«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի ընդունումից 21 տարի անց պետական կառավարման մարմինները դեռևս չգիտեն՝ ինչպես կազմել և հրապարակել օրենքով սահմանված տեղեկություն ստանալու հարցումների վիճակագրությունը։ Կառույցներից ամեն մեկն այն հրապարակում է իր պատկերացումների համաձայն՝ չապահովելով տվյալներ համադրելիություն։ Սա է փաստում ԻԱԿ-ի վերջին հարցումների պատասխանների ամփոփումը։
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի, 7-րդ հոդվածի 3-րդ մասի 11-րդ կետի համաձայն՝ «տեղեկատվություն տնօրինողը տարին առնվազն մեկ անգամ հրապարակում է ստացված հարցումների վերաբերյալ վիճակագրական և ամփոփ տվյալները, այդ թվում՝ մերժման հիմքերը»։
2024 թվականի հունվարին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու հարցում էր ուղարկել պետական կառավարման 25 մարմիններ (նախարարություններ, կառավարությանը և վարչապետին ենթակա մարմիններ)՝ նպատակ ունենալով պարզել, թե ինչպես է կատարվում օրենքի այս պահանջը։ Հարցմամբ խնդրել էինք տեղեկացնել, թե արդյոք հրապարակել են տեղեկություն ստանալու հարցումների ամենամյա վիճակագրությունը և հրապարակելու դեպքում տրամադրել ակտիվ հղումը[1]։
Պետական կառավարման մարմիններին ուղղված ԻԱԿ-ի հարցումներին ի պատասխան ստացված ակտիվ հղումները[2] վկայում են, որ համակարգում առկա չեն վիճակագրությունը կազմելու և հրապարակելու միասնական ձևաչափ և մեթոդոլոգիա։ Կառույցները շարունակում են այս պահանջն իրականացնել իրենց կարողության և պատկերացումների սահմաններում։ Վիճակագրությունը հրապարակած 14 կառույցների փորձը վկայում է, որ նրանց բացարձակ մեծամասնությունը չի կատարել օրենքի այս պահանջը հավուր պատշաճի։
Այս խնդիրը լուծելու նպատակով Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դեռևս 2021 թվականին մշակել և պետական կառավարաման մարմիններին էր փոխանցել վիճակագրության միասնական ձևանմուշ, որի կիրառումը հնարավորություն կտար ոչ միայն ավելի հասկանալի և ընկալելի դարձնելու վիճակագրությունը հանրության համար, այլև ձևավորելու տվյալների հրապարակման միասնական մոտեցում և հեշտությամբ համադրելու ստացված վիճակագրական տվյալները։ Սակայն, այս ձևաչափը ևս անտեսվել է մեծ մասի կողմից։
14 կառույցներից միայն երկուսը՝ Արդարադատության նախարարությունը և Քաղաքաշինության կոմիտեն են վիճակագրությունը կազմել ԻԱԿ-ի մշակած ձևաչափով՝ ապահովելով օրենքի պահանջին համապատասխան վիճակագրության հրապարակում։ Այլ ձևաչափով ՏԱ հարցումների վիճակագրությունը ներկայացրած կառույցներից միայն Պաշտպանության և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություններն են ապահովել օրենքի պահանջը։
Մյուս պետական կառույցների հրապարակած տվյալները խնդրահարույց են օրենքի տեսանկյունից հետևյալ հիմնավորմամբ։
- Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Պետական եկամուտների կոմիտեն հարցումների վիճակագրությունը հրապարակել են ընդհանուր փաստաթղթաշրջանառության ամսական հաշվետվության շրջանակում՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի 2023 թվականի մայիսի 8-ի № 02/14.30/14828-2023 գրության համաձայն և ըստ ներկայացված ձևանմուշի։ Թեպետ ձևանմուշը ընդհանուր առմամբ արտացոլում է օրենքի պահանջը, սակայն չի պարունակում հարցումնեի մերժման հիմքերի մասին տվյալները, ինչը ևս օրենքի պահանջ է։
- Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը և Ֆինանսների նախարարությունը հարցումների վիճակագրությունը ևս հրապարակել են ընդհանուր փաստաթղթաշրջանառության ամսական հաշվետվության շրջանակում, սակայն այլ ձևաչափով։ Այս ձևաչափը նույնպես չի տրամադրում հարցումների մերժման հիմքերի մասին տվյալները։ Ավելին, այս դեպքում չկան տվյալներ նաև ստացված հարցումների հետագա ընթացքի վերաբերյալ՝ բավարարվել է արդյոք, թե մերժվել/ վերահասցեագրվել և այլն։
- Ամսական կտրվածքով է ներկայացնում վիճակագրությունը նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, որը սակայն տեղադրում է բացառապես ստացած հարցումների քանակը: Ավելին, կայքում այս պահին հասանելի են միայն վերջին 8 ամիսների վերաբերյալ տվյալներ, ուստի «տարին առնվազն մեկ անգամ հրապարակում է ստացված հարցումների վերաբերյալ վիճակագրական և ամփոփ տվյալները» ներկայացնելու օրենքի պահանջն ապահովված չէ։
- Մնացած կառույների պարագայում վիճակագրությունը ներկայացվում է շարադրված տեքստի ձևով, որոնք ունեն տարբեր չափ, ձև և բովանդակություն։ Այս դեպքում էական է ոչ այնքան դրանց հրապարակված և ամբողջական լինելը, որքան բազմազանութունը։ Օրինակ, Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հարցումների վիճակագրությունը ներառել է տարեկան հաշվետվության մեջ, որոշ գերատեսչություններ տեքստը տեղադրել են կայքի ՏԱ-ի վերաբերող բաժնում, մյուսները՝ գրեթե նույնական տեքստը կցել հավելվածի տեսքով։
Հրապարակված վիճակագրությունների ուսումնասիրությունը թույլ է տալիս առանձնացնել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք, 7-րդ հոդվածի 3-րդ մասի 11-րդ կետի կիրառմանն առնչվող մի քանի խնդիր.
- Տեղեկություն ստանալու հարցումների վիճակագրության հավաքագրման և հրապարակման հստակ և միասնական մեխանիզմ և մոտեցում չկա, առնվազն չի գործում։
- Այս պահին պետական կառավարման մարմինների կողմից օգտագործվում է առնվազն 3 տարբեր ձևանմուշ, որոնցից միայն ԻԱԿ-ինն է, որ վերաբերում է բացառապես հարցումներին և անդրադառնում է օրենքով սահմանված բոլոր պահանջներին։
- Հրապարակված վիճակագրություններում մերժման հիմքերի մասին տվյալները գրեթե միշտ բացակայում են. 14 գերատեսչությունից միայն 2-ն են տրամադրել մերժման հիմքերի մասին ամբողջական տվյալներ, ևս երկուսը դա իրականացրել են մասամբ։ Կադաստրի կոմիտեն հստակեցրել է, որ նման տեղեկություն տրամադրելու հնարավորություն չունի գործունեության առանձնահատկություններից ելնելով։
- Թեպետ հնարավոր է հարցումների վերաբերյալ անհրաժեշտ վիճակագրությունը ներկայացնել ընդհանուր փաստաթղթաշրջանառության շրջանակում, սակայն այդ դեպքում անհրաժեշտ է համապատասխան փաստաթղթի հղումը տեղադրել նաև կայքի՝ տեղեկատվության ազատությանը վերաբերող հատվածում (կախված կայքի կառուցվածքից), ինչը այս դեպքում հաճախ չի իրականացվում։
[1] Տեղեկություն ստանալու հարցումների վերաբերյալ ամենամյա վիճակագրությունը հրապարակելու վերջնաժամկետը յուրաքանչյուր հաջորդ տարվա մարտի 31-ն է, ուստի այս ուսումնասիրության շրջանակում վիճակագրությունը չհրապարակելու հանգամանքը չի դիտարկվել որպես օրենքի խախտում, փոխարենը դիտարկվել են արդեն իսկ հրապարակված վիճակագրությունների համապատասխանությունը օրենքի պահանջին։
[2] Հարցումներին օրենքով սահմանված ժամկետներում պատասխանել է 24 պետական մարմին․ միայն Ներքին գործերի նախարությունը հունվարի 31-ի դրությամբ չի արձագանքել հարցմանը։