Հրապարակումներ

Հրապարակումներ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ՏԵՂԵԿԱՆՔ. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Տեղեկատվության ազատության մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը սահմանափակում է հանրության տեղեկատվության մատչելիության և շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում մասնակցության իրավունքները: Այս նախագծի վերաբերյալ ապրիլի 3-ին բացասական կարծիք է հրապարակել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը։

Լրագրողներ առանց սահմանների միջազգային կազմակերպությունը ապրիլի 2-ին հայտարարել է, որ այս նախաձեռնությունը խախտում է ՀՀ կառավարության հրապարակայնության սկզբունքը։

Ապրիլի 6-ին Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը, որը միավորում է 230-ից ավելի հայաստանյան ՔՀԿ-ներ, ինչպես նաև 100-ից ավել այլ հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ ՀՀ Կառավարությունից պահանջելով անհապաղ չեղարկել Տեղեկատվության ազատության մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը եւ չներկայացնել Ազգային ժողով հետագա քննարկումների, քանի որ այն չի համապատասխանում տեղեկատվության ազատության ոլորտը կարգավորող ներպետական օրենսդրության և միջազգային պարտավորություններից բխող պահանջներին։

Մեր պահանջները հիմնվում են հետեւյալ փաստարկների վրա.

  1. Նախագիծը չի արտացոլում Օրհուսի կոնվենցիայի դրույթների իրական բովանդակությունը: Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը լրացնել 4-րդ մասով, համաձայն որի՝ շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկության տրամադրումը կարող է մերժվել, եթե այն կարող է բացասաբար անդրադառնալ շրջակա միջավայրի, այդ թվում՝ հազվագյուտ տեսակների բազմացման վայրերի վրա:
    Թեև Նախագծին կից ներկայացված հիմնավորումներում նշվում է, որ առաջարկվող կարգավորումների ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Օրհուսի կոնվենցիայի համապատասխանեցմամբ, այնուամենայնիվ, Նախագծի և Օրհուսի կոնվենցիայի համեմատական ուսումնասիրության և վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ պետք է քննարկել Նախագիծը լրամշակելու հարցն այն հաշվառմամբ, որպեսզի այն արտացոլի կոնվենցիայի դրույթների իրական բովանդակությունը:
    Այսպես, Օրհուսի կոնվենցիայի 4-րդ հոդվածն ամրագրում է այն դեպքերը, որոնց առկայության դեպքում շրջակա միջավայրին առնչվող տեղեկություն ստանալու կապակցությամբ կատարված հարցումը կարող է մերժվել: Մասնավորապես, սույն դրույթի 4-րդ մասի «ը» կետը սահմանում է, որ շրջակա միջավայրին վերաբերող տեղեկություն ստանալու կապակցությամբ կատարված հարցումը կարող է մերժվել, եթե այդպիսի տեղեկության հրապարակումը բացասաբար կանդրադառնա շրջակա միջավայրի վրա, որին վերաբերում է այդ տեղեկատվությունը, ինչպիսինն է (such as) հազվագյուտ տեսակների բազմացման վայրերի մասին տեղեկատվությունը։ Նման բացառության սահմանումը թույլ է տալիս պետությանը պաշտպանել հազվագյուտ տեսակների բազմացման վայրերը՝ նույնիսկ դրանց գտնվելու վայրը գաղտնի պահելու միջոցով:
    Մինչդեռ, Նախագծով «այդ թվում« եզրույթի գործածմամբ՝ որպես տեղեկության տրամադրման մերժման հիմք սահմանվում է տեղեկատվության ավելի լայն շրջանակ, քան նախատեսված է Օրհուսի կոնվենցիայով:
  2. Օրհուսի կոնվենցիայի համաձայն՝ տեղեկատվության տրամադրումը կարող է մերժել միայն պետական մարմինը (տես՝ կոնվենցիայի 2-րդ՝ «հասկացություններ» հոդվածի 2-րդ կետը), այն դեպքում, երբ օրենքի նախագծում այդ լիազորությունները տարածվել են «տեղեկատվության այն բոլոր տնօրինողների վրա , որոնք ընդգրկված են «Տեղեկատվության ազատության մասին» գործող օրենքի 3-րդ հոդվածով (4-րդ պարբերություն): Այսինքն, ավելացված են նաև տեղական ինքնակառավարման մարմինները և հանրային նշանակության մասնավոր կազմակերպությունները, որոնք չեն ընդգրկված կոնվենցիայի վերը հիշատակված պետական մարմինների ցանկում: Ստացվում է, որ հանրային նշանակության մասնավոր ընկերություները եւ ՏԻՄ-երը նույնպես հնարավորություն կունենան մերժել բնապահպանական տեղեկատվության հարցումները։
  3. Օրինագծի հիմնավորման մեջ ներկայացված է կոնվենցիայի համատեքստից առանձնացված 4-րդ կետը. «շրջակա միջավայրին վերաբերող տեղեկատվություն ստանալու կապակցությամբ կատարված հարցումը կարող է մերժվել, եթե այդպիսի տեղեկատվության հրապարակումը բացասաբար կանդրադառնա՝ շրջակա միջավայրի վրա, որին վերաբերում է այդ տեղեկատվությունը, օրինակ՝ հազվագյուտ տեսակների բազմացման վայրերին»։ Նշենք, որ ամբողջ 4-րդ հոդվածը նվիրված է մերժման համար ստույգ, այլ ոչ ընդհանուր պատճառներին, ինչպես դա մեկնաբանում են օրինագծի հեղինակները: Ըստ այս նախագծի, եթե տեղեկատվության տրամադրումը կարող է բացասաբար անդրադառնալ շրջակա միջավայրի վրա, ապա կարող է մերժվել։ Ընդ որում, որեւէ չափանիշ որոշում կայացնելու համար առկա չէ նախագծում՝ առաջ բերելով հայեցողական կիրառման լայն հնարավորություն վարչական մարմնի համար։
  4. Նշենք նաեւ, որ խնդրո առարկա համարվող տեղեկություններն արդեն իսկ հրապարակված են Կարմիր գրքում՝ այդ թվում համացանցում։ Թե որտեղ են հազվագյուտ տեսակների բազմացման վայրերը, կարող եք գտնել նույնիսկ Վիկիպեդիայում։ Ստացվում է, որ այս կարգավորումը նաեւ լիովին ավելորդ եւ ժամանակավրեպ է։
  5. Շրջակա միջավայրի նախարարությունը նաեւ նշում է, որ այս նախագծով ցանկանում է կանխել որսագողերի կողմից հազվագյուտ տեսակների բազմացման վայրերի մասին տեղեկատվության ստացումը։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ապրիլի 6-ին հարցում ուղարկեց նախարարություն՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն, թե ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը 2010-2020թթ ընթացքում տեղեկություն ստանալու քանի՞ հարցում է ստացել, որոնք վերաբերել են հազվագյուտ տեսակների բազմացման վայրերին և կարող էին բացասաբար անդրադառնալ շրջակա միջավայրի վրա։ 15.04.2020ին տրամադրված պատասխանով նախարարությունը տեղեկացրել է, որ վերջին 10 տարիների ընթացքում այս մասին ստացել է 0 հարցում։ Այսպիսով, այս կարգավորումը ավելորդ է եւ չի բխում առկա հիմնախնդիրները կարգավորելու պահանջից։ Հարցումն ու պատասխանը տես այստեղ:
  6.  Նշենք, որ օրինագծի հիմնավորման մեջ նախարարությունը նշում է նաև մեկ այլ փաստաթուղթ՝ Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզով ամրագրված Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության հանրային հասանելիության մասին Խորհրդի 90/313/ԵՏՀ հրահանգն ուժը կորցրած ճանաչող՝ Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2003 թվականի հունվարի 28-ի 2003/4/ԵՀ հրահանգը, որը, ըստ օրինագծի հեղինակների, ենթակա է կատարման ՀՀ կողմից մինչև 2020թ. առաջին եռամսյակը: Պատահական չէ, որ այս փաստաթղթին հղումն ընդհանուր բնույթ է կրում՝ առանց ստույգ դրույթի մեջբերման, քանի որ այս փաստաթղթում չկա ոչ մի դրույթ, որտեղ նշված լինեն տեղեկատվության մերժման հիմնավորուները։ Հակառակը, փաստաթուղթն ամեն կերպ ողջունում է պետական կառույցների բաց լինելը և հաշվետվողականությունը։
  7. Միևնույն ժամանակ, առանց հանրային պատշաճ քննարկումների ներկայացնելով օրինագիծը ՀՀ կառավարություն, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը խախտել է կոնվենցիայի 8-րդ հոդվածի դրույթը. «Հասարակության մասնակցությունն անմիջական կիրառման ուժ ունեցող նորմատիվ դրույթների և/կամ ընդհանուր կիրառում ունեցող իրավականորեն պարտադիր նորմատիվ ակտերի նախապատրաստման գործում։ Յուրաքանչյուր Կողմ ճիգեր է գործադրում՝ աջակցելու համար հասարակության արդյունավետ մասնակցությանը պետական մարմինների կողմից անմիջական կիրառման ուժ ունեցող նորմատիվ դրույթների և այլ ընդհանուր կիրառում ունեցող իրավականորեն պարտադիր նորմատիվ ակտերի, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի վրա, նախապատրաստման գործում համապատասխան փուլի ընթացքում, երբ դեռևս բաց է ընտրության հնարավորությունը։
  8. Առաջարկվող նախագիծը նաեւ հակասում է ՀՀ այլ իրավական ակտերին, մասնավորապես,
    8.1. Առաջարկվող լրացումը կատարվում է Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածում, որը տեղեկության տրամադրման մերժման հիմքերի հետ միաժամանակ սահմանում է այն դեպքերը, երբ տեղեկության տրամադրումը չի կարող մերժվել: Մասնավորապես, օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը սահմանում է, որ տեղեկության տրամադրումը չի կարող մերժվել, եթե դա ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տնտեսության ընդհանուր վիճակը, ինչպես նաև բնության և շրջակա միջավայրի պաշտպանության, առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, առևտրի, մշակույթի բնագավառում տիրող իրական վիճակը:
    Ստացվում է, որ օրենքի մի դրույթով արգելվում է գաղտնագրել այս տեղեկատվությունը, իսկ մեկ այլ դրույթով նախատեսվում է գաղտնագրում։ 8.2. Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքը նախատեսում է կենսաբազմազանության վրա նախատեսվող ազդեցության վերաբերյալ փորձաքննություն իրականացնելու պահանջ, ինչպես նաեւ հանրային լսումներ անցակցնելու հատուկ պահանջ։ Հանրային լսումներին հասարակության լիարժեք մասնակցության համար անհրաժեշտ է տեղեկատվություն այն մասին, թե արդյոք նախագծի տարածքում կան հազվադեպ հանդիպող և անհետացման եզրին գտնվող տեսակներ, թե ոչ: Այս նախագծի ընդունման պաարգայում համայնքի բնակիչը զրկվում է այս կարեւոր տեղեկատվությունը ստանալու եւ տեղեկացված որոշումներ կայացնելու հնարավորությունից (օրինակ, համայնքի տարածքում նոր հանք շահագործելու նախագծին հավանություն տալ չտալու հարցը քննարկելիս)։ 8.3. Բացի այդ, Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի 26-րդ հոդվածը ուղղակիորեն արգելում է բաց եղանակով հանքի շահագործումն այն տարածքում, որտեղ առկա են ՀՀ Կարմիր գրքում գրանցված տեսակներ: Հետևաբար, եթե նախատեսվող լրացումն ընդունվի, ապա այն հակասության մեջ կմտնի այս իրավական նորմերի հետ։

Ուստի, հաշվի առնելով վերոնշյալը, կոչ ենք անում Շրջակա միջավայրի նախարարությանը անհապաղ հրաժարվել այս նախաձեռնությունից, ՏԱ օրենքը փոփոխելու գործընթացին ցուցաբերել պատասխանատու եւ համակարգային մոտեցում, իսկ որեւէ փոփոխություն առաջարկելուց առաջ խորհրդակցել ոլորտում տասնամյակների փորձառություն ունեցող հասարակական կառույցների և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ: Առանց բաց և թափանցիկ քննարկումների օրենքի նախագծեր ստեղծելը խաթարում է ՔՀԿ-պետություն համագործակցության մեխանիզմներն ու թուլացնում պետության նպատմամբ հանրության վստահությունը:

 

Skip to content