ԻԱԿ-ն աջակցում է ապատեղեկատվության դեմ պայքարին՝ ոլորտը կարգավորող ռազմավարական փաստաթղթերի մշակման և գործարկման միջոցով, ինչպես նաև տարբեր դերակատարների համար թիրախային ուսուցումներ կազմակերպելով և հանրային կարևոր ոլորտներին առնչվող տեղեկություններ, փաստաթղթեր ստանալով և հանրայնացնելով։
2019-2022 թթ․-ին ԻԱԿ-ը Հանրային լրագրության ակումբի հետ համատեղ իրականացվող «Տեղեկատվության մատչելիություն. նոր մարտահրավերներ, նոր լուծումներ» ծրագրի շրջանակում աջակցել է կառավարությունում տեղեկատվության մատչելիության և թափանցիկության ապահովմանը, ինչպես նաև օգնել երիտասարդությանը հզորացնելով գործնական գիտելիքով և հմտություններով՝ իրացնելու ակտիվ քաղաքացու վերահսկողության իրենց դերը, բարելավելով հանրային տեղեկատվության հոսքն ու որակը:
2020-2021թթ․-ին ԻԱԿ-ը իրականացրել է «Ապատեղեկատվության վիրուսի դեմ պայքար» ծրագիրը՝ նպատակ ունենալով զարգացնել լրատվամիջոցների մեդիա գրագիտությունը և երիտասարդության փաստերի ստուգման հմտությունները Հայաստանի 5 կրթական հաստատություններում ստեղծելով փաստերի ստուգման լաբորատորիաներ։
2021թ.-ից Ինֆորմացիայի ազատության կենտրոնը այս ոլորտում համագործակցում է նաև Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) հետ՝ ներգրավելով նաև բիզնես համայնքի ներուժը։ «Ապատեղեկատվության դեմ պայքար մասնավոր հատվածում» ծրագրի շրջանակում ԻԱԿ-ը մշակել և իրականացրել է փաստերի ստուգման հմտութունների զարգացան դասընթաց մասնավոր հատվածի ներկայացուցիչների համար։
Ոլորտում համակարգային փոփոխություններ իրականացնելու նպատակով՝ «Ապատեղեկատվության դեմ պայքարի ազգային ռազմավարությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ ԻԱԿ-ը մշակել է Ապատեղեկատվության դեմ պայքարի հայեցակարգ 2024-2026 և դրա իրականացման ճանապարհային քարտեզը , որոնք հաստատվել են 2023 թ․ դեկտեմբերի 27-ին։ Փաստաթուղթը սահմանում է ապատեղեկատվության դեմ պայքարի ռազմավարական ուղղությունները, որոնցով պետք է առաջնորդվի ՀՀ կառավարությունը հասարակության, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության հետ հաղորդակցվելիս: Այն նախատեսում է հրատապ և անհետաձգելի գործողությունների համալիր Հայաստանի Հանրապետությունը, նրա ինստիտուտներին և քաղաքացիներին ապատեղեկատվությունից պաշտպանելու նպատակով։