2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացված ռազմական ագրեսիայի և դրան հաջորդած բռնի տեղահանությունից հետո արցախցիները Հայաստանում, ի թիվս այլ խնդիրների, կանգնեցին կարևոր ընտրության առջև, երբ իմացան, որ իրենց ունեցած Հայաստանի Հանրապետության 070 ծածկագրով կապույտ անձնագիրը ոչ այլ ինչ է, քան ընդամենը ճամփրդական փաստաթուղթ։
2023թ․ նոյեմբերի 2-ին Հանրային հեռուստաընկերության եթերում ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը, պարզաբանելով խնդիրը, հայտարարեց, թե Արցախի քաղաքացիներին տրվել են ճամփորդական անձնագրեր՝ իրենց իրավունքները՝ առաջին հերթին ազատ տեղաշարժի իրավունքը իրացնելու համար:
«Կարող եք նայել ՄԻԵԴ-ի՝ Չիրագովն ընդդեմ Հայաստանի գործը, որտեղ վերաբերելի մասով ուղղակիորեն մեջբերվում է 1999-ի փետրվարի 24-ի համաձայնագիրը ՀՀ-ի եւ ԼՂ-ի միջեւ, որով նշվում է, որ ՀՀ-ն տրամադրում է իր անձնագիրը ԼՂ բնակիչներին որպես ճամփորդական փաստաթուղթ եւ ոչ որպես քաղաքացիության հավաստում»:
Հայաստանի և Արցախի միջև կնքված նշված համաձայանգիրը, սակայն, ըստ ԱԳՆ-ի գաղտնի է: Սիվիլնեթի փաստերի ստուգման թիմի ղեկավար Անի Գրիգորյանի խոսքով՝ երբ Հայաստանի պետական մարմինները սկսեցին հղում անել 1999թ․ Հայաստանի և Արցախի միջև կնքված համաձայնագրին, իրենք փորձել են ծանոթանալ այդ համաձայնագրի բովանդակությանը, սակայն ապարդյունք:
Այնուհանդերձ, արդեն 2023թվականի հոկտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունն ընդունեց N 1864-Ն որոշումը, համաձայն որի՝ բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնված արցախցիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության անհրաժեշտությունից ելնելով ժամանակավոր պաշտպանության տակ վերցրվեցին
«1) Լեռնային Ղարաբաղի բնակչության ռեգիստրի հաշվառումներով անցնող անձինք,
2) Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող այն անձինք, որոնց վերջին հաշվառման հասցեն եղել է Լեռնային Ղարաբաղում,
3) այն անձինք, որոնք չեն ունեցել հաշվառում Լեռնային Ղարաբաղի բնակչության ռեգիստրում, սակայն բնակվել են Լեռնային Ղարաբաղում և 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվելուց հետո հաշվառվել են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության (այսուհետ՝ ծառայություն) կողմից»։
Նույն որոշման 3-րդ կետի համաձայն՝
Ժամանակավոր պաշտպանության տակ վերցված անձինք «Փախստականի և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի ուժով ճանաչվեցին փախստական:
ՀՀ կառավարությունը 2023 թ. հոկտեմբերի 26-ի 1864-Ն որոշմամբ՝ ԼՂ բնակչությանը փախստականի կարգավիճակ տրամադրվել է մեկ տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ:
Միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանի համոզմամբ, սակայն, ՀՀ քաղաքացին, այդ թվում ՀՀ քաղաքացիության անձնագիր ունեցող արցախցին չի կարող դառնալ փախստական ՀՀ-ում:
Ո՞վ է փախստականը
Միջազգային իրավունքում փախստական հասկացությունը սկսվել է լայն կիրառվել «Փախստականների կարգավիճակի մասին» ՄԱԿ-ի 1951թ․ կոնվենցիայի ընդունումից հետո։ Կոնվենցիայով երաշխավորվել է փախստականի կարգավիճակի և իրավունքների միջազգային ճանաչումը, ինչպես նաև սահմանել պետության կողմից փախստականների իրավունքների պաշտպանության և աջակցության վերաբերյալ պարտավորությունները։ Մինչ այդ, 1922թ․ Ազգերի լիգան Ֆրիտյոֆ Նանսենի նախաձեռնությամբ Ժնևում հրավիրված կոնֆերանսի որոշմամբ՝ փախստականներին և քաղաքացիություն չունեցող անձանց սկսել է տրամադրել անձը հաստատող ժամանակավոր վկայական՝ Նանսենյան անձնագիր։
Հայաստանի Հանրապետությունում 2009թ․ հունվարի 24-ին ուժի մեջ մտած «Փախստականի և ապաստանի մասին» ՀՀ օրենքի 6-րդ կետը սահմանում է այն դեպքերը, երբ անձը կարող է համարվել փախստական։
Հայաստանի Հանրապետության կողմից ժամանակավոր պաշտպանության տակ վերցված անձինք, ճանաչվելով փախստական, ձեռք են բերել փախստականների համար «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի 2-րդ գլխով սահմանված իրավունքներն ու պարտականությունները:
Ի տարբերություն ՀՀ քաղաքացիների, որոնց համար Սահմանադրությամբ նախատեսված են առավել լայն իրավունքներ և պարտականություններ, օրինակ՝ հողի նկատմամբ սեփականության, ընտրելու, կուսակցություն ստեղծելու և անդամագրվելու, հանրային ծառայության անցնելու իրավունքները, ինչպես նաև ՀՀ պաշտպանությանը մասնակցելու պարտականությունը, փախստականները չեն օգտվում վերոնշյալ իրավունքներից և չեն կրում ՀՀ պաշտպանությանը մասնակցելու պարտականություն:
Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը գտնում է, որ փախստականի կարգավիճակով արցախցիները զրկվում են մի շարք իրավունքներից, որոնք մինչ այդ ունեին:
Այսպես.
- Փախստականի կարգավիճակ ունեցող անձը չունի զինապարտության պարտավորություն (Սահմանադրություն, հոդված 14),
- Փախստականի կարգավիճակ ունեցող անձը չունի գյուղատնտեսական նշանակության հողի սեփականության իրավունք (Փախստականների և ապաստանի մասին ՀՀ օրենք, հոդված 19, Հողային օրենսգիրք, հոդված 4),
- Փախստականի կարգավիճակ ունեցող անձը չունի համապետական ընտրություններին ընտրելու և ընտրվելու իրավունք,
- Փախստականի կարգավիճակ ունեցող անձը չունի հանրային պաշտոն զբաղեցնելու իրավունք, սակայն ունի համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք (Հանրային ծառայության մասին ՀՀ օրենք, հոդված 13, կետ 1),
- Փախստականի կարգավիճակը անձին այլ երկրներում օրինական հիմունքներով բնակվելու հնարավորություն ինքնաբերաբար չի ընձեռում: Այլ երկրում օրինական հիմունքներով բնակության համար անձը պետք է անցնի տվյալ երկրի վարչարարական գործընթացներով, որոնք ենթակա են հաստատման կամ մերժման տվյալ պետության կողմից:
Ժամանակավոր պաշտպանության վկայական
Արդեն 2024 թվականի հունվարին ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ Արցախից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած արցախցիները ճամփորդելիս անձնագրի հետ պետք է ունենան նաև ժամանակավոր պաշտպանության վկայական:
Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթերն են անձնագիրը և ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը։
2024 թ․ հունվարի 28-ից այս երկու փաստաթղթերը Հայաստանի Հանրապետությունից դուրս գալիս և Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս վավեր են համարվելու միայն միասին գործածելու դեպքում։
Այս վկայականը ստանալու համար արցախցիները պետք է դիմում ներկայացնեն ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, մինչ այդ Հայաստանում հաշվառված լինելու պայմանով: Իսկ օտարերկրյա պետություններում գտնվելու դեպքում նրանք պետք է դիմեն ՀՀ դեսպանություններ և հյուպատոսական հիմնարկներ: Հայաստանից դուրս գալիս կամ մուտք գործելիս վկայականը պետք է ունենան ինչպես չափահաս, այնպես էլ անչափահաս անձինք։
Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տրվում է հետևյալ երեք խմբերին․
-այն անձանց, որոնք հաշվառված են Արցախի Հանրապետության բնակչության ռեգիստրում:
-ովքեր թեև հաշվառում չունեն, սակայն նրանց վերջին հաշվառման հասցեն եղել է Արցախի Հանրապետությունը:
-նրանք, ովքեր հաշվառված չեն ԱՀ-ի բնակչության ռեգիստրում, սակայն բռնի տեղահանման արդյունքում հաշվառվել են Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից վարվող տվյալների շտեմարանում:
Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ և վկայական չի տրվում նրանց, ովքեր բռնի տեղահանվել են Արցախից, սակայն ունեն ՀՀ քաղաքացիություն։
Վկայականի տրամադրումը, ըստ ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանի, միտված է պաշտպանության տեսանկյունից լրացուցիչ գործոն տրամադրելուն։
«ՀՀ սահմանը լքելիս, երբ անձը հայտնվում է այլ պետության տարածքում, նմանատիպ փաստաթղթերը հավաստումն են այն բանի, որ անձն օգտվում է փախստականին բնորոշ միջազգային պաշտպանությունից: Այս փաստաթղթերն ունեն QR կոդ, ուստի եթե անգամ տեսականորեն կասկած առաջանա, որ փաստաթուղթը կեղծ է, այդ կոդով հասանելիություն է ապահովվում մեր ընդհանուր շտեմարանի համապատասխան պատուհանին, որի միջոցով պետությունները կարողանում են համոզվել, որ անձն իրականում ունի ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ եւ օգտվում է փախստականին բնորոշ միջազգային բարձր պաշտպանությունից»,- նշել է փոխնախարարը:
Այսպես.
2024թ.-ի մարտի 25-ի դրությամբ ժամանակավոր պաշտպանության վկայական է ստացել 76,339 անձ, հաշվառվել է 79,682-ը, իսկ քաղաքացիության համար դիմել է 1437 անձ:
Այս մասին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 25-ի նիստում հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը
Փախստական, թե՞ ՀՀ քաղաքացի
Արցախից բռնի տեղահանվածների մի մասին Կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի որոշմամբ չտրամադրվեց ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի կարգավիճակ, այն հիմնավորմամբ, որ նրանք ՀՀ քաղաքացիներ են, ինչը դժգոհությունների առիթ տվեց։
«Դիմել եմ անձնագրային բաժին, սակայն մերժել են ժամանակավոր պաշտպանության փախստականի կարգավիճակի տրամադրումը, ասելով, որ ես ՀՀ քաղաքացի եմ, բայց չէ՞ որ ես էլ եմ ապրել Արցախում ու բոլորի պես բռնի տեղահանվել», այս և նման այլ հարցերով ու դժգոհություններով ողողվեց համացանցը, երբ Արցախից տեղահանվածներից շատերին պարզ դարձավ, որ չնայած բռնի տեղահանության հանգամանքին, նրանց որևէ կարգավիճակ չի տրամադրվելու։
Իսկ այն արցախցիները, ովքեր, պարզվում է, ունեն ՀՀ քաղաքացիություն, որպեսզի Հայաստանում կարողանան օգտվել Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված իրավունքներից պետք է հրաժարվեն իրենց 070 ծածկագրով անձնագրից և վերցնեն նոր՝ ՀՀ քաղաքացու անձնագիր։
Մինչև այժմ չլուծված է մնում բռնի տեղահանված, Արցախի հաշվառումով և «070» ծածկագրով անձնագիր ունեցող ՀՀ քաղաքացիների ՀՀ-ից դուրս գալու համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմը, երբ «070» ծածկագրով անձնագիրը վավեր է միայն ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականի առկայության դեպքում։
Այս հարցով ՀՀ ազգային անվտանգության ծառայությանն ուղղված մեր տեղեկություն ստանալու հարցմանը պատասխան ենք ստացել, որ
«այն անձինք, ովքեր ունեն 070 ծածկագրով անձնագիր, սակայն նրանց ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականի տրամադրումը մերժվել է ՀՀ քաղաքացի լինելու հիմքով, ՀՀ պետական սահմանը կարող են հատել համապատասխանաբար ՀՀ քաղաքացու վավեր անձնագրով»։
Ի՞նչ պետք է անեն այն արցախցիները, ովքեր Արցախի՝ 070 ծածկագրով անձնագիրը չեն ցանկանում փոխել ՀՀ անձնագրով։
«Ես չեմ ցանկանում փոխել Արցախի իմ անձնագիրը» հաճախ կարելի է հանդիպել նման արտահայտության տեղահանված արցախցիներից: Անհերքելի է, որ շատ մարդկանց համար անձնագիրը ոչ միայն կարևոր փաստաթուղթ է, այլ նաև անձնական պատմության, անցած ճանապարհի և պայքարի խորհրդանիշ: Վերջինս առավել նկարագրական է իր հայրենիքից բռնի տեղահանվածի համար:
Սոցիալական երաշխիքներ
Մարտի 1-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված անձանց համար իրականացվել և ընթացքի մեջ են մի շարք սոցիալական ծրագրեր, որոնց շահառուների շրջանակը սահմանված է հաշվի առնելով բռնի տեղահանության փաստը։
Հասկանալու համար արդյոք հետագա ծրագրերում ևս տարբերություն չի դրվելու բռնի տեղահանված, Արցախի հաշվառում և 070 կոդով անձնագիր ունեցող, սակայն ժամանակավոր պաշտպանություն` փախստականի կարգավիճակ չստացած անձանց, ինչպես նաև տեղահանությունից հետո ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց համար, հարցում ենք ուղարկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ Հարցմանն ի պատասխան 03.02.2024թ․ գրությամբ նախարարությունից նշել են, որ.
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության նոր ծրագրերի բովանդակությունն ու իրականացման ընթացակարգերը նախարարությունում դեռևս քննարկման փուլում են, ինչը ենթադրում է, որ հնարավոր շահառուների կազմն ու նրանց ընտրության չափորոշիչները և մեխանիզմները դեռևս հստակեցված չեն:
Իսկ անձնագիրը փոխած և ժամանակավոր պաշտպանության տակ վերցված անձինք շարունակելու են օգտվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար իրականացվող սոցիալական աջակցության միջոցառումներից»:
Միջազգային երաշխիքներ և վերադարձի իրավունք
Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի ներքո քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործի շրջանակներում Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2023թ․ նոյեմբերի 17-ին կայացված որոշման մեջ Դատարանը հաստատել է, որ առկա է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ։
Որոշման մեջ Դատարանը նշել է, որ
«Միավորված ազգերի կազմակերպության զեկույցների համաձայն՝ ավելի քան 100,000 հայազգի կամ էթնիկ ծագում ունեցող անձինք ստիպված են եղել լքել իրենց բնակության վայրը և հասնել Հայաստանի սահման՝ 2023թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում սկսված գործողությունից հետո, ինչին հաջորդել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ամբողջական վերահսկողության վերահաստատումը»։
Դատարանը պարտադրել է Ադրբեջանին՝ ապահովել, որպեսզի այն անձինք, ովքեր լքել են Լեռնային Ղարաբաղը 2023թ. սեպտեմբերի 19-ից հետո, և ովքեր ցանկանում են վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, կարողանան դա անել անվտանգ, անարգել և արագորեն։
Ովքե՞ր ունեն վերադարձի իրավունք․
Այս օրերին սոցիալական և այլ խնդիրներից բացի արցախցիներին հուզում է, թե արդյոք Արցախ վերադարձի իրավունքը պահպանվելո՞ւ է բոլոր նրանց համար, ովքեր մինչ տեղահանությունը բնակվել են այնտեղ, սակայն չեն ստացել փախստականի կարգավիճակ, ունեն կամ ձեռք են բերել ՀՀ կամ այլ երկրի քաղաքացիություն։
«Որևէ տարբերություն չկա, որովհետև այստեղ առաջնահերթ, եթե ազատ տեղաշարժի իրավունքի մասին ենք խոսում, մարդը, եթե տարիներ շարունակ բնակվել է մի վայրում, որևէ նշանակություն չունի, թե ինքը որ երկրի քաղաքացի է ՀՀ, թե՝ այլ։ Այստեղ առաջնայինը կապն է այն վայրի հետ, որտեղ այդ մարդը ապրել է»,- ասում է միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը։
Նրա խոսքով, Արդարադատության դատարանի նշված որոշմամբ որևէ տարանջատում չի մտցվում այն անձանց միջև, ովքեր ունեցել կամ չեն ունեցել քաղաքացիություն, կամ ինչպիսի կարգավիճակ են ունեցել։
«Բոլոր այն անձինք, ովքեր տեղահանվել են իրենց մշտական բնակության վայրից, այս է հիմնարար կետը հետ վերադարձի, այլ ոչ թե ինչպիսի կարգավիճակ են նրանք ունեցել։ Նույնիսկ ՀՀ անձնագիր ունեցող անձը՝ ոչ 070 կոդով, ով տասնամյակներ շարունակ ապրել է Արցախում և էթնիկ զտման հետևանքով հայտնվել է ՀՀ-ում կամ մեկ այլ երկրում կարող է վերադառնալ, սակայն այլ հարց է անվտանգության երաշխիքների առկայությունը և այլն։ Ֆիզիկական հետ վերադարձը չի կապվում քաղաքացիության կամ կարգավիճակի հետ, այլ բան է, թե Ադրբեջանը ասում է կարող եք վերադառնալ ընդունել իմ երկրի քաղաքացիությունը և այլն»։
Վերադարձի իրավունքի պահպանման համատեքստում կարևոր է նաև կորցրած գույքի դիմաց հատուցման դեպքում Արցախում ունեցած գույքի նկատմամբ իրավունքների պահպանման հարցը։ Լ․Դրմեյանը նշել է, որ ամեն դեպքում պատասխանատու է մնում խախտում թույլ տված կողմը՝ «Անկախ նրանից ինչ պետություն, կազմակերպություն կտա հատուցում, միևնույն է վերջում պետք է պատասխանատվություն կրի այն պետությունը, որը խախտել է այդ իրավունքը։ Օրինակ՝ հինգ անգամ էլ անձը հատուցում ստանա իր կրած զրկանքների համար ոչ խախտում թույլ տվող պետության կողմից, միևնույն է խախտում թույլ տված պետությունը պետք է ի վերջո հատուցի այդ վնասները։ Այդ նույն տրամաբանությամբ չի նշանակում, որ, եթե անձը ձեռք բերեց ՀՀ քաղաքացու կարգավիճակ հետ վերադարձի իրավունքը չի կարողանալու իրացնի։ Անձը ՀՀ քաղաքացու կարգավիճակ ձեռք է բերում, որպեսզի կարողանա այստեղ օգտվել այն իրավունքներից, որոնք կունենար, եթե ապրեր Արցախում»,- նշում է Լիպարիտ Դրմեյանը։