«Վիրավորանք և զրպարտություն» իրավական պաշտպանության ուղեցույցը 2014 թ.-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից մշակված և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի աջակցությամբ հրապարակված նույնանուն ձեռնարկի երկրորդ, թարմացված հրատարակությունն է։ Վերջին տասը տարվա ընթացքում 1087.1 hոդվածի բազմաթիվ դրույթներ մեկնաբանվել ու վերամեկնաբանվել են դատարանների, ու առաջին հերթին ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից, մինչդեռ այդ նոր մեկնաբանությունները ներկայացված չեն նախորդ հրատարակությունում։ Բացի այդ, ի հայտ են եկել նոր երևույթներ, ինչպես օրինակ ընդդեմ հանրային մասնակցության ռազմավարական դատավարությունները (SLAPP), ինչպես նաև զարգացող նոր տեղեկատվական տեխնոլոգիաները, որոնք պահանջում են նոր մոտեցումներ, իրավական նոր լուծումներ, որոնց վերաբերյալ նույնպես տեղի են ունեցել որոշակի զարգացումներ դատական պրակտիկայում:
Ուղեցույցի հեղինակներ են փաստաբաններ Արա Ղազարյանը և Դավիթ Ասատրյանը:
Առաջին մասում ներկայացված են Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածում վիրավորանքի ու զրպարտության իրավական սահմանումների վերաբերյալ պարզաբանումներ, դատական պրակտիկայում սահմանված մեկնաբանություններ, իրավական պաշտպանության կարևոր սկզբունքներ, որոնք առավելապես կարևոր են լրագրողների համար։ Ձեռնարկի երկրորդ մասում ներկայացված են ուղեցույցներ դատարան դիմելու համար անհրաժեշտ ընթացակարգերի մասին։
Ուղեցույցում լայնորեն վկայակոչված են օրենսդրական նորմեր, ՀՀ սահմանադրական դատարանի, ՀՀ վճռաբեկ դատարանի, ընդհանուր իրավասության դատարանների, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներ և որոշումներ, խորհրդատվական բնույթի կանոնագրքեր ու ուղեցույցներ, մեջբերումներ լրատվական հոդվածներից, մասնագիտական մարմինների որոշումներից ու ուղեցույցներից։ Նման աղբյուրների վկայակոչումները մեծամասամբ արված են էլեկտրոնային հղումներով, որոնք դյուրին են դարձնում ձեռնարկի օգտագործումը։
Սույն ուղեցույցի ստեղծումը և հրապարակումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ինտերնյուս Նեթվորքի ենթադրամաշնորհառու Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: