Մինչ երկրում տիրող իրավիճակով պայմանավորված հանրության ուշադրությունը այլ հարցերի վրա է կենտրոնացած, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Կառավարության ապրիլի 2-ի նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի շարքում անցկացրել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Նախագծի համաձայն՝ «Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկության տրամադրումը կարող է մերժվել, եթե այն կարող է բացասաբար անդրադառնալ շրջակա միջավայրի, այդ թվում՝ հազվագյուտ տեսակների բազմացման վայրերի վրա»։
Այս սահմանափակման հիմքով ստացվում է, որ լրագրողների, քաղաքացիական հասարակության՝ շրջակա միջավայրին առնչվող ցանկացած տեղեկություն ստանալու հարցում, որն այս գերատեսչությունը կհամարի բացասական ազդեցություն ունեցող, կարող է մերժվել։
Փաստենք, որ քաղաքացիական հասարակությունը նախագծի շրջանառման առաջին իսկ օրից բարձրաձայնում է այս նախաձեռնությանն առնչվող խնդիրները՝ կոչ անելով Կառավարությանն ու Նախարարությանը զերծ մնալ գաղտնիություն սահմանող այս դրույթից։
Նշենք նաեւ.
- Առաջարկվող նախաձեռնությունը հակասում է «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» (Օրհուսի) կոնվենցիային։ Նախագծի հիմնավորման մեջ հեղինակները հղում են անում Կոնվենցիային՝ կատարելով Կոնվենցիայից մեջբերում` սխալ թարգմանությամբ եւ ընտրողաբար (հոդված 4, 4 կետ, h ենթակետ)։ Բնօրինակում ասվում է.
4. A request for environmental information may be refused if the disclosure would adversely affect:
(h) The environment to which the information relates, such as the breeding sites of rare species.
Այստեղ խոսվում է բացառապես այն տեղեկատվության հնարավոր սահմանափակման մասին, որը վերաբերում է հազվագյուտ տեսակների բազմացման վայրերին։ Մինչդեռ, նախագծի ձեւակերպմամբ ստացվում է, որ շրջակա միջավայրին առնչվող ցանկացած տեղեկատվություն կարող է ընկնել այս սահմանփակման տակ։
- Նախագիծը մշակվել է առանց ոլորտում գործող քաղ. հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաեւ մինչ օրս դրա շուրջ հանրային պատշաճ քննարկում չի կազմակերպվել։
- Այս փոփոխությունը խիստ վտանգավոր է եւ խախտում է կառավարության որդեգրած թափանցիկության սկզբունքը մի կողմից, եւ սահմանափակում բնապահպանական տեղեկատվության մատչելիությունն ու հանրային վերահսկողությունը մյուս կողմից։
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ