Փաստերը
2021 թվականի հունվարի 26-ին «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունը (այսուհետ նաև` ՀՔԱՎ գրասենյակ) հայց է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Antifake. am» կայքի գլխավոր խմբագիր Աստղիկ Մաթևոսյանի՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու և պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջներով (դատական գործ թիվ ԵԴ/2749/02/21):
Ըստ դատական հայցի՝ 2020 թվականի դեկտեմբեր 29-ին, ժամը 02.29-ին «AntiFake.am» կայքը հրապարակել է «Որքան գումար են ստացել Հայաստանում գործող ՀԿ-ները Արցախը հանձնելուն սատարելու դիմաց» վերտառությամբ լրատվական նյութը, որն ուղեկցվել է ՀԿ-ների ղեկավարներ Արթուր Սաքունցի, Լևոն Բարսեղյանի, Դանիել Իոանիսյանի և Լարա Ահարոնյանի լուսանկարներով, ինչպես նաև մի շարք այլ հասարակական կազմակերպությունների լոգոտիպերով։ Հայցվորը գտել է, որ զրպարտություն են հետևյալ արտահայտությունները․
«Ներկայացնում ենք Հայաստանում գործող ամենաակտիվ պրոարևմտյան հասարակական կազմակերպությունների անուններն ու դրանց տարեկան ֆինանսավորման չափը, որոնք, տարիներ շարունակ հանդես գալով քաղաքացիական հասարակության անվան տակ, իրականում Հայաստանում զբաղված են եղել օտարերկյա շահը սպասարկելով, Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելով ու վերջնարդյունքում՝ Արցախը հանձնելուն սատարելով: Տվյալները վերցված են «Dun & Bradstreet» տվյալների մշակման և վերլուծական ընկերության կայքէջից … Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, որի նախագահը Արթուր Սաքունցն է, ստացել է 1160000 դոլար, այդ թվում՝ 655992 դոլարը՝ Սորոսի հիմնադրամից և 36396 դոլարը NED-ից»:
Ի հավելումն, հայցվոր կազմակերպությունը պնդել է, որ հետևյալ պարբերությունում լրատվական կայքը ՀԿ-ներին, այդ թվում ՀՔԱՎ գրասենյակին, մեղադրել է «օտարերկրյա շահի սպասարկման, վերջնարդյունքում՝ Արցախը հանձնելուն սատարելու» մեջ․
«Բազմիցս գրել ենք վերը նշված հասարակական կազմակերպությունների Հայաստանում ծավալած գործունեության և դրանց բացասական ազդեցության մասին։ Այս ՀԿ-ների աշխատակիցներն իրենց կործանարար գործունեության և Արցախը հանձնելուն նպաստելու դիմաց ստացել են միլիոնավոր դոլարների գումար։ Նշենք նաև, որ արևմտյան ֆոնդերը շարունակում են ֆինանսավորել այս կառույցներին և Հայաստանում օտարերկրյա շահերը սպասարկող անձանց, ինչից կարելի է հետևություն անել, որ դրանց «առաքելությունը» Հայաստանում ավարտված չէ»։
Հայցվորը դատարանին խնդրել է «Antifake.am» կայքի գլխավոր խմբագիր Աստղիկ Մաթևոսյանին պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել զրպարտող տեղեկությունները և նրանից հօգուտ ՀՔԱՎ գրասենյակի բռնագանձել 1 միլիոն ՀՀ դրամ՝ որպես զրպարտությամբ պատճառված վնասի դրամական փոխհատուցում, ինչպես նաև՝ նախապես վճարված պետական տուրքի գումարը։
Դատարանը մերժել է հայցը՝ պատճառաբանելով, որ «…օտարերկրյա շահը սպասարկելով, Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելով ու վերջնարդյունքում` Արցախը հանձնելուն սատարելով» արտահայտությունը իր բնույթով վերացական է և դրանով հայցվորին չեն վերագրվել հանցանքի կամ զանցանքի գործողություններ՝ ՍԴՈ-997 որոշմամբ արտահայտած իրավական վերլուծության լույսի ներքո։ Երկրորդ պարբերության առումով էլ նշվել է, որ «…այս ՀԿ-ների աշխատակիցներն իրենց կործանարար գործունեության և Արցախը հանձնելուն նպաստելու դիմաց ստացել են միլիոնավոր դոլարների գումար» արտահայտությունը վերաբերել է ոչ թե հայցվորին, այլ ընդհանուր առմամբ մի խումբ կազմակերպությունների աշխատակիցների գործունեությանը, հետևաբար, ՀՔԱՎ գրասենյակի իրավունքներին միջամտություն տեղի չի ունեցել, և կազմակերպությունը չուներ իրավական հիմք այդ արտահայտությունը վիճարկելու համար։
Հայցվորը բողոքարկել է վճիռը Վերաքննիչ քաղաքացիական դատարան։ 2023 թվականի մայիսի 19-ին այս ատյանը մերժել է բողոքը։ Վերաքննիչ դատարանը մասամբ փոփոխել է առաջին ատյանի դատարանի վճիռը։ Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ «…օտարերկրյա շահը սպասարկելով, Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելով ու վերջնարդյունքում` Արցախը հանձնելուն սատարելով» արտահայտությունը ոչ թե փաստացի հայտարարություն է, այլ գնահատողական դատողություն, որն ապացուցման ենթակա չէ, իսկ նման սուբյեկտիվ դատողության համար լրատվամիջոցն ունեցել է որոշակի ու բավարար հիմքեր, մասնավորապես, որ Արթուր Սաքունցը իր հրապարակային հարցազրույցներից մեկում խոսել է «Արցախը կամ Արցախի տարածքները հանձնելու վերաբերյալ», ինչպես նաև, որ մասնակցել է Արցախի տարածքները հանձնելու մասին հանրային մի բաց քննարկմանը։ Այդ իմաստով դատարանը վկայակոչել է Արթուր Սաքունցի ենթադրաբար տված հարցազրույցը Յութուբ սոցիալական ցանցում՝ հետևյալ հղումով․ https://www.youtube.com/watch?v-2iJ03hjXmd4։ Նշված փաստական հիմքերը դատարանի համար բավարար են եղել եզրահանգելու, որ գնահատողական դատողություն արվել է բարեխղճորեն, ինչը տեղավորվում է կարծիքի արտահայտման իրավունքի թույլատրելի շրջանակներում։
Ինչ վերաբերում է «…Այս ՀԿ-ների աշխատակիցներն իրենց կործանարար գործունեության և Արցախը հանձնելուն նպաստելու դիմաց ստացել են միլիոնավոր դոլարների գումար» արտահայտությանը, Վերաքննիչ դատարանը գտել է, որ դրա բովանդակությունից բխում էր, որ քննադատության թիրախը եղել է ոչ թե «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ն-ն, այլ հասարակական կազմակերպությունների աշխատակիցները, այսինքն՝ «վերացական կարգով քննադատությունը հասցեագրվել է ՀԿ-ների աշխատակիցներին»։ Դրանից բխեցրել է, որ կազմակերպության շահերին ու իրավունքներին նույնպես միջամտություն չի եղել։
Այսպիսով, երկու ատյանների դատարանները մերժել են ՀՔԱՎ գրասենյակի հայցն ու բողոքն ամբողջությամբ։ Վերաքննիչ դատարանի որոշումը չի բողոքարկվել, որի արդյունքում այն մտել է ուժի մեջ ու դարձել վերջնական։
Եզրահանգում
Հաշվի առնելով, որ վերջնական որոշման մեջ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մասամբ փոփոխել է առաջին ատյանի դատարանի եզրահանգումները, ստորև Խորհրդի վերլուծությունը կվերաբերի երկու ատյանների դատական ակտերին։
Ինչպես նշեցինք, ի տարբերություն առաջին ատյանի դատարանի, Վերաքննիչ դատարանը գտել է, որ «…օտարերկրյա շահը սպասարկելով, Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելով ու վերջնարդյունքում` Արցախը հանձնելուն սատարելով» արտահայտությունը ոչ թե փաստական տվյալ է, այլ գնահատողական դատողություն հայցվոր կազմակերպության գործունեության մասին։ Հիմնվելով Մարդու իրավոււնքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով սահմանված սկզբունքների վրա, վերաքննիչ ատյանը որոշել է, որ գնահատողական դատողությունը կատարվել է բարեխղճորեն՝ որոշակի փաստական հանգամանքների հիման վրա։ Այնուհետև դատարանը վկայակոչել է այդ հանգամանքները, որոնք ներկայացրել է պատասխանող կողմը։ Մասնավորապես՝ որ Հայաստանի Հանրապետությունում կայացել էր Արցախը կամ Արցախի տարածքները հանձնելու վերաբերյալ օրենքով չարգելված հանրային քննարկում, որի մասնակիցը եղել է նաև «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի ղեկավար Արթուր Սաքունցը, և որ վերջինս իր հարցազրույցներից մեկում, նշել է հետևյալը. «Նույնիսկ մենք կողմ ենք այն գաղափարին, ես անձամբ այդ տեսակետն եմ կիսում, որ որոշակի գրավյալ տարածքներ պետք է աստիճանաբար, որոշակի ժամանակաընթացքում հանձնել ադրբեջանական կողմին, ինչի համար, որպեսզի մեր համախոհները Ադրբեջանում կարողանան լավ ֆունդամենտ ստանալ և իրենց գործունեությունն իրականացնել»։ Այս մեջբերումը գործածելիս դատարանը նշել է հետևյալ հղումը՝ https://www.youtube.com/watch?v-2iJ03hjXmd4։ Այլլ փաստական հանգամանքներ վկայակոչված չեն։
Խորհուրդը հատկապես ցանկանում է նշել, որ վերոհիշյալ փաստական հիմքերը հեղինակի կողմից ընդհանրապես չեն ներկայացվել վիճահարույց հրապարակման մեջ։ Դրանք հետագայում վկայակոչվել են դատարանում՝ որպես փաստարկներ, և դատարանը օգտագործել է այդ պնդումները իր վճռում։ Նման հանգամանքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ լրագրողական բարեխղճությունը որոշվում է հոդվածի հրապարակման պահի դրությամբ հեղինակի՝ տվյալ իրավիճակին տված գնահատականով, այլ ոչ թե հետագա դատական ակտի «հետին հայացքի» բարենպաստ արդյունքով։[1] Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները պետք է հաշվի առնեին այդ հանգամանքը, քանի որ հակառակ դեպքում ստացվում է, որ ցանկացած անբարեխիղճ ու անպատասխանատու հրապարակում post factum կարելի է սրբագրել, օրինակ, դատարան ներկայացված ինչ-ինչ նոր փաստերով կամ հիմնավորումներով, որոնք հրապարակման բովանդակության մեջ ընդհանրապես տեղ չեն գտել։
Դատական ստուգման շրջանակից այդ հանգամանքը դուրս թողնելը հանգեցրել է նրան, որ ենթադրաբար մտածածին տվյալների հիման վրա գրված վերացական ու կամայական արտահայտությունը դատարանի կողմից համարվել է բարեխղճորեն արված գնահատողական դատողություն։ Խորհրդի այս պնդումը հաստատվում է նաև այն փաստով, որ Յութուբ սոցիալական ցանցի ակտիվ հղումը https://www.youtube.com/watch?v-2iJ03hjXmd4), որը ներկայացվել է որպես գնահատողական դատողության փաստական հիմք, չի ուղղորդում Արթուր Սաքունցի որևէ հարցազրույցի վրա։ Բացի այդ, պատասխանողը չի ներկայացրել որևէ ապացույց Արցախի կամ Արցախի տարածքները հանձնելու վերաբերյալ «օրենքով չարգելված որևէ հանրային քննարկման» կայացած լինելու մասին։ Ստացվում է, որ լրատվամիջոցի վերացական պնդումները դատարանի կողմից նույնպես հիմնավորվել են վերացական պնդումներով։ Դատական ստուգման նման եղանակը չի տրամադրում կազմակերպության հեղինակության պաշտպանության արդյունավետ ու կայուն իրավական երաշխիքներ։
Ինչ վերաբերում է դատարանի եզրահանգմանըմյուս՝ «…Այս ՀԿ-ների աշխատակիցներն իրենց կործանարար գործունեության և Արցախը հանձնելուն նպաստելու դիմաց ստացել են միլիոնավոր դոլարների գումար» արտահայտության մասին, մասնավորապես, որ դրա հասցեատերերը հասարակական կազմակերպությունների աշխատակիցներն են ու, հետևաբար, դրանք չեն վերաբերել հայցվոր կազմակերպությանը, ապա Խորհուրդը գտնում է, որ այդ առումով երկու ատյաններում էլ չի կատարվել փաստերի ամբողջական ու մանրամասն հետազոտություն։
Նախ՝ դատարաններն ընդհանրապես չեն անդրադարձել այն փաստին, որ հրապարակումն ուղեկցվել է հասարակական կազմակերպությունների ղեկավարների լուսանկարներով, կազմակերպությունների անունների ու լոգոտիպերի պատկերումով, որի դեպքում ՀԿ-ների և աշխատակիցների մասին բոլոր հիշատակումները պետք է դիտարկել մեկ ընդհանուր համատեքստում։ Դա բխում է նաև նույն արտահայտության երկրորդ մասի բովանդակությունից, որում հեղինակը նշել է, որ աշխատակիցները ստացել են միլիոնավոր դոլարներ, մինչդեռ հրապարակման սկզբում նշվել է, որ այդ գումարները ստացել են հասարակական կազմակերպությունները՝ մասնավորեցնելով, թե յուրաքանչյուրը որքան։
Բացի այդ, խնդրո առարկա հոդվածի բովանդակությունն այն մասին էր, որ ՀԿ-ները ստացել են մեծ գումարներ գրանտային ծրագրերի միջոցով։ Հետևաբար, կասկածից վեր է, որ հեղինակը՝ հպանցիկ հիշատակելով կազմակերպությունների աշխատակիցներին, նպատակ չի ունեցել նրանց առանձնացնել հոդվածի ընդհանուր բովանդակությունից և առանձին ներկայացնել։ Հոդվածում ամեն ինչ վկայում է այն մասին, որ բոլոր փաստական տվյալներն ու արտահայտությունները ուղղված են կազմակերպության քննադատությանը։ Հետևաբար, դատարանների կողմից վիճահարույց հրապարակման բովանդակության մեջ ՀԿ-ների «աշխատակիցներին» այդ նույն կազմակերպություններից առանձնացնելն ու այդ հիմքով հայցը մերժելը անհամաչափ մոտեցում է։
Ավելին՝ որոշում կայացնելիս առ այն, որ խնդրո առարկա գնահատողական դատողություններում չկա զրպարտություն կամ վիրավորանք, դատարանները չեն վերլուծել այդ արտահայտությունների արատավորող բնույթը, որը տվյալ ոլորտում իրավական գնահատական տալու օրենքով սահմանված առաջին վավերապայմանն է։ Այսպես, ՀՀ վճռաբեկ դատարանը սահմանել է, որ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի իմաստով «արատավորող կարող են լինել այնպիսի տվյալները, որոնք բովանդակում են ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից գործող օրենսդրության պահանջների խախտման, անարդարացի վարքագծի դրսևորման, անձնական, հասարակական կամ քաղաքական կյանքում էթիկայի պահանջներին հակասող վարքագծի դրսևորման (ընդգծումը մերն է – ՏՎԽ), ․․․ անբարեխղճության, ․․․ և այլ տեղեկություններ, որոնք չեն հիմնավորվում վերաբերելի և թույլատրելի ապացույցներով (իրական չեն), նվաստացնում, նսեմացնում են անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը»[2]։
Տվյալ դեպքում հայցվորը պնդել է, որ կազմակերպությանը դավաճանության մեջ մեղադրելը պատերազմի մեջ գտնվող երկրի հասարակության աչքում ծանր ու արատավորող մեղադրանք է՝ խարան, որը կարող է առաջացնել բացասական լուրջ հետևանքներ ՀԿ-ի համբավի, նրա աշխատակիցների անձնական ու հասարակական հեղինակության համար։ Սակայն դատարաններն այդ փաստարկին չեն անդրադարձել, ինչով նույնպես հաստատվում է դատական քննության ընդհանուր առմամբ թերի լինելը։
Հաշվի առնելով վերը նշվածը, Խորհուրդը գտնում է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը և Վերաքննիչ քաղաքացիական դատարանը չեն կատարել ՀՔԱՎ գրասենյակի հեղինակության ու համբավի իրավական պաշտպանության արդյունավետ դատական քննություն, ինչի արդյունքում զրկել են կազմակերպությանը Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված իրավունքից։ Կրկին անդրադառնալով վիճահարույց հրապարակման բովանդակությանը, ինչպես նաև լրատվամիջոցի՝ դատական քննության ընթացքում ներկայացրած ապացույցներին, Խորհուրդը գտնում է, որ թեև հոդվածում ներկայացվել են ստույգ տեղեկություններ կազմակերպությունների կողմից ստացված դրամաշնորհների վերաբերյալ, դրանց առնչությամբ կատարված գնահատողական դատողությունները փաստազուրկ են ու վերացական։ Դրանցով լրատվամիջոցը արատավորել է կազմակերպության բարի համբավը՝ ըստ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի, և խախտել է այդ բարի համբավի անձեռնմխելության իրավունքը՝ երաշխավորված ՀՀ սահմանադրության 31-րդ հոդվածով։
Տեղեկատվական վեճերի խորհուրդ
Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) – Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ
Արա Ղազարյան – «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն
Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ
Արամ Աբրահամյան – «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Աշոտ Մելիքյան – Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ
Օլգա Սաֆարյան – Փաստաբան
Տեղեկատվական վեճերի խորհուրդը խնդրո առարկա հրապարակման առնչությամ նաև դիմել է Լրատվամիջոցների էթիկայի Դիտորդ մարմին՝ մասնագիտական էթիկայի տեսանկյունից խորհրդատվական կարծիք ստանալու ակնկալիքով։
Լրատվամիջոցների էթիկայի Դիտորդ մարմնի կարծիքը