Ծրագրեր

Ծրագրեր

67. ՏՎԽ կարծիք․ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

67. ՏՎԽ կարծիք․ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի

 Կարծիքի հրապարակման ամսաթիվ՝ փետրվարի 25, 2021թ.

Գործի հանգամանքները

2020 թվականի դեկտեմբերի 10-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասոււթյան դատարանը կայացրել է թիվ ԵԴ/0280/02/19 քաղաքացական գործով վճիռ ըստ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հայցի՝ ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի։ Դատարանը բավարարել է պետական մարմնի հայցը և որոշել, որ լրատվամիջոցը արատավորել է քրեակատարողական ծառայության բարի համբավը՝ օրաթերթի «Բարձիթողի վիճակ՝ ՔԿՀ-ներում. աշխատակիցները փող են աշխատում բանտախցի դռները բաց պահելու համար» 2018թ. դեկտեմբերի 12-ին հոդվածում զրպարտող հայտարարություններ տարածելով և պարտավորեցնել է օրաթերթին հրապարակել հերքում հետևյալ բովանդակությամբ․

««Ժամանակ» օրաթերթի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի «Բարձիթողի վիճակ՝ ՔԿՀ-ներում. աշխատակիցները փող են աշխատում բանտախցի դռները բաց պահելու համար» վերտառությամբ հրապարակումը եղել է ապատեղեկատվություն և չի համապատասխանում իրականությանը: «Ժամանակ» օրաթերթն անկեղծորեն զղջում է Քրեակատարողական ծառայության գործունեությունը ոչ հավաստի տվյալներով արատավորելու և անձնակազմին զրպարտելու համար՝ հայցելով վերջիններիս ներողամտությունը»:

Վճիռը չի բողոքարկվել և մտել է ուժի մեջ։

Վերլուծություն և եզրակացություն

Անկախ վեճի առարկա հոդվածի բովանդակությունից, Խորհուրդը մտահոգված է, որ սույն գործով դատական հայցը ներկայացվել է պետական մարմնի կողմից։ Պետական մարմինները պետք է հրաժարվեն վիրավորանքի և զրպարտության հիմքերով լրատվամիջոցների ու լրագրողների դեմ դատական հայցեր ներկայացնելուց։ Նման դատավարությունները ընդհանուր առմամբ բացասաբար են ազդում տեղեկություններ ու գաղափարներ տարածելու լրատվամիջոցների ազատության վրա, որն էլ վնաս է հասցնում տեղեկություններ ստանալու հանրային շահին։

ժողովրդավարական հասարակությունում կարևոր է, որ քաղաքացիները կարողանան անկաշկանդ քննադատել պետական և հանրային մարմիններին, իսկ վերջիններս պետք է բաց լինեն ցանկացած քննադատության առջև, դրսևորեն հանդուրժողականություն։ Այս խնդրին անդրադարձել է ՀՀ Սահմանադրական դատարանը ՍԴՈ-997 (ՍԴՈ-977 որոշում, կայացվել է 2011 թվականի նոյեմբերի 15-ին։ Որոշման տեքստը հասանելի է հետևյալ հղումով)  որոշմամբ՝ սահմանելով, որ անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն այլ անձանց արատավորող գործողություններից պաշտպանվում է բացառապես քաղաքացիաիրավական կարգավորման միջոցով, և «անձ» արտահայտությունը վերաբերելի չէ իշխանության մարմիններին որպես իրավաբանական անձ (ՏԵ՛ս որոշման տեքստում կետ 11, պարբ․ 3

Սահմանադրական դատարանի այս իրավական դիրքորոշումը աներկբա հիմք է, որ պետական մարմինները չհայցեն իրավական պաշտպանություն վիրավորանքից ու զրպարտությունից։ Թեև այս սկզբունքը չի ամրագրվել օրենքում, պետք է հիշել, որ Սահմանադրական դատարանի որոշումները օրենքից բարձր իրավական ուժ ունեն և դրանք պարտադիր են կատարման։ Ի վերջո, պետական մարմինները չպետք է հանրային ռեսուրսներն օգտագործելով՝ սահմանափակեն լրատվամիջոցների քննադատելու ազատությունը։ Քանի որ պետական մարմինները տիրապետում են մեծ ռեսուրսների, որոնք կարող են օգտագործել քննադատությունից պաշտպանվելու համար, այդ թվում՝ ոչ իրավական գործընթացներով, այդ հանգամանքը քաղաքացիներին անպաշտպան է դարձնում պետական մարմինների առաջ։

Եվրոպայի խորհրդի երկրներում ձևավորվել է կոնսենսուս, որ պետական մարմինները պետք է ձեռնպահ մնան վիրավորանքի և զրպարտության գործերով դատական հայցեր ներկայացնելուց։ Հայաստանի Հանրապետությունում նույնպես ձևավորվել է նման նման մոտեցում, և վերջին տասը տարվա ընթացքում պետական մարմինները խիստ հազվադեպ են ներկայացրել այդպիսի դատական հայցեր։ Եղել են նաև դեպքեր, երբ ներկայացված հայցերը հետ են վերցվել, և դատական վարույթները կարճվել են։ Խորհուրդը լիահույս է, որ սույն դատական գործը չի հանգեցնի պետական մարմինների կողմից լրատվամիջոցների դեմ դատական հայցեր ներկայացնելու պրակտիկայի ձևավորմանը։

Տեղեկատվական վեճերի խորհուրդ

Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) – Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ
Արա Ղազարյան – «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն
Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ
Արամ Աբրահամյան – «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Աշոտ Մելիքյան – Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ
Օլգա Սաֆարյան – Փաստաբան
Դավիթ Սանդուխչյան – Փաստաբան

Skip to content