Հրապարակումներ

Հրապարակումներ

Որքան արժեն պաշտոնական ինտերնետային կայքերը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Որքան արժեն պաշտոնական ինտերնետային կայքերը

2009-2011 թվականների ընթացքում ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության, Երևանի քաղաքապետարանի, բոլոր նախարարությունների և դրանց ենթակայության տակ գտնվող տարբեր կառույցների համար ստեղծել է 108 նոր կայք և վերամշակվել 19 կայք: Ընդհանուր առմամբ, կայքերի ստեղծման, վերամշակման և սպասարկման համար այս գերատեսչությունները 2009-2011թ.թ.-ի ընթացքում ծախսել են 101մլն. 262 հազար 375 ՀՀ դրամ և 10.300 ԱՄՆ դոլար։ Այս տեղեկատվությունը Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ստացել է 2012թ. մարտին պետական գերատեսչություններ ուղարկած տեղեկություն ստանալու հարցումների միջոցով։

Ի դեպ, 2009, 2010 և 2011թ.թ.-ին կայքերի ստեղծման, վերամշակման և սպասարկման համար ամենաշատ գումարը ծախսել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ 18.214.100 ՀՀ դրամ (www.mss.am և www.disabilityarmenia.am կայքերի համար) և 10.300 ԱՄՆ դոլար (www.employment.am կայքի համար), իսկ ամենաքիչ գումարը ծախսել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ 80.000 ՀՀ դրամ: Իսկ ՀՀ Գյուղատնտեսության և Սփյուռքի նախարարություններն ընդհանրապես գումար չեն ծախսել:

2012 թ.-ի մարտի 21-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցումներ ուղարկեց ՀՀ Ազգային ժողով, ՀՀ կառավարություն, Երևանի քաղաքապետարան և ՀՀ բոլոր նախարարություններ` բացառությամբ ՀՀ տարածքային կառավարման նախարարության` խնդրելով տրամադրել հետևյալ տեղեկությունները.

  1. Քանի՞ կայք է ստեղծվել կամ վերամշակվել 2009, 2010 և 2011թ.թ.-ի ընթացքում տվյալ գերատեսչության համար:
  2. 2009, 2010 և 2011թ.թ.-ի ընթացքում որքա՞ն գումար է ծախսվել տվյալ գերատեսչության պաշտոնական կայքի (կայքերի) մշակման (վերամշակման) և գործարկման համար ըստ տարիների:
  3. Խնդրում ենք տրամադրել ֆինանսավորման աղբյուրները:

Նշենք, որ ԻԱԿ-ը ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը հարցում չի ուղարկել, քանի որ ՏԿՆ-ն իր պաշտոնական կայքը մշակել և պատրաստել է ԻԱԿ-ի հետ համատեղ՝ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական միջոցներով, հետևաբար ԻԱԿ-ը տիրապետում է պահանջվող տեղեկություններին:

Պատասխանների բովանդակությունը

ՀՀ Ազգային ժողով

ՀՀ Ազգային ժողովի տրամադրած պատասխան գրության համաձայն` 2009-2011թ.թ.-ի ընթացքում ՀՀ ԱԺ կայքը 3 անգամ է վերամշակվել. նախ, 2009թ.-ին փոխվել է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքի դիզայնը, որի համար Ազգային ժողովը ZOOM GRAPHICS ընկերությանը 100.000 ՀՀ դրամ է վճարել:

2010թ.-ին USAID-ի (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող “ՀՀ Ազգային ժողով և ԱՄՆ ՄԶԳ համատեղ ծրագրի” շրջանակրում կատարելագործվել է կայքի որոնման համակարգը:  Իսկ 2011թ.-ին ստեղծվել է կայքի ֆրանսերեն տարբերակը, որի թարգմանությունն իրականացվում է Ֆրանկոֆոնայի խորհրդարանական վեհաժողովի “Նորիա” ծրագրի շրջանակում:

Այսպիսով, ՀՀ Ազգային ժողովը տրամադրել է թերի պատասխան, քանի որ մի դեպքում նշել է ֆինանսավորման չափը` չնշելով աղբյուրը, 2 դեպքում նշել է ֆինանսավորման աղբյուրը և չի նշել չափը: Ուստի, ԻԱԿ-ը 2012թ.-ի մայիսի 25-ին կրկնակի հարցմամբ դիմեց ՀՀ Ազգային ժողով: Կրկնակի հարցմանը Ազգային ժողովը լիարժեք պատասխան է տրամադրել՝ հայտնելով, որ ZOOM GRAPHICS ընկերությանը վճարված 100.000 ՀՀ դրամը ՀՀ պետական բյուջեով Ազգային ժողովին հատկացված միջոցներից է, իսկ մյուս 2 դեպքում ԱԺ-ն ֆինանասական որևէ ներդրում չի կատարել:

ՀՀ կառավարություն

ՀՀ կառավարությունը 2009-2011թ.թ.-ի ընթացքում ստեղծել և վերամշակել է 3 կայք` www.gov.am, www.e-gov.am և www.report.gov.am կայքերը.

  • 2010թ.-ին “Տնտեսական բարեփոխումների տեղեկատվական վերլուծական կենտրոն” ՊՈԱԿ-ի միջոցների հաշվին վերամշակվել է www.gov.am կայքը, ինչն արժեցել է 2.070.000 ՀՀ դրամ,
  • 2010թ.-ին Համաշխարհային բանկի “Պետական արդիականացման ծրագրի” միջոցների հաշվին ստեղծվել է www.e-gov.am կայքի “Ինտերակտիվ բյուջե” բաժինը` 7.465.000 ՀՀ դրամ արժողությամբ և “Լիցենզիաների հայտերի ընդունման էլեկտրոնային համակարգ” բաժինը` 7.481.875 ՀՀ դրամ արժողությամբ,
  • 2011թ.-ին ՀՀ կառավարության աշխատակազմի միջոցներով գործարկվել է www.report.gov.am կայքը, ինչն արժեցել է 800.000 ՀՀ դրամ:

ՀՀ կառավարության պատասխանը:

Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը 2009-2011թ.թ.-ին ընթացքում “Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն” ՓԲԸ-ի միջոցների հաշվին ստեղծել է 3 կայք և վերամշակել 2-ը:

Քաղաքապետարանի www.yerevan.am պաշտոնական կայքը նույնպես ստեղծվել, վերամշակվել և սպասարկվում է “Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն” ՓԲԸ-ի կողմից, ՓԲԸ-ի միջոցների հաշվին: Սակայն Երևանի քաղաքապետարանը չէր տրամադրել կայքերի ստեղծման և վերամշակման համար ծախսված գումարների մասին տեղեկություն, ուստի, ԻԱԿ-ը 2012թ.-ի մայիսի 25-ին փոստով կրկնակի հարցում է ուղարկել Երևանի քաղաքապետարան: Կրկնակի հարցումն ուղարկելուց 25 օր անց քաղաքապետարանը լիարժեք պատասխան է տրամադրել՝ նշելով, որ քաղաքապետարանի կայքերի մշակման, վերամշակման, գործարկման, տեխնիկական նոր հնարավորությունների հավելման և սպասարկման համար ծախսված գումարը համապատասխան աշխատակիցներին (1 ծրագրավորող և 1 ադմինիստրատոր) տրվող աշխատավարձն է եղել, ընդ որում, 2009 և 2010 և 2011թ.թ.-ին ադմինիստրատորի համախառն միջին աշխատավարձը կազմել է ամսական 250.000 ՀՀ դրամ, իսկ ծրագրավորողինը 2009 և 2010թ.թ.-ին՝ 270.000 ՀՀ դրամ, իսկ 2011թ.-ին՝ 292.500 ՀՀ դրամ: Այսպիսով, ընդհանուր առմամբ Երևանի քաղաքապետարանի կայքերի վրա ծախսվել է 2009 և 2010թ.թ.-ից յուրաքանչյուրին 6.240.000 ՀՀ դրամ, իսկ 2011թ.-ին՝ 6.750.000 ՀՀ դրամ:

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարության կայքը, ինչպես արդեն նշվեց, մշակվել և գործարկվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համատեղ: ՀՀ ՏԿՆ-ի և Հայաստանի բոլոր 10 մարզպետարանների կայքերը մշակվել և գործարկվել են 2011թ.-ին` ԱՄՆ ՄԶԳ ֆինանասավորմամբ: Կայքերի ստեղծման ընդհանուր արժեքը 3.000.000 ՀՀ դրամ է:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատասխանն ամենաբովանդակալիցներից է: Նախարարության համակարգում (նախարարությունում և նրա առանձնացված ստորաբաժանումներում) առկա է շուրջ 7 կայք`

  • նախարարության պաշտոնական կայքը` www.mss.am,
  • “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալության կայքը` www.employment.am,
  • Աշխատանքի պետական տեսչության (ԱՊՏ) կայքը` www.apt.am,
  • “Նորք” տեղեկատվավերլուծական կենտրոն ՓԲԸ-ի կայքը` www.norq.am,
  • Հաշմանդամության ոլորտի կայքը` www.disabilityarmenia.am,
  • Սոցիալական ապահովության պետական ծառայության (ՍԱՊԾ) կայքը` www.sif.am,
  • ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության (ԲՍՓԳ) կայքը` www.hhbsp.am:

Ըստ նախարարության պատասխանի` www.sif.am և www.hhbsp.am կայքերի սպասարկումն իրականացվում է համապատասխանաբար ՍԱՊԾ-ի և ԲՍՓԳ-ի կողմից: Իսկ մնացած www.mss.am, www.employment.am, www.apt.am, www.norq.am և www.disabilityarmenia.am կայքերը մշակվել և սպասարկվում են “Նորք” տեղեկատվավերլուծական կենտրոն ՓԲԸ-ի կողմից: Այսպես.

  • ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական www.mss.am կայքի կատարելագործման և սպասարկման համար 2009թ.-ին ծախսվել է 6.478.100 ՀՀ դրամ, 2010թ.-ին` 5.179.100 ՀՀ դրամ, իսկ 2011թ.-ին` 5.160.200 ՀՀ դրամ: Ֆինանսավորումն իրականացվել է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին,
  • www.employment.am կայքը 2010թ.-ին կատարելագործվել է: Կատարելագործման աշխատանքներն իրականացվել են Աշխատանքի միջազգային կազմակերպության (ILO) աջակցությամբ և արժեցել են 10.300 ԱՄՆ դոլար: Կայքի ընթացիկ սպասարկումն իրականացվում է “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալության և “Նորք” կենտրոնի կողմից,
  • Աշխատանքի պետական տեսչության www.apt.am կայքը 2009թ.-ին արդիականացվել է “Նորք” կենտրոնի կողմից, իսկ կայքի ընթացիկ սպասարկումն իրականացվում է ԱՊՏ ներքին ռեսուրսներով,
  • “Նորք” կենտրոնի www.norq.am կայքը արդիականացվել է կենտրոնի ներքին ռեսուրսների հաշվին 2009թ.-ին: Այս կայքի սպասարկումը նույնպես իրականանացվում է “Նորք” կենտրոնի կողմից,
  • www.disabilityarmenia.am կայքը մշակվել է 2010թ.-ին: Կայքի մշակման աշխատանքներն արժեցել են 1.396.700 ՀՀ դրամ և իրականացվել են “Վորլդ Վիժն Ինտերնեշնլ” միջազգային բարեգործական կազմակերպության Հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ: Այս կայքի ընթացիկ սպասարկումն իրականացվում է նախարարության Հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության և “Նորք” կենտրոնի կողմից:

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարության պատասխան գրության համաձայն` նախարարության համար 2009-2011թ.թ.-ի ընթացքում կայք չի ստեղծվել կամ վերամշակվել: Իսկ 2009, 2010 և 2011թ.թ.-ի ընթացքում նախարարության www.moh.am և www.pag.am կայքերի գործարկման համար յուրաքանչյուր տարի ծախսվել է համապատասխանաբար 420.000 և 30.000 ՀՀ դրամ: ՀՀ ԱՆ կայքերի ֆինանսավորումն իրականացվել է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարությունն ի պատասխան ԻԱԿ-ի հարցման նշել է, որ նախարարության՝ 2007թ.-ից գործող պաշտոնական կայքը փոխվել է միայն 2011թ.-ին` Հայաստանում ԱՄՆ դեսպանատան արդարադատության դեպարտամենտի ֆինանսական աջակցությամբ: Այդ աշխատանքի համար ծախսվել է 1.000.000 ՀՀ դրամ: 2009, 2010 թվականներին կայքը չի վերամշակվել:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ի պատասխան իրեն ուղարկված հարցման հայտնել էր, որ 2009-2011թ.թ.-ի ընթացքում նախարարության համար 2 ինտերնետային կայք է ստեղծվել (վերամշակվել): 2009 և 2011թ.թ.-ին գումար չի ծախսվել, իսկ 2010թ.-ին ծախսվել է 80.000 ՀՀ դրամ: Այս գումարը ֆինանսավորվել է ՀՀ ԱԻՆ պահպանման ծախսերից:

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

2009թ.-ից ՀՀ արտաքին գործերի նախարարությունը սկսել է նախարարության նոր կայքի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների կայքերի նախագծման-մշակման գործընթացը/տես պատասխան գրությունն այստեղ/: 2011թ.-ի մարտի 1-ից սկսել է գործել նախարարության կայքը, ապա` նաև դեսպանությունների կայքերը: 2012թ.-ի մարտի 26-ի դրությամբ արդեն գործում է օտարերկրյա պետությունններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների 36 կայք, ևս 20-ը գտնվում է մշակման փուլում: ՀՀ ԱԳՆ և դեսպանատների կայքերի գործարկման նախագծի արժեքը 2.700.000 ՀՀ դրամ է, որից 2009թ.-ին գումար չի ծախսվել, 2010թ.-ին ծախսվել է 750.000 ՀՀ դրամ, իսկ 2011թ.-ին` 1.950.000 ՀՀ դրամ: Կայքերի սպասարկումը, փոփոխություններն ու թարմացումն իրականցվում են նախարարության արտաբյուջետային միջոցների հաշվին` նախարարության կողմից:

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտնել է, որ 2011թ.-ին “Տեղեկատվական վերլուծական կենտրոն” ՊՈԱԿ-ի կողմից մշակվել է նախարարության պաշտոնական կայքի վերամշակված տարբերակ, որը կներդրվի 2012թ.-ի Վերջում: Կայքի ֆինանսավորումը 500.000 ՀՀ դրամի չափով կատարվել է Միավորված ազգերի “Տեղեկատվության և մոնիթորինգի համակարգի օպտիմալացման նպատակով ինստիտուցիոնալ և իրավական ներուժի զարգացում Հայաստանում` գլոբալ բնապահպանական կառավարման համար” ծրագրի շրջանակում:

ՀՀ Բնապահպանության նախարարության պաշտոնական կայքի սպասարկման ծախսերը ֆինանսավորվել են ՀՀ պետական բյուջեից, որը ըստ տարիների կազմել է.

  • 2009թ.` 6.579.400 ՀՀ դրամ,
  • 2010թ.` 5.980.000 ՀՀ դրամ,
  • 2011թ.` 6.156.000 ՀՀ դրամ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքը ստեղծվել է 2008թ.-ին, իսկ 2009-2011թ.-ին միայն թարմացվել և ձևավորման մասնակի փոփոխությունների է ենթարկվել նախարարության աշխատանքային ռեսուրսների հաշվին: Այդ ռեսուրսների գումարային չափը, սակայն, նախարարությունը պատասխան գրությամբ  չի տրամադրել: Ուստի, ԻԱԿ-ը նախարարությանը դիմեց կրկնակի հարցմամբ, որին նախարարությունը բանավոր, ապա նաև գրավոր պատասխան տրամադրեց՝ հստակեցնելով, որ 2009-2011թ.թ.-ի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության կայքի թարմացման և փոփոխությունների համար որևէ գումար չի տրամադրվել և ծախսվել: Կայքի ընթացիկ թարմացումը և փոփոխություններն իրականացվել են նախարարության աշխատակիցների կողմից (աշխատանքային ռեսուրսներ):

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ԻԱԿ-ին հայտնեց, որ նախարարության համար 2009-2011թ.թ.-ի ընթացքում կայքեր չեն ստեղծվել: Սակայն արդիականացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության ՀՀ մտավոր սեփականության գործակալության www.aipa.am պաշտոնական կայքը, որի համար “Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում արտաբյուջետային միջոցների հաշվին” ծրագրով 2009թ.-ին հատկացվել է 3.280.000 ՀՀ դրամ, իսկ 2010թ.-ին` 1.920.000 ՀՀ դրամ:

Բացի այդ, նախարարությունը նշել է, որ նույն ծրագրով 2011թ.-ին 4.650.000 ՀՀ դրամ է հատկացվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքի նոր տարբերակի մշակման և www.armenia.am կայքի ստեղծման և գործարկման համար: Այս կայքերը գտնվում են լրամշակման փուլում:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցմանն ի պատասխան հայտնել է, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն ունի մեկ կայք` www.minenergy.am կայքը, որը, ժամանակի պահանջներին համահունչ, պարբերաբար վերամշակվում ու վերազինվում է: Այդ աշխատանքների ֆինանասավորումը կատարվում է ՀՀ պետական բյուջեից: 2009թ.-ին հատկացվել է 200.000 ՀՀ դրամ, 2010թ.-ին` 142.000 ՀՀ դրամ, իսկ 2011թ.-ին` 142.000 ՀՀ դրամ:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պատասխանել է, որ նախարարության www.edu.am պաշտոնական կայքը ստեղծվել է 2006թ.-ին և գործում է մինչ օրս: Ուստի, 2009, 2010 և 2011թ.-ի համար խնդրվող տվյալներ չկան:

ՀՀ մշակույթի նախարարություն

2011թ.-ին ստեղծվել է նախարարության պաշտոնական նոր կայքը, որն այժմ գործարկման փուլում է, ինչպես նաև ստեղծվել է կայքին կից` հուշարձանների տեղեկատվական շտեմարանը, որն այժմ մշակման փուլում է: Նախարարության www.mincult.am կայքի և հուշարձանների տեղեկատվական շտեմարանի ստեղծման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 1.500.000 ՀՀ դրամ: Բացի այդ, 2009-2011թ.թ.-ի ընթացքում ավելի քան 40 կայք է ստեղծվել մշակույթի ոլորտի, ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների համար: ՀՀ մշակույթի նախարարության պատասխան գրությունը տես այստեղ:

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ պաշտպանության նախարարությունն Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցումը թողել էր անպատասխան: ԻԱԿ-ը նախարարությանը դիմել է կրկնակի հարցմամբ, որին ի պատասխան նախարարությունը հայտնել է, որ 2011թ. ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի նորացման և ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի կայքի ստեղծման համար ՀՀ ՊՆ բյուջետային միջոցներից հատկացվել է 1.500.000 ՀՀ դրամ: 2009-2010թթ. ընթացքում կայքերի նորացման կամ ստեղծման համար գումարներ չեն հատկացվել:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության համար 2009-2011թ.թ.-ի ընթացքում ստեղծվել է 1 կայք: 2009թ.-ին կայքի սպասարկման համար ծախսվել է 150.000 ՀՀ դրամ: 2010թ.-ին նախարարության համար պաշտոնական նոր կայք է ստեղծվել, ինչն արժեցել է 1.035.000 ՀՀ դրամ: 2011թ.-ին կայքի սպասարկման համար ծախսվել է 290.000 ՀՀ դրամ: Նախարարության կայքի ստեղծման և սպասարկման ծախսերը ֆինանսավորվել են ՀՀ պետական բյուջեից: Պատասխան գրությունը՝ այստեղ:

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ սփյուռքի նախարարությունն ի պատասխան Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցման հայտնել է, որ նախարարության համար 2009-2011թ.թ.-ի ընթացքում ստեղծվել են հետևյալ կայքերը.

2009թ.-ին՝

  •  ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնական կայք՝  www.mindiaspora.am,
  • Հայերն այսօր էլեկտրոնային օրաթերթ www.hayernaysor.am,
  • Արի տուն կայք aritun.mindiaspora.am,
  • Արևմտահայերենից արևելահայերեն և հակառակը փոխարկիչ (էլ. ծրագիր) www.translator.am,

2010թ.-ին՝

2011թ.-ին՝

  • Հայկական սփյուռքի վիրտուալ թանգարան armdiasporamuseum.com,
  • Էլեկտրոնային շտեմարան (ծրագիրը դեռևս համացանցում տեղադրված չէ):

Նախարարության պաշտոնական կայքի ստեղծման և շահագործման համար նախարարությունը գումար չի ծախսել: Կայքը պատրաստվել է ՄԱԿ-ի պատվերով և ֆինանսավորմամբ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության համար 2009-2011թ.թ.-ի ընթացքում 1 կայք է պատրաստվել: Կայքի ստեղծման և գործարկման համար ծախսվել է 357.000 ՀՀ դրամ գումար: Պատասխան գրությունը:

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարությունն իր պատասխան գրությամբ հայտնել է, որ նախարարության պաշտոնական կայքը ստեղծվել է 2007թ.-ին, իսկ դրանից հետո այն չի վերամշակվել, նոր կայք չի ստեղծվել: Կայքի սպասարկման ծախսերը ըստ տարիների հետևյալն են.

  • 2009թ.` 950.000 ՀՀ դրամ,
  • 2010թ.` 980.000 ՀՀ դրամ,
  • 2011թ.` 570.000 ՀՀ դրամ:

Նախարարության կայքի սպասարկման ծախսերը ֆինանսավորվել են ՀՀ պետական բյուջեից: Այսպիսով, ՀՀ քաղաքաշինության նախարարությունը կայքի սպասարկման համար 2009-2011թ.թ.-ի ընթացքում ՀՀ պետական բյուջեից ծախսել է 2.500.000 ՀՀ դրամ:

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքը 2009-2011թ.թ.-ի ընթացքում չի վերամշակվել և այդ նպատակով որևէ գումար չի ծախսվել: Սակայն նախարարության www.gnumner.am կայքը 2010թ.-ին վերամշակվել է: Դրա համար ՀՀ պետական բյուջեից ծախսվել է 980.000 ՀՀ դրամ:

Թեև նախարարության պատասխանում բովանդակային առումով առկա էին ԻԱԿ-ի հարցման բոլոր հարցերի պատասխանները, սակայն հարկ է նշել, որ ԻԱԿ-ին հայտնի էր ՀՀ Ֆինանսների նախարարության www.armeps.am կայքը, որը, ըստ կայքում նշված ամսաթվի՝ ստեղծվել է 2009թ.-ին և որի մասին պատասխանում որևէ խոսք չկար, ինչը կարող էր թյուրիմացության արդյունք դառնալ և կասկած առաջացնել նախարարության պատասխանի պատշաճության վերաբերյալ: Ուստի, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հեռախոսազանգի միջոցով փորձեց բանավոր ճշտել, թե ինչ պատճառով է նախարարության պատասխան գրության մեջ բացակայում տեղեկատվություն www.armeps.am-ի մասին: Նախարարությունից բանավոր պատասխանեցին, որ www.armeps.am-ը վեբ ծրագիր է, այլ ոչ թե նախարարության կայքերից մեկը, և պատասխանում դրա վերաբերյալ տեղեկատվությունը բացակայել է, քանի որ ԻԱԿ-ի հարցմամբ նախարարության կողմից օգտագործվող ծրագրերի մասին տեղեկություն չի խնդրվել: Միաժամանակ, ՀՀ ֆինանսների նախարարությունն էլեկտրոնային տարբերակով տրամադրեց տեղեկություններ www.armeps.am-ի վերաբերյալ՝ նշելով, որ ՀՀ Ֆինանսների նախարարության պետական գնումների պաշտոնական ինտերնետային կայքը ներառում է www.armeps.am վեբ ծրագիրը, որի ստեղծման, մշակման, գործարկման, թարգմանության համար ընդհանուր առմամբ 2010 թվականին ծախսվել է 203117.6 եվրո, իսկ 2011-ին` 87050.4 եվրո: Ծախսերը ֆինանսավորվել են Համաշխարհային բանկի “Պետական հատվածի բարեփոխումներ” ծրագրի միջոցների շրջանակում: Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով նախարարության՝ տեղեկություններ տրամադրելու պատրաստակամությունը՝ ՀՀ ֆինանսների նախարարության պատասխանը համարվել է լիարժեք:

Այսպիսով, ինչպես նշվեց, 2009, 2010 և 2011թ.թ.-ին կայքերի ստեղծման, վերամշակման և սպասարկման համար ամենաշատ գումարը ծախսել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ 18.214.100 ՀՀ դրամ և 10.300 ԱՄՆ դոլար: Նախարարության ծախսած ընդհանուր գումարը ՀՀ դրամով հավասար է մոտավորապես 22.334.100 ՀՀ դրամի: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հաջորդում են Երևանի քաղաքապետարանը՝ 19.230.000 ՀՀ դրամ, և ՀՀ բնապահպանության նախարարությունը՝ 19.215.400 ՀՀ դրամ:

Ամենաքիչ գումարը ծախսել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ 80.000 ՀՀ դրամ: Կայքերի ստեղծման, վերամշակման և սպասարկման համար ամենաքիչ գումարը ծախսած հաջորդ գերատեսչությունը ՀՀ ազգային ժողովն է՝ 100.000 ՀՀ դրամ: ԱԺ-ին հաջորդում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը՝ 357.000 ՀՀ դրամ:

ՀՀ գյուղատնտեսության և ՀՀ սփյուռքի նախարարությունները 2009, 2010 և 2011թ.թ.-ին կայքերի ստեղծման, վերամշակման և սպասարկման համար ընդհանրապես գումար չեն ծախսել: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն իր կայքի վրա որևէ գումար չի ծախսել, քանի որ կայքը ստեղծվել է 2008թ.-ին, իսկ 2009-2011թ.թ.-ի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության կայքի թարմացման և փոփոխությունների համար որևէ գումար չի տրամադրվել և ծախսվել: Կայքի ընթացիկ թարմացումը և փոփոխություններն իրականացվել են նախարարության աշխատակիցների կողմից: ՀՀ սփյուռքի նախարարությունն իր կայքի ստեղծման և շահագործման համար գումար չի ծախսել, քանի որ կայքը պատրաստվել է ՄԱԿ-ի պատվերով և ֆինանասավորմամբ:

Նշենք նաև, որ ՀՀ ազգային ժողովի, ՀՀ կառավարության, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ նախարարությունների կայքերի ստեղծման, վերամշակման և սպասարկման համար ամենաշատ գումարը հատկացվել է ՀՀ պետական բյուջեից՝ 53.681.800 ՀՀ դրամ:

Պետ բյուջեին հաջորդում են միջազգային կազմակերպությունները, որոնք ՀՀ պետական մարմինների կայքերին հատկացրել են 20.843.575 ՀՀ դրամ և 10.300 ԱՄՆ դոլար գումար, ինչն ընդհանուր կազմում է մոտավորապես 24.963.575 ՀՀ դրամ:

Պետական հիմնարկների՝ պետական ոչ առևտրային կազմակերպությունների (ՊՈԱԿ-ների) և ՓԲԸ-ների կողմից վերոնշյալ պետական մարմինների կայքերի ստեղծման, վերամշակման և սպասարկման համար ծախսվել է 21.657.000 ՀՀ դրամ գումար: Ամենաքիչը սեփական կայքերի վրա գումար ծախսել են հենց գերատեսչությունները. սեփական միջոցներից, այսինքն արտաբյուջետային կամ աշխատակազմի միջոցներից կայքերի վրա ծախսվել է միայն 5.080.000 ՀՀ դրամ:

Լիարժեք, թերի պատասխաններ

Ուղարկված 20 հարցումներից 19-ին տրվել է պատասխան, և միայն 1 հարցում է մնացել անպատասխան:

Պատասխան ստացած 19 հարցումներից 16-ին տրամադրվել է լիարժեք պատասխան, իսկ 3 հարցման պատասխան թերի էր:

Թերի պատասխանների հեղինակները ՀՀ Ազգային ժողովը, Երևանի քաղաքապետարանը և ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն են: Երևանի քաղաքապետարանի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանները թերի են համարվել նույն պատճառով` չեն ներառել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի խնդրած` քաղաքապետարանի և նախարարության կայքի (կայքերի) ստեղծման և վերամշակման համար ծախսված գումարների մասին տեղեկությունները: Նշենք, որ Երևանի քաղաքապետարանին ուղղված հարցման պատասխանը ստացվել է “Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն” ՓԲԸ-ի կողմից: ՀՀ Ազգային ժողովն էլ մի դեպքում նշել է ֆինանսավորման չափը` չնշելով աղբյուրը, 2 դեպքում նշել է ֆինանսավորման աղբյուրը և չի նշել չափը: Նշենք նաև, որ թերի պատասխան տրամադրած մարմիններին` ՀՀ Ազգային ժողովին, Երևանի քաղաքապետարանին և ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը ԻԱԿ-ը կրկնակի հարցումներ է ուղարկել 2012թ.-ին մայիսի 25-ին: Մայիսի 29-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ԻԱԿ-ին բանավոր լիարժեք պատասխան է տրամադրել, ՀՀ Ազգային ժողովը և Երևանի քաղաքապետարանը լիարժեք պատասխան են տրամադրել ուշացումով:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցումն անպատասխան էր թողել ՀՀ Պաշտպանության նախարարությունը: Ուստի, 2012թ.-ի մայիսի 16-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը նախարարությանը կրկնակի հարցում է ուղարկել: Հարցումն ուղարկելուց 5 օր անց նախարարությունից ստացվել է լիարժեք պատասխան:

Արդյունքում, բոլոր մարմիններից, ում Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմել էր հարցմամբ, պատասխան է ստացվել:

Պատասխանների ժամկետները

ԻԱԿ-ի հարցումներին հիմնականում պատասխանները տրամադրվել են առանց ժամկետների խախտման: “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` տեղեկություն ստանալու գրավոր հարցմանը պատասխան պետք է տրվի այն ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում: ԻԱԿ-ը հարցումներն ուղարկել է փոստով: Ուստի, պատասխանը չի համարվել ժամկետ խախտած, եթե տրամադրվել է 9 օրացույցային օրվա ընթացքում, որոնցից 5 օրը օրենքով սահմանված ժամկետն է, 2 օրը հաշվարկվել է որպես փոստային առաքման ժամկետ և ևս 2 օրը ոչ աշխատանքային օրերն են` շաբաթ և կիրակի: Ամեն դեպքում, անճշտություններից խուսափելու համար ժամկետները հաշվարկելիս որպես հիմք ընդունվել են հարցումներն ուղարկելու օրը և պատասխան գրության ծրարի վրա փոստային ծառայության կնիքի վրա նշված` պատասխան գրությունն ուղարկելու օրը:

Այսպես, լիարժեք պատասխան ստացած հարցումներից 10-ի պատասխանները տրամադրվել են առանց ժամկետների խախտման, իսկ 6-ինը` ուշացումով: Թերի 3 պատասխաններն էլ տրամադրվել են առանց ժամկետների խախտման: Պաշտպանության նախարարությանն ուղղված առաջին հարցումը անպատասխան էր մնացել:

Ուղարկված կրկնակի 4 հարցումներն էլ լիարժեք պատասխան են ստացել՝ 2-ը ժամանակին, 2-ը՝ ուշացած:

Արդյունքում, ընդհանուր առմամբ պատասխան ստացած 23 հարցումներից (ներառյալ` կրկնակի 4 հարցումներ) 15-ը ստացել են ժամանակին պատասխան, 5-ը` ուշացած:

Ժամկետների առումով լավագույն ցուցանիշը ՀՀ կառավարությանն է, որն  իրեն ուղարկված հարցմանը լիարժեք պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 3 օր հետո: Ժամկետների առումով լավագույններից են նաև լիարժեք պատասխան տրամադրած ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և թերի պատասխան տրամադրած ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ինչպես նաև՝ կրկնակի հարցմանը ՀՀ պաշտպանության նախարարության տված պատասխանները, որոնք տրամադրվել են հարցումն ուղարկելուց 5 օր անց:

ՀՀ ֆինանսների նախարարության պատասխան գրությունը տրամադրվել է հարցումն ուղարկելուց 16 օր անց, սակայն չի համարվել ուշացած, քանի որ հարցումն ուղարկելուց 2 օր անց նախարարությունը տրամադրել էր ծանուցում` հարցման պատասխանի ընթացքի և վերջնաժամկետի մասին: Իսկ “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքը թույլ է տալիս հարցմանը պատասխանել 30-օրյա ժամկետում, եթե հարցման պատասխանը լրացուցիչ աշխատանք է պահանջում` նախապես 5-օրյա ժամկետում տեղյակ պահելով հարցմամբ դիմողին պատասխանի հետաձգման պատճառների և վերջնաժամկետի մասին:

Ժամկետների առումով վատագույնը Երևանի քաղաքապետարանն է, որն իրեն ուղղված կրկնակի հարցմանը պատասխանել է կրկնակի հարցումն ուղարկելուց 25 օր անց: Եվս մեկ անգամ շեշտենք, որ սա կրկնակի հարցման ուշացած պատասխան է, իսկ նույնաբովանդակ առաջին հարցմանը Երևանի քաղաքապետարանը թերի պատասխան էր տրամադրել առանց ժամկետների խախտման՝ հարցումն ուղարկելուց 9 օր հետո: Վատագույններից է նաև ՀՀ արդարադատության նախարարությունը, որն իրեն ուղարկված հարցմանը պատասխանել է 19 օր հետո: Նշենք, որ ընդհանուր առմամբ պատասխանների տրամադրման ժամկետները դրական են. եթե հաշվի չառնենք ՀՀ ֆինանսների նախարարության ծանուցումով պատասխանը և կրկնակի հարցման պատասխանները, ապա պատասխան տրամադրած 18 գերատեսչությունները ԻԱԿ-ի հարցմանը պատասխանել են 9 օր միջին ժամկետում:

Skip to content