Տեղեկատվության ազատության (ՏԱ) իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից է, որի բացակայության պայմաններում մարդու համար էապես դժվարանում է այլ իրավունքների իրականացումը: Այս իրավունքի պատշաճ ապահովումը և որոշումների կայացման թափանցիկությունը բարձրացնում են պետական մարմինների նկատմամբ հանրային վստահությունը՝ խթանելով ժողովրդավարության զարգացումն ու ամրապնդումը։ Պետական մարմինների հրապարակայնությունը, ինչպես նաև թե՛ լրագրողական համայնքին, և թե՛ հանրությանը տեղեկատվության ժամանակին և որակյալ տրամադրումը, հիմնարար դեր ունեն նաև թվային դարաշրջանում արագ տարածվող ապատեղեկատվությունը կանխելու գործում։
Կարևորելով տեղեկություն ստանալու իրավունքն ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում, ընդունվել են տեղեկատվության ազատության վերաբերյալ իրավական ակտեր («Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք)։ ՏԱ իրավունքն ամրագրվել է սահմանադրություններում (ՀՀ սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածներ) և միջազգային իրավական ակտերում:
Վերլուծության մեջ անդրադարձ է արվում տեղեկատվության ազատության անկախ լիազոր մարմնի ստեղծման անհրաժեշտությանը Հայաստանի ստանձնած միջազգային հանձնառությունների համատեքստում՝ հաշվի առնելով ՏԱ ոլորտում արձանագրված թե՛ ձեռքբերումները, և թե՛ բացթողումները։ Ներկայացրել ենք նաև տարբեր երկրներում գործող անկախ լիազոր մարմինների մոդելները, դրանց գործառույթների ամփոփ նկարագիրը։ Ներկայացրել ենք նաև առաջարկներ՝ Հայաստանում ՏԱ անկախ լիազոր մարմնի ստեղծմանն աջակցելու նպատակով։
ՏԱ անկախ լիազոր մարմնի/հանձնակատարի ինստիտուտի ներդրումը Հայաստանում․ հետազոտություն
Սույն վերլուծությունը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ինտերնյուս Նեթվորքի ենթադրամաշնորհառու Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: