Հրապարակումներ

Հրապարակումներ

Թղթի գնումները նախարարություններում 2011-2012

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Թղթի գնումները նախարարություններում 2011-2012

2012թ.-ի փետրվարի 2-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցումներ ուղարկեց ՀՀ բոլոր նախարարություններին` խնդրելով հայտնել, թե որքա՞ն գումար է ծախսվել 2011թ.-ին նախարարությունների համար թղթի ձեռքբերման նպատակով, նախարարությունների կողմից ի՞նչ ծավալի թուղթ է ծախսվել 2011թ.-ին եւ որքա՞ն գումար է նախատեսվել 2012թ.-ի բյուջեով նախարարությունների կարիքների համար թղթի ձեռքբերման նպատակով: Ինֆորմացիայի ազատության կենտրոնն այս նախաձեռնությունը սկսել է 2010թ.-ից. ՀՀ բոլոր նախարարություններին ԻԱԿ-ի 2012թ.-ի փետրվարի 2-ի հարցումներին նմանաբովանդակ հարցումներ են ուղարկվել նաեւ 2010թ.-ի նոյեմբերի 27-ին եւ 2011թ.-ի մայիսի 25-ին: Այս նախաձեռնության նպատակն է պարզել, թե պետական կառավարման համակարգում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության Մալբերի համակարգի ներդրումն ինչպես է ազդել նախարարություններում թղթի (գրենական պարագաների) համար ծախսվող գումարների վրա, ավելացե՞լ կամ պակասե՞լ են այդ ծախսերը, թե՞ մնացել նույնը: Ինֆորմացիայի ազատության կենտրոնի` 2010 եւ 2011թ.թ.-ի վերոնշյալ հարցումների վերլուծությանը կարող եք ծանոթանալ ԻԱԿ-ի կայքում` https://www.foi.am/u_files/file/Grenakan.pdf:

Նախ ներկայացնենք, թե ինչպես են նախարարությունները պատասխանել այս հարցումներին, որքանով են պահպանել “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի պահանջները:

Պատասխան գրությունների բովանդակությունը.
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի` ՀՀ բոլորր 18 նախարարություններին ուղարկված հարցումներից ոչ մեկը չի մնացել անպատասխան: 18 նախարարություններից 16-ը հարցմանը տրամադրել են լիարժեք պատասխան` ըստ բովանդակության տրամադրելով խնդրված տեղեկությունները: 1հարցման դեպքում տեղեկատվության տրամադրումը մերժվել է, 1 դեպքում էլ տրամադրվել է թերի պատասխան:

Ամենաբովանդակալից պատասխանները տրամադրել են ՀՀ արդարադատության, Արտակարգ իրավիճակների եւ Ֆինանսների նախարարությունները: ՀՀ արդարադատության նախարարությունը խնդրված տեղեկությունները տրամադրելուց բացի նաեւ նշել էր, որ 2011թ.-ի համեմատությամբ 2012թ.-ի համար նախատեսված թղթի ձեռքբերման գումարն ավելացել է 1.404.000 ՀՀ դրամով եւ պատճառաբանել էր այդ ավելացումը. “… գումարի 1.404.000 ՀՀ դրամով ավելացումը պայմանավորված է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի պետական ռեգիստրի գործակալությունում ներդրված “Մեկ պատուհանի կանգառի սկզբունք” ծրագրի ներդրմամբ, որի արդյունքում քաղաքացիներին հնարավորություն է ընձեռվել տարբեր հիմնարկություններ այցելելու, տեղեկանքներ ստանալու փոխարեն բոլոր փաստաթղթերը, ինչպես նաեւ փաստաթղթերի (կանոնադրություններ եւ այլն) օրինակելի ձեւերը ստանալ Մեկ պատուհանի կանգառի սկզբունք”-ով` պետական ռեգիստրի գործակալությունից”:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել էր, որ 2011թ.-ին նախարարությունում թղթի ձեռքբերման համար ծախսվել է 2.535.000 ՀՀ դրամ, իսկ 20142թ.- համար նախատեսվել 5.395.000 ՀՀ դրամ: Բացի խնդրված տեղեկությունները, նախարարությունը նաեւ լրացուցիչ պատճառաբանություն է ներկայացրել, թե ինչով է պայմանավորված 2012թ.-ին թղթի ձեռքբերման համար նախատեսված գումարի ավելացումը: Ըստ նախարարության` դա “…պայմանավորված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության եւ ՀՀ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության բյուջեների վերամիավորմամբ` համաձայն “Փրկարար ծառայության մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի փոփոխության”:

ՀՀ ֆինանսների նախարարության պատասխանը նույնպես ամենբովանդակալիցներից է. նախարարությունը խնդրված տեղեկություններից բացի պատասխան գրությամբ տրամադրել է նաեւ լրացուցիչ տեղեկություններ 2011թ.-ի ՀՀ պետական բյուջեով թղթի ձեռքբերման համար նախատեսված գումարի եւ նախարարության աշխատակիցների քանակի վերաբերյալ:

Այժմ անդրադառնանք մերժմանը: Մերժման հեղինակը ՀՀ պաշտպանության նախարարությունն է: Ի պատասխան Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցման` նախարարությունը պատասխանել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար 2011թ. թղթի ձեռքբերումն իրականացվել է ՀՀ Կառավարության 23.12.2010թ.-ի N1748 ՆՀԳ որոշման համաձայն` փակ ընթացակարգով, իսկ 2012թ.-ի համար նախատեսված ձեռքբերումը կատարվելու է ՀՀ Կառավարության 12.12.2011թ.-ի N1919 ՆՀԳ որոշման համաձայն` նույնպես փակ ընթացակարգով: Նախարարությունը նշել է, որ “Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին” ՀՀ օրենքի 8-րդ եւ 10-րդ հոդվածների համաձայն` այդ ընթացակարգով ձեռք բերվող ապրանքների մասին տեղեկությունները համարվում են գաղտնի եւ ենթակա չեն հրապարակման:

“Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի համաձայն` գրավոր հարցմամբ պահանջվող տեղեկության տրամադրումը մերժելու դեպքում տեղեկատվություն տնօրինողն այդ մասին դիմողին հայտնում է գրավոր՝ նշելով մերժման հիմքը (օրենքի համապատասխան նորմը)։ ՀՀ պաշտպանության նախարարության պատասխանում հղում էր արված մերժումը հինավորող` ՀՀ Կառավարության որոշումներին և “Պետական գաղտնիքի մասին” ՀՀ օրենքի հոդվածներին, ուստի մերժումը բխում է ՏԱ մասին օրենքից և օրինական է:

Թերի պատասխանի հեղինակը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն է: Պատասխան գրությամբ նախարարությունը տրամադրել է միայն խնդրված տեղեկությունների մի մասը. նախարարությունը տրամադրել է տեղեկություններ 2011թ.-ին նախարարության համար թղթի ձեռքբերման նպատակով ծախսված գումարի եւ թղթի ծավալի վերաբերյալ, իսկ 2012թ.-ի բյուջեով թղթի ձեռքբերման համար նախատեսված գումարի վերաբերյալ տեղեկությունները չի տրամադրել: Ուստի, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության պատասխանը համարվել է ոչ լիարժեք:

Ժամկետները.
Այժմ ներկայացնենք, թե ինչ ժամետներում են նախարարությունները պատասխանել ԻԱԿ-ի հարցումներին: «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` տեղեկություն ստանալու գրավոր հարցմանը պատասխան պետք է տրվի այն ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում: ԻԱԿ-ը հարցումներն ուղարկել է փոստով: Ուստի, պատասխանը չի համարվել ժամկետ խախտած, եթե տրամադրվել է 9 օրացույցային օրվա ընթացքում, որոնցից, 5 օրը օրենքով սահմանված ժամկետն է, 2 օրը հաշվարկվել է որպես փոստային առաքման ժամկետ եւ եւս 2 օրը ոչ աշխատանքային օրերն են` շաբաթ եւ կիրակի: Ամեն դեպքում, անճշտություններից խուսափելու համար ժամկետները հաշվարկելիս որպես հիմք ընդունվել են հարցումներն ուղարկելու օրը եւ պատասխան գրության ծրարի վրա փոստային ծառայության կնիքի վրա նշված` պատասխան գրությունն ուղարկելու օրը:

Ինչպես նշվեց, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցումներից ոչ մեկն անպատասխան չի մնացել: 18 նախարարություններից 6-ը ԻԱԿ-ի հարցմանը պատասխանել է առանց ժամկետի խախտման, իսկ 12-ը տրամադրել է ժամկետանց պատասխան:

Ժամկետների առումով լավագույնը ՀՀ սփյուռքի նախարարությունն է, որը պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 6 օր հետո:

Վատագույն արդյունքը ՀՀ բնապահպանության նախարարությանն է, որը պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 28 օր անց:

ՀՀ պաշտպանության նախարարությունից խնդրված տեղեկությունների տրամադրումը մերժելու համար պահանջվել է 13 օր, իսկ թերի պատասխան տրամադրած ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանն ԻԱԿ-ին պատասխանելու համար անհրաժեշտ է եղել 16 օր:

Նախարարությունները Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցմանը պատասխանել են միջինը 12 օրում:

Մնացած նախարարությունների` ԻԱԿ-ի հարցմանը պատասխանելու ժամկեերը ներկայացված են ստորեւ բերված աղյուսակում:

Նախարարություններում 2011թ.-ին թղթի ձեռքբերման համար ծախսված գումարները, 2012թ.-ին թղթի ձեռքբերման համար նախաեսված գումարները եւ թղթի ծավալի ծախսը.

Անդրադառնանք նախարարությունների տրամադրած տեղեկություններին: Քանի որ ՀՀ պաշտպանության նախարարությունը մերժել էր տրամադրել խնդրվող տեղեկությունները, ուստի տվյալները ներկայացված են 17 նախարարությունների տրամադրած տեղեկություններին համապատասխան:

2011թ.-ին թղթի ձեռքբերման համար ամենաքիչ գումարը ծախսել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը` 321.000 ՀՀ դրամ: Պատճառն այն է, որ նախարարության ծախսած 1510 կգ թղթից 1110 կգ-ը նախորդ` 2010թ.-ի մնացորդն է եղել: Այսինքն, 2011թ.-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը անհրաժեշտ է եղել ձեռք բերել միայն 400 կգ թուղթ: Այսինքն` 2011թ.-ին նախարարությունը 400 կգ թուղթ է ձեռք բերել 321.000 ՀՀ դրամով:

Եթե գյուղատնտեսության նախարարությանն օգնած մնացորդի գործոնը հաշվի չառնենք, ապա ամենաքիչ գումարը ծախսել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը` 641.100 ՀՀ դրամ, եւ համապատասխանաբար ձեռք է բերել եւ ծախսել է ամենաքիչ ծավալի թուղթը` 828 կգ: Հիշեցնենք, որ 2010թ.-ին ընդհանուր գրենական պարագաների ձեռքբերման համար նախարարությունը ծախսել էր 2.673.300 ՀՀ դրամ:

Թուղթ ձեռք բերելու համար ամենաշատը 2011թ.-ի գումար է ծախսել ՀՀ ֆինանսների նախարարությունը` 6.070.000 ՀՀ դրամ: Համապատասխանաբար, ՀՀ ֆինանսների նախարարությունը նաեւ 2011թ.-ին ամենաշատ ծավալի թուղթն է ծախսել` 18192.5 կգ: Նշենք, որ 2010թ.-ին ընդհանուր գրենական պարագաների ձեռքբերման համար ՀՀ ֆինանսների նախարարությունը ծախսել էր 29.688.800 ՀՀ դրամ:

2012թ.-ին թղթի ձեռքբերման նպատակով ամենաշատ գումարը նախատեսվել է ՀՀ ֆինանսների նախարարության համար` 10.960.000 ՀՀ դրամ, իսկ ամենաքիչ գումարը` ՀՀ սփյուռքի նախարարության համար` 840.000 ՀՀ դրամ: Նշենք, որ այս դեպքում տվյալները ներկայացված են 16 նախարարությունների տրամադրած տեղեկություններին համապատասխան. ՀՀ պաշտպանության նախարարության տվյալներից բացի բացակայում են նաեւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության տվյալները, քանի որ այդ նախարարությունը տրամադրել էր թերի պատասխան:

Բոլոր նախարարությունների պատասխան գրությունների տվյալներին կարող եք ծանոթանալ նաեւ աղյուսակով:

Skip to content