Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է 2024 թվականի տարեկան Սև ցուցակը։ Ցանկը ներկայացնում է այն գերատեսչությունները և պաշտոնյաներին, որոնք խախտել են մարդկանց կամ կազմակերպությունների տեղեկություն ստանալու սահմանադրական իրավունքը՝ տրամադրելով անհիմն կամ թերի պատասխաններ, անօրինական մերժումներ կամ անպատասխան թողնելով տեղեկություն ստանալու հարցումները։
ՏԱ իրավունքը խախտած պաշտոնյաների տարեկան Սև ցուցակում են հայտնվել`
- Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը,
- Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Սամվել Ղուկասյանը,
- Ներքին գործերի նախկին նախարար Վահե Ղազարյանը,
- Գյումրու նախկին համայնքապետ Վարդգես Սամսոնյանը,
- Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Սև ցուցակն ամբողջությամբ՝ հարցումների մանրամասն նկարագրությամբ ներկայացված է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի պաշտոնական կայքի համապատասխան բաժնում։
Հավելենք, որ 2024 թ.-ին ԻԱԿ-ը պետական մարմիններ է ուղարկել տեղեկություն ստանալու 250 հարցում։ Տեղեկություն ստանալու հարցումների միջոցով հավաքագրված տվյալներն Ինֆորմացիայի ազատության կենտրոնն օգտագործել է շահերի պաշտպանության, իրավական աջակցության և հետազոտական նպատակներով։ Այսպես.
- ԻԱԿ հարցումների զգալի մասը՝ 225-ը (90%), ստացել է ժամանակին և լիարժեք պատասխան։
- Որոշ դեպքերում տեղեկություն տնօրինողները չեն պահպանել օրենքով սահմանված ժամկետները․ ուղարկված հարցումներից 9-ը (3,6%) ստացել է ուշացած լիարժեք պատասխան։ Այս հարցումների պատասխանները ԻԱԿ-ը ստացել է միջինում 10-15 աշխատանքային օրվա ընթացքում, երկարաժամկետ ուշացումներ չեն արձանագրվել։
- Հարցումներից 5-ը (2%) ստացել են թերի, շատ ընդհանրական կամ առաջադրված բոլոր հարցերին չբավարարող, իսկ 4 հարցում (1,6%) ստացել է անհիմն պատասխան։
- ԻԱԿ-ի որոշ հարցումներին տեղեկություն տնօրինողները մերժել են պատասխանել, ընդ որում՝ 3-ին (1,2%) տրամադրվել է անհիմն մերժում․ տեղեկություն տնօրինողները չեն նշել մերժման հիմքերը կամ մերժել են ոչ պատշաճ հիմքերով, օրինակ՝ տեղեկությունն անձնական տվյալներ պարունակելու հիմնավորմամբ չտրամադրելու ոչ իրավաչափ մերժում:
- Հարցումներից 4-ին (1,6%) ընդհանրապես պատասխան չի տրվել՝ ուղղակիորեն անտեսվելով տեղեկություն տնօրինողների կողմից։
Հարկ է նշել, որ ներկայացվող տվյալները վերաբերում են բացառապես ԻԱԿ-ի ուղարկած հարցումներին։ Հաշվի առնելով ԻԱԿ-ի ոլորտային երկարամյա փորձառությունն ու ճանաչելիությունը պետական հանակարգում, ինչպես նաև ինտենսիվ համագործակցությունը ՏԱ պատասխանատու պաշտոնյաների հետ՝ այս տվյալները չեն կարող արտացոլել ոլորտում առկա բոլոր խնդիրները։ Ավելին՝ ԻԱԿ-ի դիտարկումները ցույց են տալիս, որ կազմակերպության հարցումները, որպես կանոն, ստանում են ամբողջական ու պատշաճ արձագանք, իսկ քաղաքացիների, երբեմն նաև՝ լրագրողների հարցումները շատ հաճախ են անպատասխան մնում կամ թերի պատասխանվում։