, ինչպես նաեւ ներկայացրեց տեղեկատվության տրամադրման մերժման հիմքերի մասին: Լոռու դատախազ Կ. Շահբազյանին հետաքրքրում էր, որ եթե իրենք տեղեկություն ստանալու հարցում են ստացել եւ դատախազությունը չի տնօրինում այդ տեղեկատվությանը, ինչպես նաեւ տեղյակ չէ, թե տվյալ գործը քննչական որ մարմնում է, ինչպե±ս պետք է պատասխանեն: Մարինե Հակոբյանը մեկնաբանեց, որ այդ դեպքում պետք է պարզապես նշել, որ Լոռու դատախազությունը չի տնօրինում տվյալ տեղեկատվությանը:
Քննարկմանը ներկա դատախազներին հետաքրքրում էր, թե արդյոք դատախազությունը պարտավո±ր է պատասխանել տեղեկատվության այն հարցումներին, որոնց առաջնային տնօրինողը իրենք չեն: Պատասխանը հետեւյալն էր. դատախազությունը պարտավոր չէ պատասխանել այդ հարցումներին, կարող է միայն ուղորդել, թե ով է հասցեատերը: Հակառակ պարագայում ստացվում է, որ տարբեր կառույցների վերաբերյալ պետք է դատախազությունը տեղեկատվություն տա, քանի որ մի շարք կառույցների գործունեության վերաբերյալ դատախազությունը տիրապետում է լիարժեք տեղեկատվության:
“Աշխատանքային քննարկումը բավականին արդյունավետ եւ հետաքրքիր անցավ: Սակայն հաջորդ անգամ կցանկանայինք, որ նման քննարկումներին մասնակցեն նաեւ ոստիկանության պատասխանատու պաշտոնյաներ, քանի որ կուտակված բավականին հարցեր կան, որոնք կպարզաբանվեն համատեղ հանդիպման ժամանակ”,-երկօրյա սեմինարի ավարտին արձանագրեցին մասնակիցները:
Միջոցառումն իրականացվում էր ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ “Տեղեկատվության ազատությունը որպես համայնքային մասնակցության միջոց” ծրագրի շրջանակում: