Հրապարակումներ

Հրապարակումներ

Ինչքա՞ն ծառայողական մեքենա և վարորդի հաստիք է կրճատվել պետական կառավարման մարմիններում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Ինչքա՞ն ծառայողական մեքենա և վարորդի հաստիք է կրճատվել պետական կառավարման մարմիններում

Պարզելու համար, թե որքանով է արդյունավետ իրականացվում ՀՀ կառավարության խոստացած ծառայողական մեքենաների օպտիմալացման գործընթացը 2019 թ.-ի ապրիլին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը էլեկտրոնային հարցումներով դիմել է 24 պետական կառավարման մարմին՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե 2018 թ.-ի հունիսի 1-ից մինչ օրս որքան ծառայողական մեքենա և վարորդ է կրճատվել:

Հարցումներն ուղարկվել են բոլոր նախարարություններ (17 հարցում), ՀՀ կառավարությանը և Վարչապետին առընթեր մարմիններ (4 հարցում), ՀՀ վարչապետի, ՀՀ նախագահի և Ազգային ժողովի աշխատակազմ (3 հարցում)։
24 կառույցներից 21-ը հարցմանը լիարժեք պատասխանել են սահմանված ժամկետներում, 2-ը՝ ուշացած: Պաշտպանության նախարարությունը ինչպես միշտ խնդրել է լրացուցիչ 30-օրյա ժամկետ:

Միայն Վարչապետի աշխատակազմը կրճատված մեքենաների թիվ չի ներկայացրել՝ նշելով, որ օպտիմալացման գործընթացը դեռևս չի ավարտվել, ուստի տվյալների ամփոփումն արվել է առանց Վարչապետի աշխատակազմի:
Ըստ հարցման պատասխանների՝ ՀՀ պետական կառավարման 22 մարմիններում 2018 թվականի հունիսի 1-ից մինչև օրս ընկած ժամանակահատվածում կրճատվել կամ կրճատման են ներկայացվել 256 ծառայողական մեքենա: Սրանցից 98-ն արդեն իսկ կրճատվել են, իսկ 158-ի օպտիմալացման հարցը դեռ ընթացքի մեջ է: Վերոնշյալ մեքենաներից 115-ը եղել են չշահագործվող, 141-ը շահագործվող:

Ամենից շատ մեքենա կրճատել է Պետական եկամուտների կոմիտեն՝ 45 մեքենա, իսկ ամենից շատ նախատեսում է կրճատել ՀՀ ոստիկանությունը՝ 67 մեքենա: Օպտիմալացման ընթացքի մեջ են նաև ՀՀ բնապահպանության նախարարության 30, ՀՀ ԱԱԾ-ի 26: Սակայն եթե ԱԱԾ-ի բոլոր մեքենաները շահագործվող են, ապա Ոստիկանությունը կրճատման է ներկայացրել շահագործման ոչ պիտանի գույք: Չշահագործվող են նաև Բնապահպանության նախարարության 39 մեքենաներից 30-ը:

Հարցված 22 մարմիններից 5-ը 2018 թվականի հունիսի 1-ից մինչև օրս ոչ մի ծառայողական մեքենա և վարորդ չեն կրճատել: Դրանք են՝ Արդարադատության, Տարածքային կառավարման և զարգացման, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություններ և Պետական վերահսկողական ծառայությունը։

ՀՀ պետական կառավարման 23 մարմիններում 2018 թվականի հունիսի 1-ից մինչև օրս կրճատվել է 55 վարորդ, ևս 9-ը ծանուցվել են առաջիկա կրճատման մասին: Ամենից շատ վարորդ կրճատել է ՀՀ վարչապետի աշխատակազմը՝ թվով 29 վարորդ: ԱԺ-ում կրճատված վարորդների թիվը 18 է:

Skip to content