Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Սկսվեց Արաբկիրի թաղապետարանի դեմ հարուցած ԻԱԿ-ի հայցի քննությունը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Սկսվեց Արաբկիրի թաղապետարանի դեմ հարուցած ԻԱԿ-ի հայցի քննությունը

Դեկտեմբերի 3-ին ՀՀ վարչական դատարանում տեղի ունեցավ Արաբկիրի թաղապետարանի դեմ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարուցած հայցի նախնական դատական քննությունը` դատավոր Հովսեփ Բեդեւյանի նախագահությամբ:

Հիշեցնենք, որ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունը 30.07.2008թ-ին հետևյալ բովանդակությամբ տեղեկատվություն ստանալու հարցում է ներկայացրել Արաբկիր թաղային համայնքին. «Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 27 և 27.1 հոդվածների և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի դրույթներով` խնդրում ենք տրամադրել հետևյալ տեղեկությունը.
1.    Արաբկիր համայնքին սեփականության իրավունքով քանի՞ բնակարան է պատկանում (այդ թվում համայնքի հաշվեկշռում քանի՞ բնակարան է գրանցված), որոնցում բնակվում են այն բնակիչները, որոնք չեն սեփականաշնորհել իրենց բնակարանները:
2.    խնդրում եմ հայտնել այդ բնակարանների հասցեները:
3.    Աջափնյակի թաղապետարանը քանի՞ հայց է հարուցել սեփականության իրավունքով համայնքին պատկանող վերը նշված բնակարաններից բնակիչներին վտարելու պահանջով:
4.    Խնդրում ենք, ներկայացնել այդ դատական գործերի ելքի մասին տեղեկատվություն (քանի՞սն է բավարարվել, քանի՞սը` մերժվել):

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` տեղեկություն ստանալու գրավոր հարցմանը պատասխան տրվում է այն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում: Ուստի, խնդրում եմ տեղեկություն ստանալու հարցումին պատասխանել օրենքով սահմանված ժամկետներում:
Տեղեկատվության տրամադրումը մերժելու դեպքում խնդրում եմ գրավոր տեղյակ պահել մերժման հիմքի մասին (հոդված 11)»:

Արաբկիրի թաղապետարանը 06.08.2008թ. գրությամբ մերժել է հարցվող 4 տեղեկություններից 2-ի մասին տեղեկատվության տրամադրումը, այն է` տեղեկատվություն չի տրամադրել այն մասին, թե Արաբկիր համայնքին սեփականության իրավունքով քանի՞ բնակարան է պատկանում (այդ թվում համայնքի հաշվեկշռում քանի՞ բնակարան է գրանցված), որոնցում բնակվում են այն բնակիչները, որոնք չեն սեփականաշնորհել իրենց բնակարանները, ինչպես նաև չի հայտնել այդ բնակարանների հասցեները:

ԻԱԿ-ը վերոնշյալ փաստերը հաշվի առնելով` ճանաչման և գործողության կատարման հայցով դիմել է դատարան` տեղական ինքնակառավարման մարմնի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու և որպես հետևանք տեղեկատվություն տրամադրել պարտադրելու պահանջի մասին:

Նախնական դատական նիստի ժամանակ հայցվոր կողմը ներկայացրեց հայցի առարկան եւ հիմքերը, կիրառման ենթակա օրենսդրությունը:

Պատասխանող կողմը` Արաբկիրի թաղապետարանի ներկայացուցիչ Գեղամ Կարապետյանը, օրենքի պահանջի համաձայն դատարանին չէր ներկայացրել հայցադիմումի վերաբերյալ իրենց առարկությունները: Վերջինս դա պատճառաբանեց ՏԻՄ ընտրություններով եւ Արաբկիրի թաղապետարանում կատարված կադրային փոփոխություններով: Սակայն թաղապետարանի ներկայացուցիչը արդեն դատարանում ասաց, որ իրենք առարկում են ԻԱԿ-ի կողմից ներկայացված հայցապահանջը:

Գ. Կարապետյանը պնդեց, որ իրենք չեն մերժել ԻԱԿ-ի տեղեկատվություն ստանալու հարցումը. «Գուցե գրագրությամբ իրար չենք հասկացել, որի հետեւանքով է, որ չենք պատասխանել»:

Ինչպես տեղեկացրեց Արաբկիր համայնքի թաղապետարանի ներկայացուցիչը, իրենց համայնքում չկան հստակ տեղեկություններ, թե իրենց հաշվեկշռում քանի չսեփականաշնորհված բնակարան է գրանցված:

Դատավոր Հ. Բեդեւյանն էլ հստակեցրեց, որ «եթե չկա տեղեկատվություն, պատասխանեիք` չկա»:

Նախնական դատական նիստի ժամանակ ապացուցման բեռը` գործողությունների եւ անգործության հիմք հանդիսացող փաստական հիմքերը ներկայացնելը, դրվեց պատասխանող կողմի վրա:

Դատարանը սույն գործի դատաքննության նախնական փուլը համարեց ավարտված, գործը` դատաքննությանը նախապատրաստված եւ դատաքննությունը նշանակվեց դեկտեմբերի 19-ին, ժամը 11-ին:

Skip to content