Ծրագրեր

Ծրագրեր

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Տեղեկատվական վեճերի խորհուրդը հունիսի 26-ին հրապարակել է փորձագիտական կարծիք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության` թիվ ԵԴ2/25937/02/23 դատական գործի վերաբերալ։

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

107. ՏՎԽ կարծիք․ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն ընդդեմ Թեհմինե Ենոքյանի

Փաստերը

2022 թվականի դեկտեմբերի 1-ին լրագրող Թեհմինե Ենոքյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարել է հետևյալ հրապարակումը․ «Երեկ կրկին վթարվել է ԶՊՄԿ-ի պոչամբար գնացող խողովակաշարը, կրկին աղտոտվել է Ողջի գետը, կրկին քրեական գործ է հարուցվել ու կրկին կմոռացվի, ծածկադմփոց կարվի, կանցնեն առաջ։ Չէ՞ որ ՀՀ Կառավարությունն արդեն 28% բաժնեմաս ունի ԶՊՄԿ-ում։ Արդեն մաքուր են աշխատում, այսինքն թափոնաջրերից մաքուր են դուրս գալիս։ Ոչ մի պատասխանատվություն՝ ուղղակի փողը քոռացնելու հատկություն ունի»։ 2022 թ․ դեկտեմբերի 16-ին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն գրավոր պահանջել է Թեհմինե Ենոքյանից հրապարակայնորեն հերքել հայտարարությունը, քանի որ այն չի համապատասխանել իրականությանը ու վնասել է ընկերության գործարար հեղինակությունը։ Թեհմինե Ենոքյանը չի պատասխանել այդ գրությանը։

2023 թ․ հունվարի 5-ին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայց է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Թեհմինե Ենոքյանի։ Ընկերությունը հայցադիմումում նշել է, որ պատասխանողը 2022 թ․ դեկտեմբերի 1-ին ֆեյսբուքյան իր էջում (https://www.facebook.com/tehmine.yenoqyan/mibextid=LQQJ4d) հրապարակել է գրառում, որում «Երեկ կրկին վթարվել է ԶՊՄԿ-ի պոչամբար գնացող խողովակաշարը, կրկին աղտոտվել է Ողջի գետը» արտահայտությունը զրպարտություն է, իրականությանը չի համապատասխանում և արատավորում է կոմբինատի բարի համբավը։ Նշվել է, որ Թեհմինե Ենոքյանը դիտավորությամբ է տարածել ապատեղեկատվություն առ այն, որ տեղի է ունեցել «պոչամբարի վթար» (դատաքննության ընթացքում հայցվորի կողմից պատասխանողին վերագրվել է նաև «պոչամբարի պայթյուն» բառակապակցությունը), և այդ դիտավորությունը հիմնավորվում է նրանով, որ պատասխանողը նույնիսկ չի արձագանքել հերքում հրապարակելու մասին կազմակերպության դիմումին։

Թեհմինե Ենոքյանը առարկել է հայցի դեմ՝ պնդելով, որ հրապարակումը պաշտպանված է Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով, քանի որ վերաբերում էր հանրային գերակա շահի՝ բնապահպանական խնդրի։ Նա նշել է, որ անհրաժեշտ է հաշվի առնել հրապարակման նպատակը և իր անձը, մասնավորապես, որ ինքը լրագրող է, ակտիվ բնապահպան, գլխավորում է «Կանաչ Հայաստան» հասարակական կազմակերպությունը, մշտապես հետևում և ակտիվորեն արձագանքում է երկրի բնապահպանական խնդիրներին։ Պատասխանողը հայտնել է, որ մամուլից է տեղեկացել, որ 2022 թ․ նոյեմբերի 30-ին Սյունիքի մարզում աղտոտվել է Ողջի գետը, և իր մտահոգությունն է հայտնել ֆեյսբուքյան գրառմամբ։ Ըստ Ենոքյանի՝ իր այդ հրապարակմամբ նա նպատակադրված չի եղել թիրախավորել և զրպարտել ընկերությանը, այլ քննադատությունը վերաբերել է ՀՀ գլխավոր դատախազությանը, վերջինիս անգործությանը՝ կապված դեռևս 2019 թվականին կոմբինատի վթարված խողովակաշարերի առնչությամբ հարուցված քրեական գործի հետ։ Այդ գործը քննվում է արդեն մոտ հինգ տարի, և այդ կապակցութամբ «Կանաչ Հայաստան» ՀԿ-ն հարցում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն և ստացել պատասխան, որը հրապարակվել է ՀԿ-ի սոցիալական էջում։

Պատասխանողը նաև նշել է, որ գրառումը կատարելիս հիմնվել է տվյալ դեպքի վերաբերյալ համացանցում տեղ գտած մի շարք հոդվածների և տեսանյութերի վրա։ Մասնավորապես՝ 2022 թ․ նոյեմբերի 30-ին «Իրավատեր կապանցիներ» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջում հրապարակվել են տեսանյութեր, որտեղ այդ կազմակերպության անդամները դեպքը որակել են որպես վթար։ Բացի այդ, մի շարք լրատվական կայքերում հոդվածներ և տեսանյութեր են տեղադրվել «Սյունիքում Զանգեզուրի պղնձոմոլիբդենային կոմբինատի պոչամբարը պայթել ու գյուղն է լցվել» և նմանատիպ այլ վերնագրերով և, ըստ էության, խնդրո առարկա գրառումն այդ հրապարակումների վերարտադրությունն է։

Դատական քննությունը շարունակվում է։

Եզրահանգում

Խորհուրդը իր թիվ 80 և 87 փորձագիտական կարծիքներում անդրադարձել է իրավապաշտպանների և լրագրողների կողմից բնապահպանական խնդիրների բարձրաձայնելու հետ կապված իրավական հարցերին։ Թիվ 87 կարծիքի մեջ մասնավորապես նշվել է, որ նման քաղաքացիական գործերով դատարանները պարտավոր են հաշվի առնել այդ խնդիրներով զբաղվող անձանց կարգավիճակը, նրանց գործունեության բնույթը և նպատակը, ինչպես նաև՝ ուշադրություն դարձնել, որ զրպարտության կամ վիրավորանքի դեպքում ֆիզիկական անձանց ու առևտրային կազմակերպությունների իրավական պաշտպանության աստիճանը և բնույթը տարբերվում են։ Եթե ֆիզիկական անձի պարագայում վիրավորանքը կամ զրպարտությունը արատավորում է նրա արժանապատվությունը, ապա կազմակերպության դեպքում այդ բարոյական հարթությունը գոյություն չունի։ Կազմակերպությունը կարող է հայտարարել իր գործարար համբավն արատավորելու մասին, ինչը չունի անձնական կյանքի միջամտության լրջության այն աստիճանը, որը բնորոշ է ֆիզիկական անձին վիրավորելուն կամ զրպարտելուն (տե՛ս, նաև, Եվրոպական դատարանի վճիռը Ռեգնում ՍՊԸ-ն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 22649/08, 08/09/2020, կետ 66): Խորհուրդը գտնում է, որ նույնանման հանգամանքներ առկա են նաև սույն դատական գործում, և իր եզրահանգումներում հետևելու է վերը նշված սկզբունքներին։

Տվյալ դեպքում Թեհմինե Ենոքյանը բարձրաձայնել է բնապահպանական խնդիր, որը ներկայացնում է ընդհանուր հանրային հետաքրքրություն ու մտահոգություն։ Դա բխում է իր գործունեության էությունից։ Փաստերը ցույց են տալիս, որ հանքարդյունահանման ձեռնարկության թափոնների պոչամբարում իրապես ինչ-որ խնդիրներ ծագել են, քանի որ նույնիսկ կոմբինատը չի հերքել դա իր հայցում։ Ավելին, Թեհմինե Ենոքյանն իր առարկությունում վկայակոչել է մի շարք հանրային աղբյուրներ, որոնցում նշվել են, որ պոչամբարում ծագել են բնապահպանական խնդիրներ։ Այդ աղբյուրներից կատարված հրապարակումները նույնպես մինչև այժմ չեն հերքվել։ Այս լույսի ներքո ոչինչ չի հուշում, որ Թեհմինե Ենոքյանի կատարած գրառումը առերևույթ կամայական էր, զուրկ էր փաստական հիմքից, հետապնդում էր ձեռնարկությանը հեղինակազրկելու նպատակ։ Կարևոր է, որ գրառման մեջ հեղինակը չի նշել, որ տեղի է ունեցել «պայթյուն», ու անհասկանալի է, թե ինչու է ՓԲԸ-ն իր հայցում պնդել, որ պատասխանողը կատարել է նման հայտարարություն, որով էլ վնաս է հասցրել ընկերության հեղինակությանը։ Փաստական այս անճշտությունը հայցվորի օբյեկտիվության վերաբերյալ մտահոգության լուրջ պատճառ է։

Գրառումը համադրելով ներկայացված այլ տվյալների, հրապարակումների և հայտարարությունների հետ՝ կարելի է գալ եզրահանգման, որ Թեհմինե Ենոքյանը նպատակ է հետապնդել իրազեկել հանրությանը բնապահպանական խնդրի մասին, իսկ իրավիճակի իր գնահատականը ձևավորել է այլ աղբյուրների հրապարակումներից ստացված բավարար ու վերաբերելի փաստերի հիման վրա։ Կարևոր է նաև հաշվի առնել գրառման ոճը և բնույթը․ հրապարակումը հավասարակշռված է, դրանում բացակայում են կամայական, չափազանցված ու վիրավորական որակումներ։ Հեղինակն իր մտահոգությունները բխեցրել է կոնկրետ փաստից․ նախկինում ի հայտ եկած բնապահպանական խնդրի հիմքով հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է մոտ հինգ տարի՝ առանց որևէ արդյունքի։ Այս հանգամանքների լույսի ներքո առարկայական չէ, որ Թեհմինե Ենոքյանը չի արձագանքել հայցվորի՝ հերքում հրապարակելու պահանջին։ Ավելին՝ այս և Թեհմինե Ենոքյանի դեմ հանքարդյունաբերող ընկերությունների կողմից ներկայացված բազմաթիվ այլ հայցերը վերածվում են բնապահպանական թեմաներ լուսաբանող լրագրողին լռեցնելու ռազմավարական դատավարությունների։

Այսպիսով, հաշվի առնելով հրապարակման բնույթը, դրա հիմքում ընկած փաստերը, ինչպես նաև՝ հեղինակի անձն ու կարգավիճակը, մասնավորապես, որ տարիներ շարունակ զբաղվում է բնապահպանական խնդիրների բարձրաձայնմամբ, խնդրո առարկա գրառումը և դրա հեղինակը՝ Թեհմինե Ենոքյանը, գտնվում են Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 5-րդ հոդվածի 2-րդ կետի պաշտպանության տակ, և այդ առումով նա բարեխղճորեն օգտվել է արտահայտվելու ազատության իր իրավունքից։

 

 

Տեղեկատվական վեճերի խորհուրդ

Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) – Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ

Արա Ղազարյան – «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն

Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ

Արամ Աբրահամյան – «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Աշոտ Մելիքյան – Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ

Օլգա Սաֆարյան – Փաստաբան

Skip to content