Փաստերը
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը 2022թ․ օգոստոսի 19-ին հայցադիմում է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի՝ զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու և 2 միլիոն դրամի փոխհատուցում վճարելու պահանջներով (դատական գործ թիվ ԵԴ/43227/02/22)։ Հայցի առիթը ՍՊԸ-ին պատկանող «Hraparak.am» կայքում 2022թ․ հուլիսի 21-ին հրապարակված՝ «Հրաչը՝ ներսում, Ավինյանը՝ դրսում. բախումներ չեն լինի» հոդվածն է։
Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ հոդվածում զրպարտչական է հետևյալ նախադասությունը․ «Քաղաքի կառավարման հարցերում ակտիվ դերակատարում ունեն նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և նրա եղբայրը՝ Արամ Հարությունյանը, ով մասնավոր ընկերություն ունի և իրենով է անում փողոտ ծրագրերը»: Ըստ հայցվորի` այստեղ ներկայացված են հակաիրավական արարքներ կատարելու մասին տվյալներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են իր պատիվն ու արժանապատվությունը։ Բացի այդ, Արայիկ Հարությունյանի պնդմամբ, խնդրո առարկա տվյալները համապատասխանում են զրպարտություն որակելու մյուս չափանիշներին՝ դրանք վերացական կամ ենթադրական չեն, այլ կոնկրետ են և ներկայացվել են հրապարակայնորեն։
2024թ. դեկտեմբերի 24-ին դատարանը կայացրել է վճիռ, որով մասնակի բավարարել է հայցը՝ լրատվամիջոցը պարտավորեցվել է հրապարակել հերքում և հօգուտ հայցվորի վճարել 226 հազար դրամ, որից 200 հազարը՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցում, 26 հազարը՝ պետական տուրքի գումար:
Իր ակտում դատարանը նշել է, որ մինչ հայցվորին հասցեագրված արտահայտությունը գնահատելը, նախ անհրաժեշտ է պարզել, թե արդյո՞ք լրատվամիջոցը կարող է պատասխանատվություն կրել զրպարտության համար այն դեպքում, երբ հոդվածի հեղինակը Լուսինե Շահվերդյանն է։ Դատարանը գտել է, որ, անկախ այն հանգամանքից, որ պատասխանող ընկերության կայքում տեղ գտած հրապարակման վերևի հատվածում նշված է Լուսինե Շահվեդյանի անունը, միևնույն է՝ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի իմաստով վերջինս հանդիսանում է չնույնականացվող աղբյուր, քանի որ բացի անունից և ազգանունից, առկա չէ անձին նույնականացնող որևէ տվյալ, մասնավորապես՝ բնակության կամ հաշվառման հասցեն, կամ եթե նա լրատվական գործունեությունն իրականացնում է որպես անհատ ձեռնարկատեր՝ պետական հաշվառման համարը:
Անդրադառնալով պատասխանողի՝ խնդրո առարկա հոդվածի հեղինակ չհանդիսանալու պնդմանը, դատարանը արձանագրել է, որ լրատվամիջոցը չի ներկայացրել որևէ ապացույց առ այն, որ կայքում հրապարակում կատարած անձը տվյալ ընկերության հետ ունի գործարք, որի հիման վրա էլ «Հրապարակ» օրաթերթը կհամարվեր միայն որպես տարածող և ոչ՝ հեղինակ։ Հետևաբար՝ Լուսինե Շահվեդյանը չի կարող համարվել լրատվական գործունեություն իրականացնող անձ, և պատասխանատվություն պետք է կրի լրատվամիջոցը:
Վերլուծելով հայցվորին հասցեագրված նախադասությունը, ըստ դրա առանձին մասերի, դատարանը եզրակացրել է, որ «Քաղաքի կառավարման հարցերում ակտիվ դերակատարում ունեն նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը․․․» արտահայտությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ քաղաքի տարածքային կառավարմամբ զբաղվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, իսկ Երևանի սեփականությունը համարվող ենթակառուցվածքների կառավարումը իրականացնում է Երևանի քաղաքապետը։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նման իրավասությամբ օժտված չէ, և նրան հակաօրինական արարք վերագրելով՝ արատավորվում է նրա պատիվը և արժանապատվությունը: Դատարանը նաև արձանագրել է, որ հրապարակված տվյալները/տեղեկությունները ոչ հավաստի են, ուղղակիորեն հասցեագրված են hայցվորին և զրպարտչական բնույթ ունեն:
Ըստ դատարանի՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի եղբորը ևս վերագրվում է հակաիրավական արարք: Թեև հրապարակման մեջ եղբոր անունը սխալմամբ գրվել է Արամ Հարությունյան, այնուամենայնիվ, բովանդակությունից ակնհայտ է, որ խոսքը Արայիկ Հարությունյանի եղբոր՝ Արման Հարությունյանի մասին է, և վերջինիս պատվի և արժանապատվության արատավորումն ազդում է նաև հայցվորի՝ որպես բարձրաստիճան պաշտոնատար անձի բարի համբավի վրա՝ թյուր կարծիք ձևավորելով նրա ընտանիքի մասին։
Անդրադառնալով պատասխանատվության միջոցի ընտրության հարցին՝ դատարանն արձանագրել է, որ պատասխանող ընկերությունն ակտիվ լրատվական գործունեություն է իրականացնում, սակայն գործի քննության ընթացքում չի ներկայացրել իր գույքային դրության վերաբերյալ տեղեկություններ, ինչը որոշակի դժվարություններ է ստեղծում նյութական հատուցման չափը որոշելու հարցում: Իսկ դրամային փոխհատուցում սահմանելիս պետք է ընտրել այնպիսի չափ, որպեսզի լրատվամիջոցի բնականոն գործունեությունը չխաթարվի։ Հաշվի առնելով, որ տվյալ հայցով պահանջվող գումարի բռնագանձումը կարող է խոչընդոտել պատասխանողի աշխատանքը և անհամաչափ կերպով սահմանափակել նրա խոսքի ազատությանը, դատարանն իր հայեցողությամբ փոխհատուցման չափը սահմանել է 200 հազար դրամ և համարել է դա ողջամիտ գումար։
Դատական ակտի հրապարակումից հետո Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է գրառում, որով ողջունել է վճիռը ու նշել, որ դա եզակի դեպքերից է, որ դիմել է դատարան, ու դա արել է այն պատճառով, որ լրատվամիջոցները «բոլոր չափերն անցնում են» նման նյութեր հրապարակելով։ Նա նշել է նաև, որ մինչ այդ դիմել է ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնին oragir.am և 24news.am կայքերի հրապարակումների առնչությամբ, ու հորդորել է պաշտոնյաներին ավելի շատ դիմել այդ մարմնին, քան դատարաններ։
ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ
Դատական վարույթում պատասխանող լրատվամիջոցը փաստարկել է, որ չի կարող ենթարկվել պատասխանատվության Լուսինե Շահվերդյանի հոդվածի համար, քանի որ դրա հեղինակը չէ, այլ ընդամենը հանդիսանում է այդ հրապարակումը տարածող հարթակ, իսկ Լուսինե Շահվերդյանը՝ իր աղբյուրը, հետևապես, լրատվամիջոցը պաշտպանված է Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 6-րդ և 9-րդ կետերով։ Ի պատասխան, դատարանը եզրահանգել է, որ «Հրապարակ» օրաթերթը, որպես լրատվական գործունեություն իրականացնող, կարող է կրել պատասխանատվություն Լուսինե Շահվերդյանի հեղինակած հոդվածի համար, քանի որ նրա անհատական տվյալները, որպես հեղինակի, բացակայում էին լրատվամիջոցի հարթակում, և լրատվամիջոցը չի ներկայացրել ապացույց, որ Լուսինե Շահվերդյանը հանդիսանում էր լրատվամիջոցի հարթակում տվյալ նյութը հրապարակող ինքնուրույն հեղինակ, իսկ լրատվամիջոցը՝ ընդամենը տարածող հարթակ։
Դատարանի այս եզրահանգման կապակցությամբ Խորհուրդը գտնում է, որ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 6-րդ մասում սահմանված է այն աղբյուրների սպառիչ ցանկը, որոնց տարածած տեղեկությունների բարեխիղճ վերարտադրության դեպքում անձն ազատվում է պատասխանատվությունից։ Այդ ցանկում բացակայում է հիշատակում լրագրողի մասին։ Տվյալ դրույթի առարկան կոնկրետ հինգ աղբյուրներից ստացված տեղեկության վերարտադրության համար պատասխանատվության բացառումն է, և դրանք հետևյալ աղբյուրներն են՝ լրատվական գործակալությունը, ֆիզիկական անձի հրապարակային ելույթը, պաշտոնական փաստաթուղթը, լրատվության այլ միջոցը և հեղինակային որևէ այլ ստեղծագործությունը։ Այս ցանկը, կրկնում ենք, սպառիչ է։ Օրենսդիրը նպատակ չի ունեցել որպես տեղեկատվության աղբյուր սահմանել նաև լրագրողին, ով հեղինակում է իր իսկ հոդվածը։ Հետևաբար, Խորհուրդը չի գտնում, որ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 6-րդ մասը կիրառելի է տվյալ վեճի նկատմամբ․ «Հրապարակ» օրաթերթը ոչ թե վերարտադրել է այլ աղբյուրի՝ Լուսինե Շահվերդյանի հրապարակած տեղեկությունը, այլ հրապարակել է լրագրող Լուսինե Շահվերդյանի հեղինակած հոդվածը, և տվյալ դեպքում թև՛ լրատվական գործակալություն իրականացնողը, թև՛ լրագրողը ձեռք են բերում համատեղ իրավունքներ և կրում են համապարտ պատասխանատվություն՝ քանի դեռ այլ բան նախատեսված չէ նրանց միջև կնքված քաղաքացիաիրավական պայմանագրով։ Իսկ լրատվամիջոցը, ըստ դատարանի, չի ներկայացրել այդպիսի հատուկ պայմանավորվածության վերաբերյալ որևէ ապացույց։
Ինչ վերաբերում է 1087.1 հոդվածի 9-րդ կետին, որի վրա նույնպես, ի պաշտպանություն իրեն, հղում է կատարել «Հրապարակ» օրաթերթը, ապա այդտեղ նշված «կամ լրատվական գործունեություն իրականացնողը, օգտվելով տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու իր իրավունքից, չի հայտնում հեղինակի անունը» ձևակերպումը նունպես վերաբերում է ոչ թե լրագրողին, այլ նրա աղբյուրին։ Հետևաբար, այս դրույթը նույնպես կիրառելի չէ քննվող վեճի նկատմամբ. տվյալ դեպքում Լուսինե Շահվերդյանը հանդիսացել է ոչ թե լրատվական գործունեություն իրականացնողի աղբյուր, այլ լրագրող, լրատվական գործունեություն իրականացնողի (լրատվամիջոցի) հեղինակ, և նրանք համատեղ կերպով համարվում են հրապարակողներ։ Իսկ քանի որ լրատվամիջոցը դատավարության ընթացքում չի ներկայացնել տվյալներ լրագրողի անձի մասին, որի դեպքում հայցվորը հնարավորություն կունենար հայցում ներառել նաև լրագրողին, հայցվորը օրենքով սահմանված կարգով հայցն ուղղել է լրատվամիջոցի՝ որպես խնդրո առարկա նյութի հրապարակողի դեմ։ Այսինքն՝ այս մասով Խորհուրդը սկզբունքորեն համամիտ է դատարանի հետ, հատկապես՝ եթե հաշվի առնենք, որ հենց լրատվամիջոցն է կայացրել տեղեկությունը հրապարակելու որոշումը և դարձել այդ նյութի տարածման առաջին հարթակը։
Ի տարբերություն սրա՝ Խորհուրդը համաձայն չէ դատարանի այն եզրահանգման հետ, որ «Քաղաքի կառավարման հարցերում ակտիվ դերակատարում ունեն նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը․․․» արտահայտությունն արատավորում է հայցվորի հեղինակությունը։ Խորհուրդը հակված է այս արտահայտությունը դիտարկել որպես բարձրաստիճան պաշտոնատար անձանց քննադատության թույլատրելի շրջանակում ասված խոսք, որն անհրաժեշտ է ժողովրդավարության համար։ Միևնույն ժամանակ նկատելի է, որ հեղինակը բավարար ջանքեր չի գործադրել արտահայտությունը ներկայացնելու այնպես, որ հստակորեն պարզ լինի, թե Արայիկ Հարությունյանի՝ քաղաքի կառավարմանը մասնակցություն ունենալու մասին պնդումը փաստացի տեղեկությու՞ն է, թե՞ գնահատողական դատողություն։ Այդուհանդերձ, Խորհուրդը, առաջնորդվելով ժողովրդավարական հասարակությունում քննադատական խոսքի կարևորության ուղենիշով՝ գտնում է, որ նշված արտահայտությունը չունի անձի հեղինակությանը վնաս պատճառելու այնպիսի աստիճան, որը գերազանցել է բարձրաստիճան պաշտոնատար անձի՝ իր հանրային գործունեությանն ուղղված քննադատությանը հանդուրժողաբար վերաբերվելու հանրային պարտավորության շրջանակը։
Անհրաժեշտ է նաև անդրադառնալ դատարանի եզրահանգմանը Արայիկ Հարությունյանի եղբոր վերաբերյալ, մասնավորապես, որ եղբորը վերագրված արարքը կարող է արատավորել հայցվորին։ Այս փաստարկը ակնհայտ անհիմն է և իրավական համարվել չի կարող։ Նման մեկնաբանությամբ խախտվում է արարքի և սուբյեկտի անհատականացման սկզբունքը․ վիրավորանքի և զրպարտության գործերով չի կարող անձին հասցված վնասի համար հետևանքներ կրել մեկ ուրիշը, որքան էլ այդ անձի հետ ընտանեկան կամ բարեկամական կապեր լինեն։
Ելնելով վերոգրյալից՝ Խորհուրդը եզրակացնում է, որ տվյալ գործով դատարանի վճիռն անհամաչափ սահմանափակում է լրատվամիջոցի՝ տեղեկություններ ու գաղափարներ տարածելու իրավունքը։
Տեղեկատվական վեճերի խորհուրդ
Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) – Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ
Արա Ղազարյան – «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն
Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ
Արամ Աբրահամյան – «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Աշոտ Մելիքյան – Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ
Օլգա Սաֆարյան – Փաստաբան