Ծրագրեր

Ծրագրեր

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ուղեցույցը ներկայացնում է էլեկտրոնային հարցումների e-request միասնական հարթակն օգտագործելու պայմաններն ու ընթացակարգերը՝ դարձնելով դրանք հասանելի և կիրառական։ Երևան 2024

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

106. ՏՎԽ կարծիք․ Վարդան Բադասյանն ընդդեմ Նարեկ Մանթաշյանի և լրատվամիջոցների

Փաստերը

2020 թվականի հուլիսի 10-ին քաղաքացի Վարդան Բադասյանը հայցադիմում է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Նարեկ Մանթաշյանի, «Նյուզ Էյ Էմ» ՍՊԸ-ի, «Դատաբլոգ» ՍՊԸ-ի, «Անալիտիկ» ՍՊԸ-ի, «Ալտերնատիվ.Էյէմ»-ի և «Այպրես.ԷյԷմ»-ի՝ զրպարտություն պարունակող տվյալները հրապարակայնորեն հերքելու, լրատվության միջոցներով հերքում հրապարակելու և պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասը փոխհատուցելու պահանջներով (տե՛ս թիվ ԵԴ/20756/02/20 դատական գործը և դրանից առանձնացված թիվ ԵԴ/4169/02/23 դատական գործը): Հայցվորը ներկայացրել է, որ 2020 թվականի հունիսի 9-ին բլոգերներ Նարեկ Մանթաշյանը և Կորյուն Գրիգորյանը ռեստորանում մոտեցել են այն ժամանակվա ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանին և խոսակցության բռնվել նրանց հետ, որի վերջում Նարեկ Մանթաշյանը հնչեցրել է Ռուստամ Բադասյանի հոր՝ հայցվոր Վարդան Բադասյանի վերաբերյալ հետևյալ արտահայտությունը՝ «Հայրիկին էլ կբարևեք՝ որպես նախկին կոռուպցիոներ»։ Միջադեպը ուղիղ եթերով հեռարձակվել է Կորյուն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջում,  իսկ ավելի ուշ արդեն իր էջով տեսագրությունը տարածել է նաև պատասխանող Նարեկ Մանթաշյանը։ Այնուհետև տեսանյութը վերահրապարակել են մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում սույն գործով պատասխանողները՝ վկայակոչելով հրապարակման աղբյուրը։ Վարդան Բադասյանն իր հայցում պնդել է, որ Նարեկ Մանթաշյանի «Հայրիկին էլ կբարևեք՝ որպես նախկին կոռուպցիոներ» արտահայտությունը զրպարտող է։

2024 թվականի մարտի 18-ին դատարանը կայացրել է վճիռ, որով հայցն ընդդեմ Նարեկ Մանթաշյանի բավարարել է, իսկ լրատվամիջոցների մասով՝ մերժել է։ Ինչ վերաբերում է փոխhատուցմանը, ապա ներկայացրած 2 մլն դրամի պահանջը վճռով նվազեցվել է մինչև 300 հազար դրամ, իսկ փաստաբանի վարձատրության գումարը բավարարվել է 50 հազար դրամի չափով։ Դատարանը նաև պարտավորեցրել է Նարեկ Մանթաշյանին «Նյուզ Էյ Էմ» ՍՊԸ-ի, «Դատաբլոգ» ՍՊԸ-ի, «Անալիտիկ» ՍՊԸ-ի, «Ալտերնատիվ.Էյէմ»-ի և «Այպրես.ԷյԷմ»-ի լրատվության միջոցներով, ինչպես նաև «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի Նարեկ Մանթաշյան օգտանունով էջում հրապարակել հերքում հետևյալ տեքստով․ «Ես՝ Նարեկ Մանթաշյանս, հերքում եմ 2020 թվականի հունիսի 9-ին իմ կողմից հրապարակայնորեն հնչեցված և զրպարտչական բնույթի տարրեր պարունակող՝ Վարդան Բադասյանի՝ նախկինում կոռուպցիոներ լինելու վերաբերյալ հայտարարությունը: Իմ տիրապետության տակ չեն եղել և չկան փաստեր, որոնք կհիմնավորեն Վարդան Բադասյանի՝ նախկինում կոռուպցիոներ լինելու հանգամանքը»:

Վարդան Բադասյանը վճռի դեմ բողոք է ներկայացրել Վերաքննիչ քաղաքացիական դատարան։ Այն ընդունվել է վարույթ, սական դատական քննության օր դեռ չի նշանակվել։ Պատասխանողները վճիռը չեն բողոքարկել։

Եզրահանգում

ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման համաձայն՝ որպեսզի հայտարարությունը Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի իմաստով համարվի հրապարակային, բավարար է, եթե այն հնչեցվում է առնվազն մեկ այլ անձի ներկայությամբ կամ նրան հաղորդակից դարձնելով։ Տվյալ դեպքում հայտարարությունն արվել է երեք անձի ներկայությամբ։ Այնուհետև Նարեկ Մանթաշյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է այդ երկխոսության տեսանյութը, ինչը նույնպես կարող է համարվել զրպարտող բնույթի հրապարակային հայտարարության ինքնուրույն դրվագ։

Խորհուրդը համամիտ է դատարանի հետ, որ վիճահարույց արտահայտությունը զրպարտող է, քանի որ, ելնելով հասարակական պատկերացումներից ու ձևավորված ավանդույթներից, այն իր էությամբ անձի պատիվը և արժանապատվությունը արատավորող է։ Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք նման հայտարարությունը կարելի՞ է որակել որպես գնահատող դատողություն, ապա անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, նախ, որ պատասխանողները չեն ներկայացրել այդպիսի փաստարկ, իսկ Նարեկ Մանթաշյանն էլ դատարանում չի բերել որևէ հիմնավորում, որ խնդրո առարկա հայտարարությունն անելու համար նա ունեցել է որոշակի փաստական հիմքեր։ Այս առումով Վճռաբեկ դատարանն իր նախադեպային որոշումներից մեկում նշել է, որ «Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներով պաշտպանվում է բացասական կարծիքի կամ գնահատող դատողության արտահայտումն այնքանով, որքանով այն հիմնված է հաստատված կամ ընդունված փաստերի վրա: Ի տարբերություն փաստերի, որոնք կարող են ներկայացվել և հիմնավորվել, գնահատող դատողությունները չեն կարող ապացուցվել ․․․ գնահատողական դատողությունը կարող է անընդունելի համարվել, քանի որ այն առանց փաստական հիմքի կարող է չափազանցված համարվել» (Վճռաբեկ դատարանի 21/07/2020թ․ որոշումը ԵԴ/7480/02/18 քաղաքացիական գործով, էջ 8):

Հաշվի առնելով վերը նշվածը՝ Խորհուրդը գտնում է, որ տվյալ դեպքում առանց որևէ փաստական հիմքի հնչեցված արատավորող բնույթի հրապարակային հայտարարությունը չի կարող համարվել գնահատող դատողություն ու պաշտպանվել ազատ խոսքի իրավունքով։ Բացի այդ, Նարեկ Մանթաշյանի կողմից վիճահարույց արտահայտության օգտագործումը պայմանավորված չէր որևէ հանրային շահով։ Հետևաբար, պատասխանողի՝ «Հայրիկին էլ կբարևեք՝ որպես նախկին կոռուպցիոներ» հայտարարությունը զրպարտող բնույթ ունի։

Խորհուրդը ողջունելի է համարում այն, որ դատարանը խախտումը ճանաչել է պատասխանողներից միայն Նարեկ Մանթաշյանի մասով, իսկ լրատվամիջոցների մասով, որոնք վերահրապարակել են նրա տարածած տեսանյութը, խախտում չի ճանաչել։ Ըստ դատարանի՝ տվյալ դեպքում լրատվամիջոցները գտնվել են 1087.1 հոդվածի 9-րդ հոդվածի պաշտպանության տակ, քանի որ գործել են բարեխիղճ և նյութը վերահրապարակելիս նշել են տեղեկատվության աղբյուրը։

Սրա հետ մեկտեղ Խորհուրդն իր անհամաձայնությունն է հայտնում դատավճռի այն մասի հետ, որով Նարեկ Մանթաշյանին պարտավորեցվում է սահմանված հերքումը, բացի իր ֆեյսբուքյան օգտահաշվից, հրապարակել նաև այն լրատվամիջոցներում, որոնք վիճարկվող նյութը վերահրապարակել էին իրենց էջերում։ Այդպիսի պարտադրանքը հատկապես անընդունելի է, եթե հաշվի առնենք, որ հայցն ընդդեմ այդ լրատվամիջոցների դատարանը մերժել է, և Նարեկ Մանթաշյանի հնարավորություններից դուրս է խմբագրություններին ստիպել, որ նրանք հերքում հրապարակեն։ Առավելագույնը, որ այս դեպքում դատարանը կարող էր անել, դա պատասխանողից պահանջելն էր, որ նա դիմի վերոհիշյալ լրատվամիջոցներին՝ հերքման տեքստն իրենց մոտ տեղադրելու համար։ Իսկ ընդառաջել այդ դիմումին և հրապարակել հերքումը, թե՝ ոչ, դա արդեն խմբագրությունների որոշելիքը պետք է լիներ։ Դատական գործով կողմ չհանդիսացող լրատվամիջոցների համար օրենքն այլ բան չի նախատեսում։

 

Տեղեկատվական վեճերի խորհուրդ

Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) – Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ

Արա Ղազարյան – «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն

Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ

Արամ Աբրահամյան – «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Աշոտ Մելիքյան – Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ

Օլգա Սաֆարյան – փաստաբան

Skip to content