Ավելի քան երկու տասնյակ հայաստանյան ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ մայիսի 5-7-ին մասնակցեցին պետական գնումների և բյուջե թեմայով կարողությունների զարգացման դասընթացին:
Դասընթացը կազմակերպել էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնը «Թափանցիկ, մատչելի և հաշվետու գնումներ/TAAP» ծրագրի շրջանակում։
Դասընթացը վարում էին գնումների խորհրդատու, գնումների ոլորտի փորձագետ Անի Թորոսյանը, ֆինանսական ոլորտի փորձագետ, հետազոտող Ղարիբ Հարությունյանը։
Եռօրյա դասընթացի ընթացքում մասնակիցները հարստացրին պետական բյուջեի և պետական գնումներների համակարգի վերաբերյալ իրենց գիտելիքն ու հմտությունները, զարգացրին ոլորտը վերլուծելու, մոնիտորինգի կարողությունները։
Հաշվի առնելով ՔՀԿ-ների հատուկ կարիքները՝ դասընթացի առանձին մաս նվիրված էր պետական դրամաշնորհներին դիմելու մեխնաիզմներին և տեխնիկական առանձնահատկություններին։
Միևնույն ժամանակ առանձին օրակարգ էր մշակվել նաև ԶԼՄ ներկայացուցիչների համար․ դասընթացի երրորդ օրը լրագրող մասնակիցների համար մասնագիտական հարցերի քննարկման օր էր։
Օրվա առաջին հատվածում մասնակիցները «ՍիվիլՆեթ» առցանց պարբերականի փաստերի ստուգման թիմի համակարգող Անի Գրիգորյանի հետ քննարկեցին պետական գնումներին առնչվող պաշտոնական կայքերում տվյալներ փնտրելու և դրանք համադրելու մեխանիզմները։
Օրվա երկրորդ հատվածում , պետական գնումների փորձագետ Գործքի ղեկավար Արմեն Սարգսյանի հետ քննարկեցին վերջին օրենսդրական փոփոխություններն ու դրանց դրական և բացասական հնարավոր ազդեցությունը ոլորտի բոլոր դերակատարների վրա։ Ապա TAAP ծրագրի շրջանակում գնումների ոլորտի հանրային քաղաքականություն մշակող փորձագետ Անի Սամսոնյանը լրագրողներին ներկայացրեց քաղաքականության փափախության համատեքստում լրագրողների դերն ու համագործակցության հնարավոր մեխանիզմները։
Դասընթացին մասնակցող լրագրողները հնարավորություն կստանան մասնակցելու գնումների թեմայով լրագրողական նախագծերի մրցույթի։
«Թափանցիկ, մատչելի և հաշվետու գնումներ» (TAAP) ծրագիրն իրականացնում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական ՀԿ-ն՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի և «Համայնքը և երիտասարդները» երիտասարդական և խորհրդատվական ՀԿ-ի հետ միասին: Ծրագիրը իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով ԴԱՏԱ ծրագրի շրջանակում: