Փաստերը
2024 թվականի հունիսի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ ավարտելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության գործով քննությունը, կայացրել է վճիռ, որով հայցը մասնակիորեն բավարարել է։ Ըստ այդմ՝ պատասխանողը պարտավորեցվել է հերքել իրեն պատկանող «Uic.am» կայքում հրապարակված նյութի զրպարտություն համարվող տվյալները՝ հետևյալ տեքստով․ ««www.uic.am» կայքում 21.07.2023թ. հրապարակվել է լրատվական հոդված այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը օգտագործում է այլ համայնքների վարչական ռեսուրսը՝ Երևանի ընտրությունների համար ձայներ հավաքելու մեջ: Հայտնում ենք, որ դա չի համապատասխանում իրականությանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպությունը զրպարտել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:»: Թեև դատարանը մերժել է հասարակական կազմակերպությունից հօգուտ կուսակցության 1 միլիոն դրամ բռնագանձելու պահանջը, սակայն որոշել է պատասխանող ՀԿ-ից հօգուտ հայցվորի բռնագանձել 20 հազար ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի, ինչպես նաև 150 հազար դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։ Վճռվել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հօգուտ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության բռնագանձել 50 հազար դրամ՝ որպես պատասխանողի փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։
Հիշեցնենք, որ Տեղեկատվական վեճերի խորհուրդը 2024թ․ հունվարի 26-ի Թիվ 99 կարծիքում անդրադարձել է այս դատական գործին, որի առիթը «Uic.am» կայքում հրապարակված «ՔՊ-ն այլ համայնքների վարչական ռեսուրսն օգտագործելով ձայն է հավաքում Ավինյանի համար» նյութն է։ Այդ հրապարակմամբ, ըստ էության, ներկայացվում են «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կազմակերպած հեռախոսազրույցների ձայնագրությունները, որոնք վկայում են, որ Սպիտակի տարածաշրջանի տարբեր համայնքներում դրանց ղեկավարներն աշխատանք են տանում, որ տեղի բնակիչների երևանցի բարեկամները մայրաքաղաքի ավագանու ընտրություններին քվեարկեն իշխող ուժի օգտին։
Վերոհիշյալ՝ թիվ 99 կարծիքում ՏՎԽ-ն եզրահանգել էր, որ նյութի հեղինակները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իրավունքների խախտում թույլ չեն տվել, որ ԻՔՄ-ն հետապնդել է իրավաչափ նպատակ՝ իրազեկել հանրությանը ընտրախախտումների մասին, որ վիճարկվող արտահայտությունները փաստական հիմքեր ունեցող գնահատողական դատողություններ են, և դրան ներկայացվել են հավասարակշռված ու բարեխղճորեն, հետևաբար՝ հրապարակումը գտնվում էր Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի պաշտպանության տակ։ Խորհուրդը նաև գտել է, որ կուսակցության կողմից զրպարտության հիմքով դատական հայց ներկայացնելն ընդդեմ իրավապաշտպան կազմակերպության անհրաժեշտ չէ ժողովրդավարական հասարակությունում և հորդորել է ՔՊ-ին հետ վերցնել իր հայցադիմումը։
Թիվ 99 կարծիքը հրապարակելու պահի դրությամբ դատաքննությունը դեռ ընթացքի մեջ էր, և քանի որ կայացված վճիռը սկզբունքորեն տարբերվում է փորձագիտական եզրակացությունից, Խորհուրդն անհրաժեշտ է համարել կրկին անդրադառնալ խնդրին և լրացուցիչ հիմնավորել իր դիրքորոշումը։
Եզրահանգում
Դատարանը գտել է, որ հասարակական կազմակերպության հրապարակման մեջ չկան ապացույցներ առ այն, որ նախընտրական շրջանում կուսակցության կողմից վարչական ռեսուրսներ օգտագործելու մասին տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը։ Իր այդ եզրահանգումը դատարանը հիմնավորել է նրանով, որ թեև նյութում առկա է ակտիվ հղում ձայնագրությունների վրա, պատասխանողը չի ներկայացրել, թե «երբ, որտեղ, ում կողմից, ինչպես և ինչ պայմաններում են արվել այդ ձայնագրությունները», ու քանի որ չի պահպանվել այդ պահանջը, որը սահմանված է Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասով, ապա ձայնագրությունները չեն կարող հանդիսանալ հետազոտման ենթակա ապացույցներ սույն գործով։
Փաստորեն, կիրառվել է ապացույցի չափազանց բարձր շեմ, որը գրեթե անհաղթահարելի է մասնագիտական գործունեության այնպիսի տեսակների համար, ինչպիսիք են, օրինակ, հետաքննող լրագրությունը կամ փաստերի ստուգման գործառույթը։ Այս մոտեցումն, ըստ էության, առարկայազուրկ է դարձնում նաև լրագրողական աղբյուրների գաղտնիության իրավունքը․ ստացվում է, որ ցանկացած նման հանգամանքում հրապարակման հեղինակը ստիպված պետք է լինի բացահայտել իր աղբյուրը, որպեսզի հաղթահարի ապացուցման բեռը սպասարկելու դատավարական պահանջը։ Անկախ այս ամենից, դատարանը չի նկատել կամ անտեսել է, որ նյութում առկա է իր կողմից բարձրացված «ու՞մ կողմից» հարցի պատասխանը․ ձայնագրությունները զուգորդվում են ենթագրերով, որոնցում ներկայացվում են տեղեկատվության աղբյուրները՝ զրուցակիցները։
Խնդրո առարկա նյութն ուշադրությամբ վերլուծելու դեպքում կարելի է գտնել նաև դատարանի բարձրացրած այլ հարցերի պատասխանները։ Օրինակ՝ «ե՞րբ», ակնհայտ է՝ Երևանի ավագանու ընտրությունների նախաշեմին (ավելի ստույգ օրն ու ժամը տվյալ դեպքում էական չեն)։ Կամ՝ «ո՞րտեղ» հարցի պատասխանն էլ դժվար չէ գտնել․ ՀԿ-ն Երևանից հեռախոսազանգեր է կազմակերպել Սպիտակի տարածաշրջանի տարբեր համայնքներ, որոնց անվանումները ենթագրերում նշվում են, և զրուցել է դրանց ղեկավարների հետ։ Այս առումով նույնպես ավելի ստույգ տվյալների խիստ կարիք չկա։ Իսկ ինչ վերաբերում է «ինչպե՞ս և ի՞նչ պայմաններում» հարցերին, ապա սրանք դատարանի կողմից ներկայացված հենց այն չափազանցված պահանջներն են, որոնց արդեն անդրադարձանք վերևում և որոնց պատասխանները նույնպես որոշ առումով առկա են, իսկ դրանց մանրամասները վճռորոշ ազդեցություն չէին կարող ունենալ նյութի ընկալման և սույն վեճի լուծման համար։ Հետևաբար, դատարանի կիրառած ապացույցի չափանիշը տվյալ հանգամանքում անիրավաչափ է։
Մինչդեռ՝ շարունակելով իր վերլուծությունը նույն հունով, դատարանն այդ անընդունելի չափանիշից բխեցրել է, որ պատասխանողը տեղեկությունները ներկայացնելիս չի դրսևորել բարեխղճություն։ Ստացվում է՝ եթե լրատվամիջոցի ապացույցները, այդ թվում աղբյուրների մասին, չեն համապատասխանում իրեն ներկայացված անիրավաչափ պահանջներին, ապա նա գործել է անբարեխղճորեն։ Այնինչ, դատարանը պետք է հաշվի առներ պատասխանողի առաքելությունն ու դրա հանրային նշանակությունը և այս հիմքով եզրակացներ, թե արդյո՞ք առաջադրված պահանջներով անհամաչափ սահմանափակող ազդեցություն չի թողնի կազմակերպության գործունեության վրա։ Փաստորեն, մրցակցող լեգիտիմ շահերը հավասարակշռելու փոխարեն դատարանը կիրառել է կանխավարկած, որով խնդրո առարկա հրապարակման նկատմամբ չափազանց խիստ պահանջներ է ներկայացրել և անհիմն միջամտություն իրականացրել ՀԿ-ին պատկանող փաստերի ստուգման հարթակի գործունեությանը։
Նմանապես կիրառվել է նաև մեկ այլ կանխավարկած․ ըստ դատարանի՝ քանի որ լրատվամիջոցը չի ներկայացրել տեղեկատվության իրականությանը համապատասխանելու ապացույց և չի հիմնավորել, որ գործել է բարեխղճորեն, հետևաբար՝ վիճարկվող հրապարակման հեղինակները ունեցել են կուսակցության բարի համբավը արատավորելու դիտավորություն։
Խորհուրդը գտնում է, որ այս եզրահանգումը նույնպես անիրավաչափ է, չի բխում գործի նյութերից և խնդրո առարկա հրապարակման բովանդակությունից։ Նախ, ինչպես նշվեց, վիճարկվող նյութը գրեթե ամբողջությամբ բաղկացած է հեռախոսազրույցների ձայնագրություններից, որոնք ինքնաբերաբար հանում են տեղեկությունների հավաստիության և բարեխղճորեն վերարտադրելու հարցերը։ Բացի այդ, դատարանը քննության չի առել պատասխանող կազմակերպության գործունեության բնույթը, նպատակները, մասնագիտական պատմությունը, որոնք կարևոր հանգամանքներ են զրպարտելու դիտավորության առկայությունը գնահատելու համար։
Դատաքննության ընթացքում պատասխանողը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հայցվորը դիմել է դատարան՝ առանց նախապես օգտվելու «Զանգվածային լրատվության մասին» օրենքով նախատեսված հերքում պահանջելու իրավունքից, ինչը կարող է մեկնաբանվել որպես քննադատող հրապարակմանն ի պատասխան ճնշելու, «պատժելու» փորձ։ Այս փաստարկին դատարանն արձագանքել է, որ իրավական պաշտպանության արտադատական կամ դատական եղանակին դիմելը հայցվորի հայեցողության իրավունքն է։ Այդուհանդերձ, դատարանը նշել է, որ արտադատական լուծումից ՔՊ կուսակցության հրաժարվելու հանգամանքը կդիտարկվի դրամական փոխհատուցման պահանջի քննության շրջանակներում։
Այս առումով Խորհուրդը նկատում է, որ արտադատական կարգով վեճը հաղթահարելու հնարավորությունից խուսափելը կարող էր հետազոտվել նաև այն լույսի ներքո, թե արդյո՞ք հայցվորն ի սկզբանե նպատակ է ունեցել հերքել իր մասին նյութը կամ պատասխան հրապարակել, թե՞ որոշել է թիրախավորել և ճնշել պատասխանողին նրա գործունեության և, մասնավորապես, տվյալ նյութի համար։ Սակայն դատարանն այս հանգամանքը չի հետազոտել, որով նույնպես դրսևորել է անհամաչափ մոտեցում։
Ամփոփելով վերոգրյալը՝ Խորհուրդը եզրակացնում է, որ դատարանի վճիռն անիրավաչափ է, դրանով անհիմն միջամտություն է կատարվել պատասխանող ՀԿ-ի գործունեությանը, ապացույցների վերաբերյալ դատարանի կիրառած չափանիշները լրջորեն վտանգում են հետաքննող լրագրողների, փաստերի ստուգման հարթակների, ազդարարների տեղեկություններ ու գաղափարներ տարածելու իրավունքը։ Արդյունքում խախտվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության արտահայտման ազատությունը՝ ՀՀ սահմանադրության 42-րդ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածների իմաստով։
Տեղեկատվական վեճերի խորհուրդ
Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) – Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ
Արա Ղազարյան – «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն
Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ
Արամ Աբրահամյան – «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Աշոտ Մելիքյան – Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ
Օլգա Սաֆարյան – Փաստաբան