Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Իրական շահառուների հայտարարագրում․ քննարկում է բիզնես համայնքը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Իրական շահառուների հայտարարագրում․ քննարկում է բիզնես համայնքը

5 տասնյակից ավելի բիզնես կազմակերպությունների ներկայացուցիչներ այսօր մասնակցեցին Իրական շահառուների հայտարարագրման թեմայով Ինֆորմացիայի ազաատության կենտրոնի նախաձեռնած քննարկմանը 

Ի՞նչ դեր ունի իրական շահառուների հայտարարագրումը բիզնես համայնքի համար, արդյո՞ք հայտարարագրումը զուտ իրավական բեռ է, թե՞ ներդրումային միջավայրի և բիզնես բարեվարքության խթանման գործիք. հենց այս հարցերն էին այսօրվա քննարկման թիրախում։

«Գործք» կրթական կենտրոնում կայացած հանդիպման առաջին հատվածում ԻԱԿ-ի հետազոտող Հարություն Ծատրյանը ներկայացրեց Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) աջակցությամբ իրականացված «Իրական շահառուների հայտարարագրման ազդեցությունը մասնավոր հատվածի վրա» թեմայով հետազոտության նախագծի արդյունքները։ Հետազոտության հեղինակներ Շուշան Դոյդոյանը և Հարություն Ծատրյանը մեդիա բիզնեսի օրինակի հիման վրա քարտեզագրել են այն հիմնական խնդիրները, որոնց առնչվում է բիզնես ոլորտը ԻՇ հայտարարագրման գործընթացում և վերլուծել ԻՇ թափանցիկության վերաբերյալ իրավաբանական անձանց վերաբերմունքն ու դրա հիմնական պատճառները։

Հարություն Ծատրյանը նշում է՝ հետազոտությունը ցույց է տվել, որ հիմնական խնդիրներից մեկը արդեն իսկ հայտարարագրված տվյալների հավաստիությունն է, ինչպես նաև այն, որ ԻՇ հայտարարագիր ներկայացնողները, հատկապես բիզնես հատվածը, գործընթացը ընկալում են որպես զուտ լրացուցիչ պարտականություն և չեն պատկերացնում, թե ինչով կարող է իրենց համար օգտակար լինել այս ռեֆորմը, և ինչպես կարող են իրենք օգտագործել այդ հրապարակային տվյալները։

Հիշեցնենք, որ 2023 թ․ հունվարի 1-ից ՀՀ բոլոր իրավաբանական անձինք պարտավոր են բացահայտել և հայտարարագրել իրենց իրական շահառուներին։ Հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը մարտի 1-ն է։ Նախորդ տարիներին հայտարարագիրը ներկայացրած անձինք ևս պարտավոր են մինչև 2023 թ․ փետրվարի 20-ը վերահաստատել նախորդ հայտարարագրի տվյալների արդիականությունը կամ փոփոխությունների առկայության դեպքում ներկայացնել նոր հայտարարագիր։ Հայտարարագիրը չներկայացնելու և ոչ պատշաճ ներկայացնելու համար սահմանված է վարչական և քրեական պատասխանատվություն։

Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուիզա Այվազյանը, ողջունելով մասնակիցներին, կարևորեց բիզնես համայնքի ակտիվ ներգրավվածությունը ԻՇ թափանցիկության նախաձեռնության գործընթացներին։ Նա նշեց, որ CIPE-ը՝ որպես բիզնեսի աջակցման ծրագրեր իրականացնող կառույց, աջակցում է ԻՇ թեմաներով ծրագրերին՝ հաշվի առնելով այն պոտենցիալը, որ ունի թափանցիկ բիզնես միջավայրը երկարաժամկետ, խոշոր ներդրումների ներգրավվման և տնտեսության զարգացման համատեքստում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մասնակիցների բացարձակ մեծամասնությունն առաջին անգամ է պատրաստվում իրական շահառուների հայտարարագիր ներկայացնել՝ կազմակերպիչները նախատեսել էին թեմային առնչվող հարցուպատասխանի հատված, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ստացան իրենց հուզող հարցերն ուղղելու հայտարարագրման գործընթաց իրականացնող լիազոր մարմնի՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության ներկայացուցիչ Հռիփսիմե Իսկանդարյանին։

Տիկին Իսկանդարյանը մասնակիցներին հավաստիացրեց, որ հայտարարագրմանն առնչվող հիմնական հարցերի պատասխանները կարելի է գտնել Պետական ռեգիստրի պաշտոնական կայքի համապատասխան բաժնում։ Հայտարարագրման կարգին կարելի է ծանոթանալ նաև հատուկ այդ նպատակով պատրաստված տեսանյութ-ուղեցույցների միջոցով։

Քննարկումը կազմակերպել էր ԻԱԿ-ը Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) կողմից ֆինանսավորվող «Կոռուպցիան խաթարում է Իրական շահառուների թափանցիկության զարգացումը» ծրագրի շրջանակում։

Skip to content