Մարզեր
Անցած 5 տարիների ընթացքում չսահմանված վայրերում աղբ թափելու համար ՀՀ բոլոր մարզերում տուգանվել է ընդամենը 58 ֆիզիկական եւ իրավաբանական անձ։ Ըստ ստացված պաշտոնական պատասխանների՝ վարչական պատասխանատվության ամենամեծ թիվն արձանագրվել է Կոտայքի մարզում՝ 16 դեպք։ Երկրորդ տեղում Լոռին է՝ 15 դեպքով, 10-ական արձանագրությամբ հաջորդում են Արարատի և Գեղարքունիքի մարզերը։ Իսկ Տավուշի և Արագածոտնի մարզերում անցած 5 տարիների ընթացքում ընդամենը մեկական վարչական վարույթ է հարուցվել աղբը չսահմանված վայրում թափողների նկատմամբ։ Շիրակի և Վայոց ձորի մարզերում, որոնք ևս տուրիստական ակտիվ ուղղություններ են, չսահմանված վայրում աղբ թափելու համար որևէ անհատ կամ կազմակերպություն չի տուգանվել:
Այս տվյալները ստացվել են ԻԱԿ-ի՝ տեղեկություն ստանալու հարցումների շնորհիվ, որոնց նպատակն էր պարզել, թե որքանով են մարզային իշխանություններն ու համայնքները քայլեր ձեռնարկում՝ կանխելու մարզերում չսահմանված վայրերում աղբ թափելու պրակտիկան և պատժելու օրինախախտներին, ովքեր շրջակա միջավայրը վերածում են աղբավայրի։
2020թ-ի հուլիսի 28-ին ԻԱԿ-ը էլեկտրոնային հարցմամբ դիմել է ՀՀ բոլոր մարզպետարաններ՝ խնդրելով տրամադրել տվյալներ վերջին 5 տարվա ընթացքում կիրառած տուգանքների վերաբերյալ, թե չսահմանված վայրում աղբ թափելու համար տուգանքի քանի դեպք է արձանագրվել՝ ըստ տարիների:
Բոլոր մարզպետարանները տրամադրել են լիարժեք պատասխան: Արդյունքներն ամփոփված են ստորև աղյուսակում։
| Մարզ | 2016-2020թթ. տուգանքների թիվը | 
| Կոտայք | 16 ֆիզիկական անձ | 
| Լոռի | 2 իրավաբանական անձ13 ֆիզիկական անձ | 
| Արարատ | 4 իրավաբանական անձ6 ֆիզիկական անձ | 
| Գեղարքունիք | 10 ֆիզիկական անձ | 
| Սյունիք | 1 իրավաբանական անձ2 ֆիզիկական անձ | 
| Արմավիր | 1 իրավաբանական անձ1 ֆիզիկական անձ | 
| Արագածոտն | 1 ֆիզիկական անձ | 
| Տավուշ | 1 ֆիզիկական անձ | 
| Շիրակ | 0 | 
| Վայոց Ձոր | 0 | 
| Ընդամենը | 58 | 
Վարչական պատասխանատվության արձանագրված դեպքերի ամենափոքր թիվը Տավուշի և Արագածոտնի մարզերում է՝ անցած 5 տարիների ընթացքում ընդամենը մեկական վարչական վարույթ յուրաքանչյուր մարզում։ Դիտարկվող ժամանակահատվածում Շիրակի և Վայոց ձորի մարզերում չսահմանված վայրում աղբ թափելու համար որևէ անհատ կամ կազմակերպություն չի տուգանվել:
Ընդհանուր առմամբ, այսպիսով, հանրապետության 10 մարզում 5 տարվա ընթացքում արձանագրվել է չնախատեսված վայրում աղբ թափելու համար ֆիզիկական անձանց՝ վարչական պատասխանատվության ենթարկելու 50 և իրավաբանական անձանց՝ 8 դեպք, ընդհանուր առմամբ՝ 58 դեպք։
Երեւան
Մայրաքաղաքում անցած 5 տարում չնախատեսված վայրերում աղբ թափելու համար պատասխանատվության ենթարկելու վիճակագրությունը շատ ավելի հուսադրող է. վարչական իրավախախտման 590 դեպք է արձանագրվել. պատասխանատվության է ենթարկվել 8 իրավաբանական և 582 ֆիզիկական անձ:
Այս աղյուսակում վարչական պատասխանատվության դեպքերի մանրամասն վիճակագրությունն է՝ ըստ մայրաքաղաքի համայքների.
| Համայնք | 2016-2020թթ. տուգանքների թիվը | 
| Կենտրոն | 126 ֆիզիկական անձ | 
| Շենգավիթ | 81 ֆիզիկական անձ | 
| Նոր-Նորք | 2 իրավաբանական անձ74 ֆիզիկական անձ | 
| Արաբկիր | 3 իրավաբանական անձ71 ֆիզիկական անձ | 
| Մալաթիա Սեբաստիա | 53 ֆիզիկական անձ | 
| Քանաքեռ-Զեյթուն | 52 ֆիզիկական անձ | 
| Դավթաշեն | 1 իրավաբանական անձ | 
| Տավուշ | 42 ֆիզիկական անձ | 
| Էրեբունի | 1 իրավաբանական անձ33 ֆիզիկական անձ | 
| Աջափնյակ | 26 ֆիզիկական անձ | 
| Ավան | 1 իրավաբանական անձ22 ֆիզիկական անձ | 
| Նուբարաշեն | 2 ֆիզիակական անձ | 
| Նորք Մարաշ | 0 | 
| Ընդամենը | 590 | 
Կենտրոն համայնքը վարչական պատասխանատվության արձանագրված 126 ցուցանիշով մայրաքաղաքում բացարձակ առաջատարն է, 81 դեպքով հաջորդում է Շենգավիթը, երրորդ տեղում Նոր Նորքն է՝ 76 դեպքով: Տուգանքների ամենացածր ցուցանիշը Նուբարաշեն համայնքում է արձանագրվել՝ 2 դեպք, իսկ Նորք Մարաշում որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձ պատասխանատվության չի ենթարկվել:
 
								 
															 
															 
															 
															 
								 
															 
															 
															 
															 
															 
															 
															 
															 
															