Ներկայացնում ենք Ինֆորմացիայի ազատության կենտրոնի դիտարկումներն ու առաջարկները իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում քննարկման ներկայացված «Հանրային տեղեկությունների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: Այսպես.
1. Որոշ սահմանումներ վերաձևակերպման անհարժեշտություն ունեն։ Մասնավորապես.
«1.1 տեղեկություններին հասանելիություն- տեղեկություն պահանջող անձի հարցմանը պատշաճ կարգով պատասխանելու կամ թվային անվտանգ միջավայրում ծառայություններ մատուցելու կամ տեղեկության բացահայտմամբ տեղեկատվության ազատության իրականացման եղանակ.»
Ամենայն հավանականությամբ այստեղ access to information հասկացության մասին է խոսքը։ Այս դրույթը կարծում ենք արժե փոխարինել «տեղեկությունների մատչելիություն» սահմանմամբ, որը դեռևս 2003 թվականին ընդունված «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում օգտագործվող եւ լայնորեն կիրառվող հասկացություն է։ Ինչպես նաև, մատչելիությունն առավել ընդգրկուն է, որը նաև ներառում է ֆիզիկական դժվարություններ ունեցող անձանց համար տեղեկությունների մատչելիության իրավունքի իրացումը։ Այս բացադրիչը եւս պետք է ձևակերպման մաս կազմի։ Սահմանման մեջ պետք է նաև հստակորեն նշել, որ մատչելիությունը իրականացվում է ինչպես տեղեկություն ստանալու հարցումների հիման վրա, այնպես էլ տեղեկությունների պրոակտիվ հրապարակման միջոցով։
Հրապարակված տեղեկությունները պետք է լինեն ամբողջական, հասկանալի, ժամանակին, բաց տվյալների ձևաչափով և հասանելի ֆիզիկական սահմանափակումներ ունեցող անձանց համար՝ ապահովելով ներառականության լայն շրջանակ։
«1.2 բաց տեղեկություն – տեղեկություններ, որոնց կարող է հասանելիություն ստանալ, օգտագործել, փոփոխել և տարածել յուրաքանչյուր ոք.»
Այստեղ խոսքը գնում է ոչ թե տեղեկությունների, այլ տվյալների մասին, առաջարկում ենք վերաձևակերպել դրույթը «բաց տվյալներ»։ Ինչպես նաև անհաժեշտ է այստեղ ներառել նաև բաց տվյալների ձևաչափի սահմանումը (open data format)։
2. Որոշակի հակասություններ են առաջ գալիս Նախագծի 6-րդ հոդվածի և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 10-րդ հոդվածների կարգավորումների միջև, որոնք վերաբերում են վճարներին։ Նախագծով առաջարկվում է, որ «Տեղեկությանը թվային ձևաչափով հասանելիություն ապահովելու համար կատարվող ողջամիտ ծախսերը ենթակա են հատուցման»։ Մինչդեռ, ՏԱ մասին օրենքով հստակ սահմանվում է, որ տեղեկությունների տրամադրումը էլեկտրոնային եղանակով անվճար է։ Անհրաժեշտ է նախագծի դրույթը համապատասխանեցնել գործող կարգավորումներին։ Ինչպես նաև անհրաժեշտ է սահմանել, որ նախատեսվող վճարի չափը չի կարող գերազանցել այդ տեղեկության տրամադրման ծախսերը։ Սա կարևորագույն սկզբունք է, որն ապահովում է նախատեսվող վճարների համաչափությունը և համապատասխանում է տեղեկատվության ազատության օրենսդրության կանոններին։
3. ՀՈԴՎԱԾ 7․ Տեղեկությունների բացահայտումը
Նախագծի այս հոդվածն ամենայն հավանականությամբ վերաբերում է պրոակտիվ հրապարակայնությանը եւ որոշակիորեն նոր կանոններ է սահմանում ՏԱ մասին օրենքի համեմատ։ Մասնավորապես, սահմանում է տեղեկությունների պարտադիր հրապարակման ավելի սեղմ ժամկետ՝ 10 օրվա փոխարեն առաջարկելով 5 աշխատանքային օր։ Ակնհայտորեն, այս դրույթը հակասության մեջ է ՏԱ մասին օրենքի 7-րդ հոդվածի հետ։ Նախագծի 7-րդ հոդվածի 5-րդ ենթակետը նշում է, որ տեղեկությունների բացահայտման կարգը և շրջանակը սահմանվում են կառավարության կողմից, մինչդեռ տեղեկությունների բացահայտման շրջանակը պետք է սահմանվի օրենքով՝ անհիմն սահմանակոումներից եւ անկայունությունից խուսափելու համար։ Ի դեպ, ՏԱ մասին օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով է հենց սահմանվում պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունների շրջանակը։ Նաև օգտագործված տերմինաբանությունը որոշակի շփոթ է առաջացնում՝ արդյոք խոսքը գնո՞ւմ է պարտադիր հրապարակման տեղեկությունների մասին, թե սա նոր կարգավորում է։ Այս հոդվածում հստակության ապահովման, կրկնություններն ու հակասությունները բացառելու անհրաժեշտություն կա։
4. Որևէ հավելյալ արժեք չի պարունակում նախագծի 8-րդ հոդվածը։ Այն միայն նշում է, որ պետական և ՏԻՄ մարմինները պետք է կայք ունենան, առանց սահմանելու պաշտոնական կայքերին ներկայացվող նվազագույն արդիական պահանջները։
5. Առաջարկում ենք ինքնավար մարմնի լիազորությունների թվում նախատեսել նաև հստակ լիազորություններ Արհեստական բանականության կառավարման ոլորտում։ Մասնավորապես սահմանել իրավական և տեխնիկական կարգավորումների շրջանակ ԱԲ համակարգերի համար։ Մասնավորապես կարող են սահմանվել հետևյալ լիազորությունները.
– Ստեղծել պետական գրանցման և հավաստագրման համակարգ ԱԲ մոդելների համար, որոնք կիրառվում են պետության կամ խոշոր բիզնեսների կողմից, կամ լիցենզավորել ԱԲ կիրառող մեծ ծառայությունները,
– Ստեղծել ԱԲ թափանցիկության և հաշվետվողականության չափանիշներ,
– Մշակել ռիսկերի գնահատման մեխանիզմներ ԱԲ գործիքների և մոդելների համար,
– Աջակցել ԱԲ նորարարությանն ու հետազոտություններին՝ միաժամանակ ապահովելով անվտանգություն,
– Իրականացնել հանրային իրազեկում, կրթություն և թվային գրագիտության բարձրացման ծրագրեր։