Հրապարակումներ

Հրապարակումներ

Տեղեկատվության ազատության մոնիտորինգ ՀՀ տեղական ինքնակառավարման մարմիններում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Տեղեկատվության ազատության մոնիտորինգ ՀՀ տեղական ինքնակառավարման մարմիններում

Այս մոնիտորինգի նպատակն է գնահատել ՏԱ մասին օրենսդրության կիրառման 5 ամյա փորձը ՀՀ մարզային տեղական ինքնակառավարման մարմիններում, պարզել, թե որքանով արդյունավետ են կիրառվում այս օրենսդրության պահանջները: Մոնիտորինգն իրականացվել է 2008թ.-ի հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ 17 համայնքներում` 9 քաղաքային եւ 8 գյուղական:

Մոնիտորինգի իրականացման խնդիրներն են.

  • ամփոփել “ՏԱ մասին” ՀՀ օրենքի (2003թ.) եւ ՀՀ Սահմանադրության` տեղեկատվության ազատությանն առնչվող փոփոխությունների (2005թ.) կիրառման փորձը ՀՀ մարզային ՏԻՄ-երում,
  • դիտարկել, թե որքանով հրապարակային եւ բաց են աշխատում համայնքների ղեկավարները, ինչպես են կիրառվում ՏԱ մասին օրենսդրության պահանջները նրանց ամենօրյա աշխատանքում, ինչ մեխանիզմներով են տեղեկատվությունը տարածում եւ ինչպես են պատասխանում համայնքի բնակիչների` տեղեկատվություն ստանալու հարցումներին,
  • պարզել, թե ինչ խոչընդոտներ եւ հիմնախնդիրներ են առկա ՏԱ օրենսդրության կիրառման գործընթացում տեղական ինքնակառավարման մակարդակում, 
  • անհրաժեշտ օրենսդրական նախաձեռնություններ եւ գործնական քայլեր մշակել տեղեկատվության ազատության իրավունքի լիարժեք իրականացման համար:

Մոնիտորինգն անցկացվել է 4 հիմնական մեթոդով.

  1. Տարբեր դիմողների կողմից տեղեկություններ ստանալու հարցումների ուղարկում:
  2. Ընտրված համայնքների ղեկավարներին ԻԱԿ-ի կողմից պաշտոնական հարցումների ուղարկում:
  3. Հարցազրույցների անցկացում մոնիտորինգում ընդգրկված 17 համայնքների ղեկավարության հետ: 
  4. Պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունների մատչելիության ապահովման մեխանիզմների անմիջական դիտարկում:

1. Առաջին մեթոդի կիրառմանը մասնակցել են հասարակության հինգ տարբեր խմբերի ներկայացուցիչներ` 1 լրագրող, 1 մարզային բնակիչ, 1 հասարակական կազմակերպություն, 1 հաշմանդամություն ունեցող անձ, 1 Երեւանի բնակիչ: Նրանք տեղեկատվություն ստանալու 34 գրավոր հարցում են ուղարկել ՀՀ 17 համայնքների ղեկավարներին: Հարցումներից 18-ն ուղղված է եղել քաղաքային, իսկ 16-ը` գյուղական համայնքների ղեկավարներին:

Հարցումների 59%-ը (կամ 20 հարցում) ստացել է գրավոր պատասխան, որոնցից 1-ը եղել է գրավոր անօրինական մերժում, իսկ 19-ին տրվել է լիարժեք դրական պատասխան, որոնցից մեկը, սակայն, ըստ տրամադրած ձեւի, եղել է թերի: Հարցումներից 14-ը կամ 41%-ը մնացել է անպատասխան:

Հարցումների պատասխանների մեծ մասը կամ 80%-ը ստացվել է օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում:

Առավել շատ պատասխան` 13, ստացվել է քաղաքային համայքներից, իսկ գյուղական համայնքներն առավել մեծ թվով` 9-ը, հարցումները թողել են անպատասխան: 

Տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված լուռ մերժումների մեծ թիվը մտահոգիչ է հատկապես այն պատճառով, որ հենց այս մարմիններն առավել մոտ են կան•նած մարդկանց եւ պետք է առավել բաց ու հաշվետու լինեն համայնքի բնակիչների առջեւ:

2. Երկրորդ մեթոդի կիրառմամբ նպատակ կար պարզել, թե յուրաքանչյուր մարմին ինչ կարգով եւ ինչպես է տարածում պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունները, տեղեկատվության մատչելիության ինչ մեխանիզմներով են աշխատում տվյալ մարմնում եւ այլն: Այս նպատակով Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից տեղեկատվություն ստանալու հարցումներ են ուղարկվել մոնիտորինգում ընդգրկված  քաղաքային 9 համայնքների ղեկավարներին:

Բոլոր 9 հարցումներին տրվել է գրավոր պատասխան: Ոչ մի հարցում չի մերժվել կամ մնացել անպատասխան: 9 հարցումներից 6-ը կամ 67% պատասխան է ստացել օրենքով սահմնված ժամկետում: 3 պատասխան կամ 33 % ուշացվել է.

Ինչպես ցույց տվեցին մոնիտորինգի արդյունքները ՏԱ օրենսդրության ոչ լիարժեք ապահովման հիմնական պատճառներն են տեղեկություն ստանալու հարցումներին ընթացք տալու միասնական կարգի բացակայությունը: ՏԻՄ-երը դուրս են մնում մասնագիտական ունակությունների բարելավման ուսուցումների եւ էլեկտրոնային կառավարման մեխանիզմների ներդրման գործընթացներից, զգացվում է տեխնիկական միջոցների լուրջ պակաս` ներառյալ համակարգչային տեղեկատվական բազաների, անձնակազմը հաճախ պատրաստվածության ցածր մակարդակ ունի, չի տիրապետում տեղեկատվության ազատության վերաբերյալ գիտելիքի: Մասնավորապես, այդ մարմինների աշխատակիցների մեծ մասը բացարձակապես անտեղյակ է ՙՏեղեկատվության ազատության մասին՚ ՀՀ օրենքի դրույթներին:

Մոնիտորինգի վերջին` Դ գլխում Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ներկայացրել է իրավաիճակի կարգավորման հետ կապված իր առաջարկները

Մոնիտորինգն իրականացրել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ֆինանսական աջակցությամբ` “Տեղյակ լինելու իրավունք” ծրագրի շրջանակում:

Skip to content