



Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի հետ համատեղ, կազմակերպում է առցանց դասընթացների շարք՝ նվիրված հակամարտությունների ընթացքում լրագրողների աշխատանքի առանձնահատկություններին։ Իրենց գիտելիքն ու փորձը մասնակիցներին են փոխանցում բազմամյա փորձառություն ունեցող լրագրող-փորձագետներ, ովքեր լուսաբանել են նաև արցախյան 44-օրյա պատերազմը։ Նրանք պատմում են՝ ինչպես լուսաբանել հակամարտությունները՝ նպաստելով դրա խաղաղ կարգավորմանն ու պահպանելով անձնական անվտանգությունը։
Մարտի 18-ին իր փորձառության մասին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներին և դասախոսներին պատմեց Վուդի Քսիմշիտին Մեծ Բրիտանիայից, միջազգային լրագրող, ով հակամարտությունները լուսաբանում է թարգմանության կարիք չունեցող լեզվով՝ լուսանկարների միջոցով։ Վիզուալ լրագրության մասնագետը նաև դասավանդման մեծ փորձ ունի․ Վուդին անցկացնում է ֆոտոլրագրության և վավերագրական լուսանկարչության դասընթացներ, ունի նաև հատուկ կրթական մոդուլ՝ նախատեսված հակամարտություններ լուսաբանել ցանկացողների համար։
Հանդիպման ընթացքում Վուդի Քսիմշիտին ներկայացրեց իր փորձը, պատմեց այն հմտությունների մասին, որոնց պետք է տիրապետի լրագրողը՝ հակամարտություններ լուսաբանելիս: Նա նշեց, որ տպավորված է արցախցու հյուրասեր, բարի և միևնույն ժամանակ խիզախ տեսակով և հավելեց, որ առաջիկայում ֆիլմ է պատրաստելու Արցախի մասին:
Հանդիպման երկրորդ մասում մասնակիցները իրենց հարցերն ուղղեցին Վուդիին. նրա հետաքրքիր պատասխանները և կենսագրական հարուստ փորձը, որ լրագրողը հասցրել է ձեռք բերել տարբեր հակամարտություններ լուսաբանելիս, շատ տպավորեցին ուսանողներին և պրոֆեսորադասախոսական կազմին:
Դասընթացները կրելում են շարունակական բնույթ և անցկացվում են անգլերեն-հայերեն համաժամանակյա թարգմանությամբ։
Աղբյուրը՝ Ժուռնալիստ.am
Հանդիպման ձայնագրությունը՝ այստեղ