2011 թ. մայիսի 13-ին ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանի կողմից տեղեկատվություն ստանալու իրավունքը խախտած պաշտոնյաների Սև ցուցակը հրապարակելուց 3 օր անց, Ստեփանավանի քաղաքապետարանը իր իսկ նախաձեռնությամբ ուժը կորցրած է ճանաչել ավագանու այն որոշումը (թիվ 19-Ն), համաձայն որի՝ քաղաքապետարանը տեղեկատվության մեկ էջը տրամադրում էր 500 դրամ վարձավճարով։
Այս որոշման պատճառով Ստեփանավանի քաղաքապետն ընդգրկվել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տարեկան և եռամսյակային 2010-2011 թթ.-ի «Սև ցուցակներում», ինչպես նաև արժանացել էր ԻԱԿ-ի 2010 թ. Տեղեկատվության ազատության մրցանակաբաշխության «Ժանգոտ կողպեք» մրցանակին։
Ի դեպ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը փորձել էր դատարանով ուժը կորցրած ճանաչել վերոնշյալ որոշումը, սակայն 2011 թ. մարտի 24-ին ՀՀ վարչական դատարանը մերժել էր կազմակերպության հայցը և թիվ 19-Ն որոշումը մնացել էր ուժի մեջ։ Եվ միայն ԻԱԿ-ի և մամուլի կոշտ քննադատության շնորհիվ Ստեփանավանի քաղաքապետարանը ստիպված եղավ սեփական նախաձեռնությամբ վերացնել «Քաղաքապետարանում պատճենահանվող որոշումների կրկնօրինակների համար տեղական վարձավճար սահմանելու մասին» թիվ 19-Ն որոշումը։